Մարգարիտա Սիմոնյանը և՞ս ճանաչում էր այդ ֆեյք օգտատիրոջը

- in Պնակալեզներ

Ֆեյք օգտատեր Դիանա Հարությունյանի ձերբակալությունը խիստ անհանգստացրել է Russia today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։

Վերջինս այդ ձերբակալությունը ներկայացրել է որպես մարդու իրավունքների, խոսքի ազատության կոպիտ խախտում, ավելին՝ տեղեկատվությանը կցել է հեգնական մեկնաբանություն. «Ինչպես եմ ես սիրում հեղափոխությունները»։

Մարգարիտա Սիմոնյանը, հիշեցնենք, մեկն է ռուսաստանահայ «մտավորականներից», որոնք վերջերս ստորագրել էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պահանջող հայտարարության տակ։

Եվ հիմա ի՞նչ է ստացվում՝ արդյոք Մարգարիտա Սիմոնյանը և՞ս ճանաչում էր այդ ֆեյք օգտատիրոջը, որն իրականում տղամարդ էր, և որի գրառումները տեղ են գտել ադրբեջանական մամուլում՝ փորձելով այդպիսով հարված հասցնել Հայաստանի անվտանգությանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց՝ քանի որ Russia today-ը շատ մոտ է ռուսաստանյան իշխանական շրջանակներին, ապա որոշ առումով այն կարող է պաշտոնական մոտեցման արտացոլում լինել. «Բայց դա պարտադիր չէ։ Լրատվամիջոցն իր առաքելությունը կատարելիս կարող է անդրադառնալ խնդրին, բայց ամբողջ բարդությունն այն է, որ Մարգարիտա Սիմոնյանը շատ թյուր պատկերացումներ ունի խոսքի ազատության, մարդու իրավունքների մասին՝ դատելով իր ղեկավարած Russia today-ի ներկայացրած պրոպագանդիստական գործունեությունից։ Շատ տարօրինակ է, որ Մարգարիտա Սիմոնյանն է խոսում Հայաստանում առկա խոսքի ազատության մասին, շատ ավելի արդյունավետ կլիներ իր լսարանի համար, եթե ինքն անդրադառնար, օրինակ, այնպիսի պետական մարմինների, ինչպիսին «Ռոսկոմնադզորն» է և նրա խայտառակ գործունեությունը, որը մեծ հաշվով ժամանակակից գրաքննող մարմին է»։

Ըստ Մելիքյանի՝ շատ հաճախ այդ գրաքննությունը նաև սուբյեկտիվ մոտեցումն է իրականացնում. «Առհասարակ ռուսաստանյան լրատվամիջոցները՝ մասնավորապես պետական ատյաններին մոտ գտնվողները չեն, որ հայաստանյան ներքին իրավիճակներին պետք է գնահատական տան»։

Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս թեթև մոտենալ այդ գնահատականներին: «Նրանք շարունակում են կատարել իրենց պրոպագանդիստական գործունեությունը, և դա որևէ աղերս չունի օբյեկտիվ գնահատականների հետ»,- եզրափակեց նա։

Կինոռեժիսոր, Հայաստանի Եվրոպական ընտրություն կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նշեց. «Մենք առաջին անգամ չէ, որ քննարկում ենք Մարգարիտա Սիմոնյանի դերը։ Ճիշտ այնպես, ինչպես ֆեյք օգտատեր Դիանա Հարությունյանը՝ մենք գործ ունենք մի ամբողջ երևույթի հետ, կեղծիքի խորհրդանիշ է։ Մարգարիտան անձ չէ, անուն չէ, խորհրդանիշ է, երբ հաստիքով քարոզիչը խոսում է խոսքի ազատության մասին՝ ծիծաղելի է։ Դա նույնն է, երբ փաստաթղթով պոռնիկը խոսի կուսությունից, բարոյականությունից։ Ամեն մեկը թող իր գործով զբաղվի»։

Խզմալյանի կարծիքով՝ Մարգարիտա Սիմոնյանի հերթական գլուխգործոցը ոչ թե լրագրության, այլ քարոզչության ժանրին է վերաբերում. «Նա կատարում է հստակ պատվեր՝ իջեցված ԿԳԲ-ից, Կրեմլից։ Դա սովորաբար կատարում են հայկական անունով քարոզիչները։ Չնայած չարժե պիտակներ դնել, բայց նրանք կատարում են հակապետական դեր՝ Հայաստանի դեմ։ Եվ բնավ կարևոր չէ՝ նրանք այսօր խոսում են Փաշինյանի, վաղն ուրիշի դեմ կխոսեն։ Խոսում են Հայաստանի անկախ պետականության դեմ, երբ Հայաստանը փորձ է անում դուրս գալ օտարի լծի տակից, մտածել, երբ Հայաստանը փորձում է անկախանալ՝ արժանանում է կատաղի գրոհի հենց հայկական ազգանուններով մարդկանց կողմից։ Մենք օրերս լսեցինք Կուրղինյանի վայրահաչոցը, որ Հայաստանն ու Արցախը կարող են գոյատևել միայն Ռուսաստանի հետ, Անդրանիկ Միհրանյանը, Մարգարիտայի ամուսին Քեոսայանը, որը կինոն թողել ու քարոզչությամբ է զբաղվում»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ այն հանգամանքը, որ դա անում են հայկական անուն-ազգանունով մարդիկ, տխրություն է պատճառում, բայց օգտակար է, չպետք է խաբվենք էթնիկ հնչեղությամբ ազգանուններով։ «Ինչպես ոմանք ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը, այնպես էլ այդ մարդիկ ավելի ռուս են, քան Վլադիմիր Պուտինը»,- եզրափակեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments