Մասնավոր հատվածում զբաղվածների թիվն 9 ամսում ավելացել է 40 հազարով

- in Սոցիալական

Հայաստանում 2019 թվականի 9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածների թիվն ավելացել է 40 հազարով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունը, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ: Դրանցից 5 300-ը վերաբերում են մշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 4 300 աշխատատեղ ավելացել է կացության և հանրային սննդի ոլորտում»,-ասաց Խաչատրյանը:

2 300 աշխատատեղ է ավելացել նաև կապի և տեղեկատվության ոլորտում, 2 100 աշխատատեղ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և 2 700-ը՝ այլ ծառայություններում:

2020 թվականի համար կառավարությունը ներդրումների աճ է սպասում, այսօր հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դեռ նախորդ տարվա 9 ամիսների արդյունքներն են ամփոփված: Եվ 9 ամիսների արդյունքներով՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018 թվականի ընթացքում: Այսինքն՝ մենք 9 ամսվա կտրվածքով ունենք ավելի շատ դրամական միջոցներ, որոնք եկել են Հայաստան, քան գնացել են Հայաստանից: Բայց ուղղակի ներդրումների թիվը պակաս է եղել 60 մլն դոլարով:

Մյուս կողմից կա մեկ այլ ցուցանիշ՝ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշն է: Արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքի նկատմամբ մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ: Եվ սա ներառում է և պետության, և մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները: Կառավարությունը ծրագրային նպատակ սահմանել է ոչ պակաս, քան ՀՆԱ-ի նկատմամբ այս ցուցանիշի 25 տոկոս: Դա նշանակում է, որ մենք առաջիկայում պետք է անենք երկու բան՝ նախ պետք է ավելացնենք պետական ներդրումները, որովհետև ենթակառուցվածքներում պետական ծախսերը կարևոր ցուցանիշ են: Ենթակառուցվածքների որակը բարելավելով՝ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդյունավետ բիզնեսով զբաղվելու համար: Եվ դա իր հերթին նպաստում է նաև մասնավոր ներդրումների ցուցանիշի աճին»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ ներդրումների 2019 թվականի ցուցանիշը դեռևս այն չէ, որը կառավարության նպատակներում կա: Բայց, ըստ նրա, կառավարությունը վստահ է, որ 2020 թվականի ցուցանիշն արդեն էական տարբեր է լինելու նախորդ տարվանից: «Այսինքն՝ 2019-ին կլինի նույնկերպ, ինչպես եղել է 2018-ին ու 2017-ին, բայց 2020-ը կլինի արդեն ավելի լավ ներդրումային ցուցանիշով ամփոփոված տարի»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments