Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, 2008թ․ մարտյան ներքաղաքական իրադարձությունների օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ցուցմունքը։

Մինչև Մարտի 1-ի հայտնի իրադարձությունները, նույն թվականի փետրվարի 19-ին տեղի են ունեցել ՀՀ նախագահի ընտրությունները, և ընտրություններին մասնակցել են երեք թեկնածուներ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, այն ժամանակվա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ինքնաառաջադրված թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանը։ Ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ 2008թ․ նախագահական ընտրությունների ժամանակ իրավիճակը լարված էր։ Փետրվարի 19-ին կայացան նախագահական ընտրությունները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը, որը, իմ հիշելով, հավաքել էր ընտրողների ձայների 50 տոկոսից մի քիչ ավելի։ Դեռ ընտրություններից անմիջապես հետո, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն՝ հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցների հետ սկսեց բողոքի ակցիաները, որոնք տեղի էին ունենում Ազատության հրապարակում։ Հրապարակում, հանրահավաքներից բացի, տեղի էին ունենում նաև նստացույցեր։ Հիշելով, եթե չեմ սխալվում, հանրահավաքների ժամանակ հայտարարում էին, որ ընտրություններում հաղթող է ճանաչվել Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը և, եթե հաղթող են ճանաչել Սերժ Սարգսյանին, ապա կատարվել են կեղծիքներ, ուստի դիմումներ էին այդ կապակցությամբ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իմ հիշելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանն էին միացել նաև մի քանի պատգամավորներ՝ Սեյրան Սարոյանը, Կարապետ Կարապետյանը, Մանվել Ղազարյանը, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Խաչատրյանն ու Խաչատուր Սուքիասյանը։ Շարժմանն էին միացել նաև երկու ՊՆ փոխնախարարներ՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը։ Իմ հիշելով՝ նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտոնական այցով և փետրվարի 22-ին, թե 23-ին վերադարձավ Հայաստան և խորհրդակցություն հրավիրեց նախագահական նստավայրում, սակայն թե ինչ է քննարկվել այդ խորհրդակցությունում՝ տեղյակ չեմ։ Դա իմ պաշտոնի հետ որևէ կապ չի ունեցել, և ես ինքս բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե դա ինձ չի վերաբերում, ապա հետաքրքրություն չեմ դրսևորում և չեմ հետաքրքրվում։ Նշեմ նաև, որ ամեն շաբաթ՝ ուրբաթ օրը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ, և այդ շրջանում հանդիպման ժամանակ խոսել և քննարկել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր աշխատանքների մասին, Ազգային ժողովում առաջնահերթ հարցերի քննարկման մասին և քաղաքում տիրող իրավիճակի մասին։ Այդ հանդիպման ժամանակ ընդհանուր քննարկումներ են եղել, և ոչ ավելին։ Մեր խոսակցությունները միշտ եղել են գործնական, դրանք երբեք անձնական բնույթի խոսակցությունների ֆոնին չեն անցել։ Այդ ընթացքում Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը գնալով շատանում էր, և հավաքվում էր մեծ բազմություն։ Արդեն Մարտի 1-ի առավոտյան, սովորականի պես ժամը 08․30-ի սահմաններում, գնացել եմ Ազգային ժողով։ Ես այդ ժամանակ՝ պաշտոնիս հետ կապված, ընտանիքիս հետ բնակվել եմ կառավարական առանձնատանը։ Հասնելով աշխատանքի վայր, ինչպես ամեն օր, ծանոթացել եմ մամուլի հրապարակումներին, որտեղից էլ տեղեկացել եմ, որ առավոտյան կանուխ, ժամը կոնկրետ չգիտեմ, Ազատության հրապարակից ոստիկանական ուժերն ուժի կիրառմամբ հեռացրել են ցուցարարներին։ Դրանից հետո տեղեկացա, որ ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի արձանի մոտ, և ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև բախումներ են եղել, կան տուժած քաղաքացիներ և ոստիկաններ։ Արդեն օրվա երկրորդ կեսին, ժամը հստակ չեմ հիշում, իմ աշխատասենյակ է զանգահարել Ռոբերտ Քոչարյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում նա ասաց, որ իրավիճակը գնալով բարդանում է, չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, և կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Դրանից հետո նաև ասաց, որ անգամ կարող է անհրաժեշտ լինել արտակարգ դրություն մտցնել։ Ասաց, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ պատրաստվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր, որը կարող է ուղարկել ինձ ծանոթանալու համար։ Զրույցի ընթացքում հայտնել է նաև, որ ինքը չի ուզում, որ արտակարգ դրություն մտցվի, բայց կարող է այդ ընթացքում անհրաժեշտություն առաջանալ, որ այն մտցվի։ Կարճ ժամանակ անց, մեկ ժամ չանցած, առձեռն իմ աշխատասենյակ են բերել ծրարված վիճակում հրամանագրի նախագիծը։ Ես կարդացել և ծանոթացել եմ նախագծին, որից հետո զանգահարել եմ Ռոբերտ Քոչարյանին և հայտնել իմ կողմից առաջ քաշված երեք նկատառումները։ Ներկայումս հիշում եմ իմ կողմից առաջ քաշված նկատառումներից միայն մեկը, որն էլ վերաբերել է կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր սահմանափակմանը։ Մյուս երկու նկատառումները ներկայումս չեմ հիշում, թե ինչին են վերաբերել, հրամանագրի որ կետերին են դրանք առնչվել։ Սակայն ինչպես երևում է հրամանագրի վերջնական տեսքից, որն էլ հրապարակվել է, իմ նկատառումը կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր սահմանափակման մասով չի ընդունվել։ Հնարավոր եմ համարում, որ հրամանագրի այն օրինակը, որը նախագահն առձեռն ուղարկել էր ինձ, դեռ պահպանված լինի իմ փաստաթղթերում, որոնք ես պահում եմ իմ տանը։ Խոստանում եմ տանը նայել և գտնելու դեպքում այն ներկայացնել։ Դրանից հետո՝ ժամը 22-ի սահմաններում, ինձ կրկին զանգահարել է Ռոբերտ Քոչարյանը և հայտնել, որ, ցավոք սրտի, բախումների արդյունքում զոհ ունենք և ստիպված է հիմա ստորագրելու «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը, և այն ստորագրելուց անմիջապես հետո ուղարկելու է Ազգային ժողով։ Զրույցի ընթացքում զոհի վերաբերյալ ճշգրտումներ չեն եղել, չեմ հստակեցրել, թե քաղաքացիական անձանց շրջանում ունենք զոհ, թե ոստիկանության աշխատակիցներից։ Ներկայումս չեմ հիշում և չեմ կարող ասել, թե մինչ այդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցե՞լ է ՀՀ վարչապետի հետ, թե՞ ոչ, չեմ հիշում նաև, թե նա այդ մասին ինձ որևէ բան ասե՞լ է, թե՞ ոչ։ Բայց գործող Սահմանադրության և ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը պետք է արտակարգ դրություն հայտարարելուց առաջ խորհրդակցի ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ։ Ժամը 23․00-ի սահմաններում Ազգային ժողով է մուտքագրվել ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի փաթեթը, որով էլ հրամանագիրը ներկայացնելու համար ՀՀ նախագահի անունից լիազորվել էր ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։ Իմ հիշելով՝ հրամանագիրը բերվել է Ազգային ժողով և հանձնվել աշխատակազմի ղեկավարին նախագահի աշխատակազմից։ Հրամանագրի փաթեթը ստանալուց անմիջապես հետո հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանջյանին իրավունքի ուժով հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և կանչել բոլոր պատգամավորներին նիստին մասնակցելու համար։ Դրանից հետո կազմակերպվել է արտահերթ նիստը, որին մասնակցած պատգամավորների թվաքանակը ներկայումս չեմ հիշում, բայց կարող եմ ասել, որ քվորումն ապահովվել է։ Մինչև հատուկ նիստով օրակարգում դրված հարցի՝ արտակարգ դրության հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի քննարկումը, որոշում է կայացվել նիստը դռնփակ անցկացնելու մասին, սակայն նշեմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նիստերը դռնփակ են անցկացվում, եթե այդ մասով առկա է եղել առաջարկություն, առաջարկության ուժով այդ հարցը դրվում է քվեարկության, և քվեարկության արդյունքում նիստը կայացել է դռնփակ վիճակում։ Դռնփակ նիստն անցկացվում է առանց լրագրողների և առանց հեռարձակման, նիստի ընթացքում կատարվում է սղագրում, որն օգտվում է գաղտնիության ռեժիմից։ Քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել նիստը վարել դռնփակ։ Սկզբում ելույթ է ունեցել ՀՀ նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, որը ներկայացրել է հրամանագիրը։ Գևորգ Դանիելյանի զեկույցից հետո պատգամավորները հերթագրվել և հարցեր են տվել զեկուցողին։ Դրանից հետո ելույթ են ունեցել պատգամավորները, իսկ վերջում եզրափակիչ ելույթով հանդես է եկել Գևորգ Դանիելյանը։ Նշեմ, որ ես նույնպես ելույթ եմ ունեցել։ Իմ ելույթում ես ցավ եմ հայտնել, որ քաղաքական գործընթացի ժամանակ զոհեր կան, համարել եմ դա անթույլատրելի, համարել եմ, որ բոլոր խնդիրները պետք է ժամանակին լուծել, որ դրանց կուտակումները չբերեն անցանկալի հետևանքների և հույս եմ հայտնել, որ արտակարգ դրության կիրառումը թույլ չի տա, որ որևէ զոհ ավելանա, քանի որ ամեն մի մարդու կյանքը թանկ է ցանկացած քաղաքական նպատակից։ Ասել եմ նաև, որ չի կարելի քաղաքական հարցերը լուծել ոչ քաղաքական մեխանիզմներով։ Կարճ և ամփոփ սա է եղել իմ ելույթի բովանդակությունը։ Քանի որ պատգամավորներից որևէ մեկը չի ներկայացրել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը չեղյալ ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, ուստի հրամանագիրն արժանացել է հավանության, և հատուկ նիստն ավարտվել է։ Նման դեպքերում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հատուկ նիստի օրակարգում արտակարգ դրություն հայտարարելու մասին միջոցառումների ծրագիրը քննարկվել է առանց քվեարկության։ Հատուկ նիստից կարճ ժամանակ անց ՀՀԿ խմբակցությունը ստորագրահավաքի միջոցով հրավիրել է արտահերթ նիստ՝ Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունելու համար։ Հայտարարություն ընդունելու համար նախաձեռնված ստորագրահավաքին ես չեմ մասնակցել և չեմ ստորագրել, քանի որ համարել եմ, որ լրացուցիչ նիստ հրավիրելու և հայտարարություն ընդունելու կարիք չկա։ Այդ հայտարարությունն ինքնին քաղաքական հայտարարություն էր, որով ներկա պատգամավորները քվեարկությամբ անհրաժեշտ և իրավաչափ համարեցին ՀՀ նախագահի 2008թ․ մարտի 1-ի հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Արդեն լուսադեմին մոտ էր, երբ ես դուրս եմ եկել ԱԺ շենքից և գնացել տուն։ Արտակարգ դրությամբ 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն մտցվեց Երևան քաղաքում, որը, սակայն, վաղաժամ, իմ հիշելով՝ մարտի 14-ին, ՀՀ նախագահի կողմից մեկ այլ հրամանագրով այն չեղյալ է ճանաչվել։ Ավելացնելու այլ բան չունեմ, եթե կան հարցեր, պատրաստ եմ պատասխանել դրանց, չնայած, որ անցել է ավելի, քան 10 տարի ժամանակահատված։ Խնդրում եմ դա հաշվի առնել՝ թե՛ հարցերը տալուց, թե՛ իմ պատասխանների դեպքում։

Հարց- Դուք Ձեր ցուցմունքում հիշատակեցիք 2008թ․ փետրվարի 23-ին ՀՀ նախագահի նստավայրում զինվորական բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության մասին։ Նշեմ նաև, որ քննությամբ պարզվել է, որ նույն օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաև ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ։ Այդ կապակցությամբ Ձեր ունեցած տեղեկատվությամբ ովքե՞ր են մասնակցել, ո՞րն էր այդ հանդիպումների անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տվել, ՀՀ Զինված ուժերի կատարմանն ի՞նչ խնդիրներ են առաջադրել։

Պատասխան- Չէ, իսկապես, ես այդ բաների նկատմամբ հետաքրքրություն չեմ ունեցել, դա ինձ չի հետաքրքրել։ Շատ մարդիկ նման բաների նկատմամբ հետաքրքրություն ցույց են տալիս, իսկ ես այդպիսի մարդ չեմ։ Ինձ հետաքրքրում են միայն իմ լիազորությունների շրջանակներում կատարվող իրադարձությունները։

Հարց- Դուք ծանո՞թ եք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ․ փետրվարի 23-ին ստորագրած թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը, եթե այո, ապա հայտնեք, թե ի՞նչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ի՞նչ խնդիրներ էին լուծվում։

Պատասխան- Բացարձակապես տեղյակ չեմ եղել, միայն վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումներից եմ տեղեկացել, որ նման հրաման է գոյություն ունեցել։

Հարց- Ի՞նչ կասեք 2008թ․ տեղի ունեցած իրադարձություններում բանակի ներգրավման մասին։

Պատասխան- Իմ կարծիքով՝ բուն Մարտի 1-ի գործընթացներին բանակը որևէ մասնակցություն չպետք է ունենար, քաղաքական գործընթացներին բանակը չպետք է ներքաշվի։ Կոնկրետ հարցի կապակցությամբ կարող եմ ասել, որ իմ տեղաշարժը քաղաքում շատ հազվադեպ է եղել, քանի որ ի պաշտոնե շատ ծանրաբեռնված եմ եղել և բանակի ներգրավման կոնկրետ դեպքերի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ուղղակի հիմա չեմ մտաբերում, որ քաղաքի որևէ հատվածում զինվորականներ տեսած լինեմ, չեմ հիշում։ Ուշ ժամի դուրս եմ եկել աշխատանքի վայրից հոգնած, գնացել եմ տուն, ամբողջ օրը գտնվել եմ աշխատանքի վայրում և շատ ծանրաբեռնված եմ եղել։

Հարց- Խնդրում եմ ժամանակագրական առումով հնարավորինս հստակեցնել, թե երբ է ՀՀ Ազգային ժողով մուտք եղել ՀՀ նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, և ե՞րբ է գումարվել հատուկ նիստ։

Պատասխան- Հրամանագիրը մուտքագրվել է ժամը 23․00-ի սահմաններում, որից հետո իմ կողմից կարգադրվել է տեղեկացնել բոլոր պատգամավորներին, և երկու ժամվա ընթացքում նիստը կայացել է։ Այդ ամենի մասին հուզող հարցերի պատասխանները կարող եք գտնել Ազգային ժողովում, քանի որ այդ ամենը համապատասխան ձևով փաստաթղթավորվել է։

Հարց- ՀՀ նախագահի 2008թ․ մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Դուք Ձեր ցուցմունքում այդ մասին որևէ հիշատակում չարեցիք, ուստի խնդրում եմ մանրամասնել այդ կապակցությամբ տեղի ունեցած հանգամանքները, մասնավորապես, Դուք նշեցիք, որ, ծանոթանալով հրամանագրի նախագծին, զանգահարել եք Ռոբերտ Քոչարյանին և երեք նկատառում հայտնել հրամանագրի տեքստի կապակցությամբ։ Ցուցմունքում մեջբերեցիք, որ նկատառումներից մեկը հանդիսացել է կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցումը, իսկ մյուս երկու նկատառումները չկարողացաք վերհիշել։ Արդյո՞ք Ձեր կողմից առաջ քաշված մյուս երկու նկատառումները եղել են բանակի ներգրավման հարցի կապակցությամբ։ Բացի դրանից՝ հատուկ նիստի ընթացքում թե՛ ձեր, թե՛ հատուկ նիստին մասնակցող պատգամավորների կողմից ի՞նչ հարցեր են բարձրաձայնվել արտակարգ ռեժիմի իրավական ապահովման խնդրի լուծումը նաև պաշտպանության նախարարության վրա դնելու հանգամանքի շուրջ, արդյո՞ք այդ մասով առարկություններ չեն եղել նիստի ընթացքում, այդ թվում նաև բանավոր կարգով։

Պատասխան- Անկեղծ ասած, ես հիմա չեմ մտաբերում, թե ինչին են վերաբերել իմ կողմից առաջ քաշված մյուս նկատառումները։ Հիմա, տեսեք, սահմանափակումները, որոնք կետերով թվարկված են հրամանագրում, իմ կարծիքով, դրանցից որևէ մեկը բանակի հետ առնչություն չունի, այսինքն՝ այս մասով արտակարգ դրության իրացումը որևէ առնչություն չունի բանակի հետ։ Չեմ կարող մտաբերել՝ դա եղե՞լ է նախագահի հետ այս հրամանագրի խոսակցության մի մասը, այսինքն՝ իր բացատրության արդյունքը, թե՞ ինքս եմ այդ եզրակացության եկել, որ բանակն այստեղ հիշատակվում է իր բուն գործառույթներն իրականացնելու հետ կապված արտակարգ իրավիճակի պայմաններում և որևէ կապ չունեն հրամանագրում նշված սահմանափակումների կետերի հետ։ Բանակի բուն գործառույթ ասելով՝ նկատի ունեմ երկրի անվտանգության ապահովումը։

Հարց- ՀՀ նախագահի 2008թ․ մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով արտակարգ դրություն հայտարարված տարածքում սահմանվել են հետևյալ սահմանափակումները․ ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում, առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում, արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում, արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով։ Նշված սահմանափակումների, այսինքն՝ հրամանագրի իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Տվյալ համատեքստում խնդրում եմ պարզաբանել Ձեր կողմից նախորդ հարցադրմամբ տրված պատասխանը, որ բանակի բուն գործառույթ ասելով՝ նկատի ունեք երկրի անվտանգության ապահովումը։

Պատասխան- Այսինքն՝ այս հրամանագիրը ես ընկալում եմ և ընկալել եմ այնպես, որ այստեղ բանակի հիշատակումը չի վերաբերում սահմանափակումների թվարկմամբ ձևակերպված կետերին, այլ դա վերաբերում է ածանցյալ ինչ-որ միջոցառումներին, որոնք բուն բանակի գործառույթներին են վերաբերում, բայց թելադրված են արտակարգ դրության ռեժիմով։

Հարց- Դուք տրված հարցին, ըստ էության, և հարցադրման պարզման ենթակա հանգամանքի շուրջ պարզաբանում չտվեցիք։ Խնդրում եմ պատասխանել կոնկրետ հարցադրմանը, այլ ոչ թե պատասխանել ենթադրաբար՝ ածանցյալ ինչ-որ միջոցառումներ վկայելով։ Նշված հրամանագրում Ձեր կողմից նշված պատճառաբանությունների մասին ոչինչ չկա նշված, ավելին՝ հրամանագրով հստակ սահմանված են ժամանակավոր սահմանափակումները և այդ սահմանափակումների ապահովման իրավական ռեժիմը վերապահվել է նաև պաշտպանության նախարարությանը, և դրանում ոչ մի խոսք չի գնում Ձեր կողմից առաջ քաշված ածանցյալ ինչ-որ միջոցառումների մասին, և ի՞նչ նկատի ունեք «ածանցյալ ինչ-որ միջոցառումներ» ասելով, կպարզաբանե՞ք։

Պատասխան- Երբ ես կարդացել եմ այդ փաստաթուղթը, անկեղծ, դա եմ ընկալել, ինչի մասին արդեն ասացի։ Իսկ թե եղել են այլ պատգամավորների կողմից առարկություններ արտակարգ դրության պայմաններում բանակի ներգրավման մասով, չեմ հիշում, այդ ամենը կարելի է հստակեցնել ԱԺ հատուկ նիստի սղագրություններով։

Հարց- 2008թ․ գործող ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ՀՀ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում (․․․)։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված է, որ ՀՀ նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում Զինված ուժերի օգտագործման մասին։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ ՀՀ նախագահը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։ 2008թ․ դրությամբ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «զ» կետի համաձայն՝ ՀՀ նախագահը որոշում է ընդունում Զինված ուժերի օգտագործման մասին և տալիս է ռազմական գործողություններ վարելու՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամաններ։

Ինչպես հետևում է Սահմանադրության նշված դրույթներից, Զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրություն հայտարարելու դեպքում, իսկ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում՝ ոչ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներից ելնելով է Զինված ուժերն իր զինտեխնիկայով տեղափոխվել Երևան և օգտագործվել արտակարգ դրության ռեժիմում։ Նման հարց Ձեզ մոտ չի՞ առաջացել, երբ ծանոթացել եք առձեռն ուղարկված հրամանագրի նախագծին, և արդյ՞ոք նման հարց չի առաջացել Ձեզ մոտ կամ որևէ այլ հատուկ նիստին մասնակցող պատգամավորի մոտ, և նման առարկություն առաջ չի քաշվել։ Տեղին է նաև նշել նախորդ հարցադրման մեջ Ձեր կողմից տրված պատասխանը, որով Դուք նշեցիք, մեջբերում եմ բառացիորեն․ «Այսինքն՝ այս հրամանագիրն ես ընկալում եմ և ընկալել եմ այնպես, որ այստեղ բանակի հիշատակումը չի վերաբերում սահմանափակումների թվարկմամբ ձևակերպված կետերին, այլ դա վերաբերում է ածանցյալ ինչ-որ միջոցառումներին, որոնք բուն բանակի գործառույթներին են վերաբերում, բայց թելադրված են արտակարգ դրության ռեժիմով»։

Պատասխան- Այո, կարծում եմ, որ բանակը որևէ անելիք չի ունեցել անելու արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրով նշված ժամանակավոր սահմանափակումների մասով։ Ցանկանում եմ նշել, որ հրամանագրի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկման ժամանակ ես ընկալել եմ, որ հրամանագրում թվարկված սահմանափակումների կետերի ապահովումը ոստիկանության պարտականությունն է, իսկ պաշտպանության նախարարության հիշատակումը վերաբերում է այլ խնդիրների, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարության գործառույթներին։

Հարց- Դուք, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, օրինաստեղծ գործունեության ընթացքում օրենքների նախագծերի մշակմանը մասնակցե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Պատգամավոր եղել եմ ընդհանուր 13 տարի, որի ընթացքում հեղինակ, համահեղինակ և մասնակից եմ եղել բազմաթիվ օրենքների նախագծերի մշակմանը։

Հարց- Նման պայմաններում Ձեզ եմ ներկայացնում ՀՀ նախագահի 2008թ․ մարտի 1-ին հրապարակված «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը և խնդրում եմ պարզաբանել․ դրանում առկա ձևակերպումների շրջանակում ի՞նչ գործառույթ է նախատեսված ՀՀ պաշտպանության նախարարությանը, և արդյո՞ք դրանում առկա ձևակերպումներով հաստատվում կամ ենթադրվում է Ձեր կողմից նշված՝ (․․․) պաշտպանության նախարարության հիշատակումը վերաբերում է այն խնդիրներին, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարության գործառույթներին։

Պատասխան- Իմ կարծիքն եմ ասում՝ հրամանագրում պաշտպանության նախարարությանը որևէ ֆունկցիա վերապահված չկա և չէր կարող լինել, քանի որ նախատեսված կետերը բանակի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված գործառույթների հետ որևէ կապ չունեն։ Իսկ ինչ վերաբերում է իմ պատասխանին, որը Դուք վկայակոչեցիք հարցադրման մեջ, ապա նման ձևակերպում կամ վկայում այդ մասին հրամանագրում չկա։ Բայց հրամանագրի 3-րդ կետում նշված «Ռեժիմի ապահովում» արտահայտությունը, իմ կարծիքով, ավելի լայն հասկացություն է, քան ժամանակավոր սահմանափակումների իրականացումը, իմ ենթադրությունն այդտեղից է բխում։

Հարց- «Ազատություն ռադիոկայան» լրատվական կայքին 12․05․2011թ․ տված Ձեր հարցազրույցում նշել եք․ «Բնականաբար, բանակի մասին խոսք չի գնացել, և չէր կարող խոսք լինել, որովհետև արտակարգ դրությունը չի ենթադրում բանակի օգտագործում։ Բանակի ներգրավումը որևէ տեղ, որևէ ժամանակ, որևէ կապ չունի խորհրդարանի հետ, առավել ևս՝ եթե խնդիրը պատերազմին չի վերաբերում։ Միայն պատերազմի դեպքում է, որ խորհրդարանը համապատասխան արձագանք պիտի անի»։ Փաստացի, Դուք նշված հարցազրույցի ժամանակ ընդունել եք, որ բանակն իրավունք չի ունեցել ներգրավվելու արտակարգ դրության ռեժիմով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Շնորհակալ եմ իմ տված հարցազրույցից այդ մեջբերումը հիշեցնելու համար։ Դա ցույց է տալիս, որ ես, ինչպես այդ ժամանակ եմ ասել, նույն կարծիքին եմ նաև այսօր, և հենց այս տեսակետից ելնելով էի ասում, որ հրամանագրում նշված սահմանափակումները բանակի հետ կապ չունեն և չպետք է ունենան։ Ես այդպես եմ մտածել և այդպես եմ մտածում, միգուցե և իմ ենթադրությունը սխալ է եղել։ Հրամանագրի քննարկման ժամանակ ինձ միայն մի բան էր հուզում, որ նոր զոհեր չլինեն, այլ բանի մասին չեմ մտածել և իմ ելույթով կոչ եմ արել կողմ լինել և աջակցությունը հայտնել նախագահի հրամանագրին, քանի որ զոհերից խուսափելու համար այլ ճանապարհ չէր մնում։ Ես հիմա էլ համոզված եմ, որ կարևոր էր այդ ողբերգական գործընթացը դադարեցնել, հանդարտվեր իրավիճակը, և նոր քաղաքական գործընթացներով լուծել քաղաքական խնդիրները։

Հարց- ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում որքանո՞վ եք տիրապետել ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթներին։

Պատասխան- Կանոնակարգ օրենքին տիրապետել եմ 100 տոկոսով, Ազգային ժողովում ոչ ոք իմ չափ չի տիրապետել այդ օրենքին և, եթե պատգամավորը լիարժեք չի տիրապետում այդ օրենքին, չի կարող լինել ԱԺ նախագահ։

Հարց- ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում Զինված ուժերի օգտագործման մասին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին։

Նշված հոդվածով հստակ սահմանված է արտակարգ դրության և ռազմական դրության ռեժիմներով քննարկվող միջոցառումների ծրագրերի շրջանակը, որպիսի պայմաններում հստակ տարանջատված է, որ Զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրություն հայտարարելուց հետո։ Եթե Դուք, ինչպես նշեցիք, լիարժեք տիրապետել եք ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթներին, ապա Ձեզ համար պարզ չի՞ եղել, որ արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով Զինված ուժերի օգտագործումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը։

Պատասխան- Իհարկե, ես կարծում եմ, որ Զինված ուժերի օգտագործումը հրամանագրում նշված սահմանափակումների իրականացման հետ կապված չպետք է լինի։ Չեմ բացառում, որ ես նախագահին հարցրած լինեմ հրամանագրում բանակի հիշատակման վերաբերյալ, ուղղակի ներկայումս չեմ հիշում։

Հարց- Ձեր ունեցած տեղեկություններով կամ որպես ականատես՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո փաստացի ի՞նչ միջոցառումներ և գործառույթ է իրականացրել բանակը արտակարգ դրություն հայտարարած տարածքում՝ Երևան քաղաքում։

Պատասխան- Տեղյակ չեմ, թե ինչ գործողություններ կամ ինչ միջոցառումներ է իրականացրել, չեմ մտաբերում։ Ներկայումս չեմ հիշում՝ քաղաքում Զինված ուժերի զինծառայողների տեսե՞լ եմ, թե՞ ոչ։

Հարց- Դուք ցուցմունքով հայտնեցիք, որ չի կարելի քաղաքական հարցերը լուծել ոչ քաղաքական մեխանիզմներով։ Ի՞նչ եք նկատի ունեցել այդ ամենն ասելով։

Պատասխան- Եթե քաղաքական գործընթացների ժամանակ զոհեր են լինում, դա նշանակում է, որ քաղաքական մեխանիզմները չեն աշխատում պետությունում կոնկրետ այդ պրոցեսի մեջ։