Ներխուժում էին մարդկանց տներ, տանջամահ անում, սպանում. gazeta.ru-ն անդրադարձել է Բաքվի ջարդերին

- in Կեղտոտ լվացք
Migracia

Բաքվում 30 տարի առաջ այս օրերին ադրբեջանցի ծայրահեղականները ներխուժում էին մարդկանց տներ, տանջամահ էին անում, սպանում էին հայերին, էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներին:

Նրանք սպանում էին մարդկանց, որոնք անզեն էին և չէին կարողանում հակազդեցություն ցուցաբերել:Այս մասին նշված է gazeta.ru-ի ծավալուն հոդվածում, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվում Բաքվի ջարդերին:

«1990 թվականի հունվարի 12-ին Բաքվում սկսվում են հայերի նկատմամբ ջարդերը, հալածանքները: Անօրինական գործողություններ են կիրառվել նաև ռուսների, հրեաների, վրացիների և հույների նկատմամբ»,-գրված է հոդվածում:

Հրապարակման մեջ նշվում է, որ մինչ այդ դաժան օրերը, տարբեր գործիչների կողմից սադրանքի կոնկրետ գործողություններ էին իրականացվում: Նշվում էր, թե Ադրբեջանում բազմաթիվ աղքատներ կան այն դեպքում, երբ շատ հայեր ապրում են բարեկեցիկ պայմաններում. այս և նման այլ սադրանքներով մարդկանց հրահրում էին, որ բռնի գործողություններ իրականացնեն հայերի նկատմամբ:

1990 թվականի հունվարի 13-ին հայերի նկատմամբ ջարդերը ստանում են զանգվածային բնույթ: Մարդկանց մեծ խմբեր «Կեցցե Բաքուն առանց հայերի» կարգախոսներով բողոքի ցույցեր էին անցկացնում և խոստանում մաքրել Բաքուն հայերից: Հոդվածագիրը մեջբերում է բրիտանացի լրագրող Թոմաս Դը Վաալի խոսքերն այն մասին, որ Բաքվի ջարդերը պետք չէ դիտարկել Սումգայիթի զանգվածային սպանություններից առանձին:

Հեղինակը հոդվածում ներկայացնում է բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչ առանձնակի դաժանություններ են գործադրվել մարդկանց նկատմամբ, միայն նրա համար, որ նրանք հայ են:

«Մի շարք ջարդեր իրականացվել են առանձնակի դաժանություններով: Հունվարի 14-ին 30-40 հոգուց բաղկացած մարդկանց մի խումբ ներխուժում է տարեց Թորոսյանների ընտանիք: Այնտեղ եղել են նրանց բարեկամները ևս, որոնք նույնպես տարեց էին: Հանցագործները ծեծի են ենթարկել բոլորին, վերցրել են նրանցից 3.5 հազար ռուբլի գումար, բռնի ուժով դուրս են բերել բակ և բենզինով այրել»,-այս մասին իր «Անկում» գրքում գրել է հրապարակախոս Կիրիլ Ստոլյարովը:

Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: 1990թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:

Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր:

Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...