Մարտի 1-ի վտանգավոր եզրագիծ. ինչի առաջ են դրել Հայաստանը

- in Կեղտոտ լվացք

Հունվարի 21-ին դարձյալ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի դատավարությունը, նրանցից մեկի՝ Արմեն Գեւորգյանի պաշտպանի բացակայության պատճառով:

Հայաստանի պատմության ամենաաղմկոտ գործերից մեկի դատավարությունն այդպես էլ չի մեկնարկում, անընդհատ ձգվելով կամ հետաձգվելով տարբեր պատճառներով: Ընդ որում, հարկ է նկատել, որ պատճառների գերակշռող մասը, եթե ոչ բոլորը, մեղադրյալների տիրույթից են, թեեւ հենց նրանք են դժգոհում դատավարության ձգձգումից:

Մինչդեռ, դատավարության բովանդակային գործընթացը Հայաստանի համար ունի ահռելի նշանակություն հանրային համակեցության եւ ներքաղաքական հեռանկարների ֆիլտրացիայի տեսանկյունից: Որովհետեւ խոսքը վերաբերում է մի իրադարձության եւ գործընթացի, որը Հայաստանի նորագույն պատմության ոչ միակ արյունալի, սակայն թերեւս իր բնույթով ամենացավագին ողբերգությունն է:

Մարտիմեկյան ողբերգության առանցքային հանգամանքն այն է, որ մարդ է սպանել այդ մարդկանց պետությունը: Համենայն դեպս առերեւույթ, համենայն դեպս քանի դեռ ապացուցված կամ բացահայտված չէ այլ բան:

Եվ որքան էլ հանրության ճնշող մեծամասնությունը պետությունը համարում էր զավթված, համարում էր իշխանությունը խլված, յուրացված, պետությունը նույնացնում էր իշխող հանցավոր համակարգի հետ կամ այդ համակարգն էր նույնացրել իրեն ու պետությունը, միեւնույն է, կա չափազանց լուրջ խնդիր: Եթե բացարձակ գիծ չի քաշվում 2018-ի ապրիլից առաջ եւ հետո՝ իսկ այդ բացարձակ գիծը քաշելը թե չափազանց դժվար է, թե չափազանց բարդ եւ անգամ վտանգավոր, ապա «պայմանական» քաշվող գծերը գալիս են ու բախվում մարտիմեկյան պատին՝ պետությունը սպանել է քաղաքացիների, կամ պետությունը կրում է քաղաքացիների սպանության պատասխանատվություն:

Եվ բարդությունն այստեղ այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո դրված է պետություն վերակերտելու, պետությունը վերափոխելու, արդիականացնելու խնդիր, եւ այդ խնդիրը գործնականում անհնար է լուծել առանց «պետական ինստիտուցիոնալ հիշողության»:

Մարտի 1-ն այդ հիշողության մեջ խրված սեպ է, անգամ ոչ թե սեպ, այլ դաշույն՝ բավական խորը խրված: Մարտիմեկյան գործի բացահայտման բուն խնդիրը պետք է լինի այդ դաշույնը հանել պետական ինստիտուցիոնալ հիշողությունից: Իսկ այդ հանգամանքն էապես բարդանում է, եթե չի բացահայտվում 10 զոհերի սպանությունը՝ կոնկրետ:

Միաժամանակ, մարտիմեկյան գործի դատավարության ընթացքը թերեւս ավելի ու ավելի պետք է մոտեցնի հանրությանը այդ ցավագին հարցերի շուրջ քննարկումների, անգամ ոչ պոպուլյար հարցադրումների: Ո՞վ է, որ շահագրգռված չէ այդ ամենով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments