Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ՌԴ ԱԳՆ-ն տհաճ անակնկալ է մատուցել Բաքվին

- in Միջազգային
Sergey Lavrov

ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղվել է նախարար Լավրովի ասուլիսին նախապատրաստված ու այդպես էլ չհնչած հարցի պատասխանը Արցախի հակամարտության մասին: Դրանում մասնավորապես ասվում է, որ թեեւ տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման հարցում՝ սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է, Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ Է գործում, սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել:

Հունվարի վերջին սպասվում է Մամեդյարով-Մնացականյան հանդիպում, հայտարարել է Ապշերոնյան վարչակարգի ԱԳ նախարար Մամեդյարովը: Արձագանքելով, Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»:

Այս էլ որերորդ անգամ Մամեդյարովը առաջ է ընկնում եւ հայտարարում սպասվող հանդիպման մասին: Ընդ որում, դա ուղեկցվում է սահմանին զինված սադրանքներով, ինչպես երեկ հայ զինծառայողի հրազենային վիրավորումը: Այդպիսով փորձ է արվում շարունակել շանտաժի պրակտիկան եւ ցույց տալ սեփական «գերակայությունը» բանակցային գործընթացում:

Ընդ որում, սադրանքները շարունակվում են նաեւ հանդիպումներից հետո, երբ Բաքուն հայտարարում է, թե առարկայական բանակցություններ են ընթանում, ինչը զարմանալիորեն լայն արձագանք է գտնում հայաստանյան որոշակի շրջանակների մոտ:

Մյուս կողմից, հանդիպումների շտապ ազդարարումն ավելի շուտ վկայում է նյարդային որոշակի իրավիճակի մասին: Բանն այն է, որ հայկական կողմի նոր մոտեցումների արդյունքում Բաքուն կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Մասնավորապես, թե Բաքուն, թե Մինսկի խմբի համանախագահները մինչ այժմ չեն պատասխանել պաշտոնական Երեւանի հարցադրումներին, որոնք վերաբերվում են այսպես կոչված կարգավորման սկզբունքների մեկնությանը:

Երեւանն այսպիսով կարողացել է կարգավորման գործընթացը հանել Բաքվի իրավունքների տրամաբանությունից, այդպիսով անիմաստ դարձնելով Բաքվի ավանդական մեթոդները:

Այս ֆոնին, ՌԴ ԱԳՆ-ն Մամեդյարով-Մնացականյան հավանական հանդիպումից առաջ տհաճ անակնկալ է մատուցում Բաքվին՝ հայտարարելով, որ առարկայական կամ բովանդակային հարցերում առաջ շարժվել չի հաջողվել, թեեւ վերջին անգամ հայկական կապիտուլյացիայի պլանով մաքոքային այցերին Լավրովը անորոշ ակնարկներ էր շռայլում այս հարցում:

Ի՞նչ է հայտարարելու Բաքուն հերթական հանդիպումից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments