Մարգոն եւ «արյան ծով» Ստամբուլը. հայկական հեղափոխություն ՌԴ-ում

- in Վերլուծական

Ռուսական պաշտոնական պրոպագանդայի «թագուհի» Մարգարիտա Սիմոնյանը թվիթերյան գրառումով իր ուրախությունն ու ոգեւորությունն է հայտնել ՌԴ նոր վարչապետի նշանակման առիթով:

Նոր վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ մորական գծով ունի հայկական արմատներ: Բայց դա չէ թերեւս էականը՝ համենայն դեպս առայժմ: Էական է այն, թե Մարգարիտա Սիմոնյանը ինչ տոնայնությամբ է արձանագրել Միշուստինի նշանակման առիթով ուրախությունը:

Նա հայտարարել է, թե չգիտե անգամ, թե ում է պետք ավելի շատ շնորհավորել՝ Միշուստինին, թե Ռուսաստանին՝ որ նա նշանակվել է վարչապետ: Բայց դա ամենը չէ՝ «թվայնացում, հստակություն, ժամանակակից պրոֆեսիոնալիզմ, պարկեշտություն, օրինական գործունեության համար խոչընդոտների վերացում, նորարարական լուծումներ, համաշխարհային տեխնոլոգիաների նկատմամբ  բաց լինել», գրում է Մարգարիտա Սիմոնյանը:

Միշուստինը համակարգերի կառավարման, համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ է, որը 1992 թվականին իր հիմնադրած Միջազգային համակարգչային ակումբով դրել էր ռուսական եւ միջազգային համակարգչային տեխնոլոգիաների ինտեգրացիայի նպատակ: Բանն այն է, որ ղրիմյան ճգնաժամից եւ ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման քաղաքականությունից հետո Ռուսաստանը սկսեց փակվել բավականին լայն թափով, այդ թվում նաեւ տեխնոլոգիական առումով: Մարգարիտա Սիմոնյանն այդ քաղաքականության «հիմնավորման» պրոպագանդիստական առաջամարտիկներից էր, ու թերեւս շարունակում է հոգու խորքում մնալ մինչեւ այսօր:

Բայց, հոգու արդեն մակերեսին Մարգարիտան սկսել է թերեւս փոխվել, այժմ նա Ռուսաստանին շնորհավորում է Միշուստինի նշանակման եւ համաշխարհային տեխնոլոգիաներին բաց լինելու առիթով:

Դա իրապե՞ս այդպես է լինելու, եւ Պուտինը նահանջու՞մ է փակվելու պաշտպանական քաղաքականությունից, անշուշտ կերեւա հետագա գործընթացում: Այդ քաղաքականությունը չուներ որեւէ հեռանկար, մի շարք պատճառներով, եւ դրանից հրաժարվելը ՌԴ համար վաղ թե ուշ լինելու էր անխուսափելի: Սակայն դա հնարավոր է անել միայն առանց Պուտինի: Միեւնույն ժամանակ, Մարգոն եւ պրոպագանդայի մյուս աստղերն սկսել էին զգալ, որ փակվելու քաղաքականությունն աստիճանաբար առնչվելու է արդեն նաեւ իրենց: Քանի որ Պուտինը թերեւս լավ էր զգում, թե ինչ է կատարվում ռուսաստանցիների հետ, երբ նրանք տեղեկանում են, թե առավոտից երեկո Արեւմուտքին հայհոյող պրոպագանդիստները ինչ կյանք են կառուցում հենց նույն Արեւմուտքում, ձեռք բերելով անշարժ գույք, թանկարժեք զբոսանավեր, իրենց երեխաներին դարձնելով արեւմտյան երկրների քաղաքացիներ:

Այսպես թե այնպես, Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ունենալ շատ ավելի հետաքրքիր շարունակություն, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Պուտինն օրինակ Անկարայի հետ տարիների սիրախաղից հետո՝ երբ Ռուսաստանը հարմարվեց Թուրքիայի ակնկալած ամենատարբեր դիրքերով, միայն թե «սրտի սուլթանը» չհեռանա՝ ինչպես ռուսական Առաջին ալիքն էր սկսել «Իմ սրտի սուլթանը» հեռուստասերիալի ցուցադրությունը թուրք սուլթանի եւ ռուս հարճի սիրո մասին, այժմ հայտարարում է, որ նոր աշխարհակարգի մասին պետք է առաջնահերթ պայմանավորվեն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները: Թուրքիան չկա:

Միգուցե համաշխարհային տեխնոլոգիաների հանդեպ բաց լինելու առիթով Ռուսաստանին շնորհավորող Սիմոնյանը մի օր խոսի նաեւ ռուս-թուրքական պայմանագրի, դրանից ազատվելու անհրաժեշտության մասին, որեւէ առիթով: Եւ անգամ կոչ անի «Ստամբուլն արյան ծով դարձնել»: Չէ՞ որ մի քանի շաբաթ առաջ ամուսնու հետ ռեստորանում երգում էր «Զարթիր Լաո»: Թե՞ դա Մարգոյի առաստաղն է: Թեեւ առաստաղն ըստ ամենայնի որոշվում է Կրեմլում:

Ստամբուլը պետք չէ դարձնել «արյան ծով»: Այն ընդամենը պետք է «դարձնել» Կոստանդնուպոլիս, ինչից այդքան տագնապում է Էրդողանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments