Khachaturov

Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Ա․ Ու-ի ցուցմունքը։

Հարց- 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, ինչպես նաև դրան նախորդող ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում որտե՞ղ եք ծառայության նշանակված եղել, ինչո՞ւմ է դրսևորվել Ձեր ծառայությունը։

Պատասխան- 2008 թվականի փետրվար ամսից սկսած, կոնկրետ օրը չեմ հիշում, շուրջ երկու ամիս ՀՀ ԶՈՒ հանրապետական հավաքակայանի ողջ անձնակազմը, այդ թվում՝ ես և իմ դասակի զինծառայողները փաստացի գտնվել ենք զորանոցային վիճակում, գիշերել ենք հավաքակայանում, իսկ երբեմն, գտնելով մի փոքր ազատ ժամանակ, գնացել ենք տուն, լոգանք ընդունել և վերադարձել ենք հավաքակայան։ Դա պայմանավորված էր այդ ժամանակահատվածում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո Երևան քաղաքում սկսված հանրահավաքներով։ Նշեմ, որ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում հավաքակայանի ողջ անձնակազմը, այդ թվում՝ ես և դասակիս զինծառայողները, հավաքակայանի տարածքից դուրս որևէ ծառայություն չենք իրականացրել։ Նշեմ, որ այդ ժամանակահատվածում հավաքակայանի անձնակազմին զենք բաժանված չի եղել։

2008 թվականի փետրվար ամսին, երբ Երևան քաղաքում սկսվեցին հանրահավաքներ, հավաքակայան բերվեցին 300-ից ավելի զինծառայողներ։ Այդ ժամանակ զորամասի հրամանատար Անդրանիկ Հակոբյանը մեզ՝ հավաքակայանի անձնակազմին, հավաքեց և ասաց, որ հիշյալ՝ 300-ից ավելի զինծառայողները ԼՂՀ զորքն է, որը պետք է մնա հավաքակայանում, հանձնարարեց, որ զորանոցները, ճաշարանը պատրաստվեն, որ բերված զորքը կարողանա մնալ հավաքակայանում։ ԼՂՀ-ից բերված զորքի ստույգ քանակը ես չգիտեմ, բայց նրանք կլինեին 300-ից ավելի։ Իմ տեղեկություններով՝ ԼՂՀ զորքին հավաքակայանում տեղակայելու վերաբերյալ գրավոր հրաման չի եղել, այդ ամենը կազմակերպվել է բանավոր կարգով։ ԼՂՀ-ից բերված զորքի մեջ կային պայմանագրային զինծառայողներ, սպայական անձնակազմ և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ (Սպեցնազ)։ Որքանով հիշում եմ՝ այդ զորքի մեջ կային նաև ժամկետային զինծառայողներ։ Ընդհանուր առմամբ՝ ԼՂՀ-ից բերված զորքի մեջ գերակշռում էին պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը։ ԼՂՀ-ից բերված զորքը հավաքակայանում տեղավորվելուց հետո իմ դասակի զինծառայողները շարունակել են իրենց ծառայությունը հսկիչ-անցագրային կետերում, ճաշարանում, զբաղվել են տարածքի մաքրությամբ։ Հավաքակայանի հսկիչ-անցագրային կետերում իմ դասակի զինծառայողների հետ գտնվել են նաև ԼՂՀ-ից բերված զորքի զինծառայողներ։

Հավաքակայանում տեղավորվելուց հետո ԼՂՀ-ից բերված զորքը հիմնականում գտնվել է հավաքակայանի տարածքում։ Ընթացքում եղել են դեպքեր, երբ առանձին ծառայողներ դուրս ու ներս են արել, բայց զորքի մեծ քանակությամբ տեղաշարժ տեղի է ունեցել երկու անգամ։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարին, կոնկրետ օրը չեմ հիշում, երբ հավաքակայանում տեղակայված ԼՂՀ զորքի մեծ քանակություն է դուրս բերվել և տարվել ՀՀ կառավարության շենք, իսկ կառավարության շենքում պահվող ԼՂՀ-ից բերված զորքը տեղափոխվել է մեզ մոտ, այսպես ասած՝ տեղափոխություն է կատարվել։ Երկրորդ անգամ հավաքակայանում պահվող ԼՂՀ զորքի մեծ քանակություն դուրս է բերվել 2008 թ․ մարտի 1-ին, երբ Երևանում տեղի էին ունենում հայտնի իրադարձությունները։ Նշեմ, որ այս ամենի մասին ես տեղեկացել եմ հենց ԼՂՀ զորքի խոսակցություններից, այն, որ ՀՀ կառավարության շենքում ևս պահվում է ԼՂՀ-ից բերված զորք։ Նրանց խոսակցություններից հասկացել եմ նաև, որ այդ օրերին, ընդհանուր առմամբ, ԼՂՀ-ից Երևան են բերվել շուրջ 1000-1500 զինծառայողներ։ 2008 թվականի մարտի 1-ին, երբ հավաքակայանում տեղակայված ԼՂՀ զորքը դուրս բերվեց Երևան քաղաք, դրանից հետո ցրվեց Երևանում ընթացող հանրահավաքը, զորքը կրկին վերադարձավ հավաքակայան, որից հետո, իմ հիշելով, մինչև 2008 թվականի մարտի վերջը նրանք մնացին հավաքակայանում, ապա վերադարձան ԼՂՀ։

Հարց- 2008 թվականի փետրվարին ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայան տեղափոխված զորքը զենք կրե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ զինատեսակներ են կրել նրանք, դրանք բերել են իրե՞նց հետ, թե՞ ստացել են տեղում։ Նրանց մոտ օպտիկական նշանառության զենքեր եղե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- ԼՂՀ զորքը հավաքակայան է տեղափոխվել իրենց ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, մասնավորապես՝ նրանք եկել են շուրջ 40 հատ «Սատկո» տեսակի զինվորական ավտոմեքենաներով, հենց հավաքակայան մտնելու պահին էլ կրել են զենքեր։ Զորքը կրել է ԱԿ 74 տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ։ Ինքս նրանց մոտ այլ զինատեսակներ չեմ նկատել, բայց հենց նրանց խոսակցություններից հասկացել եմ, որ մոտներն ունեն նաև գնդացիրներ, օպտիկական նշանառությամբ զենքեր։ Հավաքակայանում նրանց զենք-զինամթերք չի բաժանվել։

Հարց- Ի՞նչ նպատակով էր ԼՂՀ-ից զորքը բերվել և տեղակայվել ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայանում, այդ կապակցությամբ ի՞նչ տեղեկություններ էին հայտնում նրանք։

Պատասխան- Հավաքակայան բերված ԼՂՀ զորքի ընդհանուր խոսակցություններից հետևում էր, որ ՀՀ իշխանությունները մտավախություն ունեն, որ Երկրապահ կամավորականների միությունը հնարավոր է, որ միանա ցուցարարներին, ուստի, որպես նրանց դեմ հակակշիռ, այդ զորքը բերվել էր Երևան, որպեսզի հարկ եղած դեպքում հանվեր քաղաք հանրահավաքը ցրելու համար։ Ըստ խոսակցությունների՝ դա էր ԼՂՀ զորքը Երևան բերելու պատճառը։ Ես տեղյակ չեմ՝ ԼՂՀ-ի զորքը հավաքակայան տեղափոխելու վերաբերյալ որևէ պաշտոնական հրաման կամ հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, ինքս այդ մասին որևէ պաշտոնական փաստաթղթի չեմ հանդիպել։

Հարց- Նշեցիք, որ հավաքակայանում տեղակայված ԼՂՀ զորքի առաջին մասշտաբային շարժը տեղի է ունեցել 2008թ․ փետրվարին, երբ նրանք տարվել են ՀՀ կառավարության շենք, իսկ այնտեղ պահվողները՝ բերվել հավաքակայան։ Կառավարության շենքում ի՞նչ քանակության զորք էր պահվում և ի՞նչ նպատակով, այդ մասին ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի, բացի դրանից՝ կառավարությունից ի՞նչ քանակության զորք տեղափոխվեց հավաքակայան, արդյոք դա համապատասխանո՞ւմ էր հավաքակայանից տարված զորքի թվին, թե՞ ոչ, բացի դրանից՝ տեղափոխության ընթացքում ԼՂՀ զորքը զինվա՞ծ էր, թե՞ ոչ։

Պատասխան- ԼՂՀ զորքի խոսակցություններից հասկացել եմ, որ կառավարության շենքում ևս պահվում է իրենց զորքի մի մասը, սակայն կոնկրետ քանակի մասին ինձ ոչինչ չի հայտնվել։ Զորքի խոսակցություններից հասկացել եմ, որ ընդհանուր առմամբ 1000-1500 զինծառայող է այդ ժամանակ ԼՂՀ-ից բերվել Երևան։ Նշված զորքի՝ կառավարության շենքում պահելու կոնկրետ պատճառների մասին տեղեկություններ ինձ հայտնի չեն, բայց ենթադրում եմ, որ դա արված էր նրա համար, որպեսզի ցուցարարները կամ Երկրապահ կամավորականների միության տղաները՝ ցուցարարներին միանալու դեպքում չկարողանային գրոհել և մուտք գործել կառավարության շենք։ Նշեմ նաև, որ չեմ հիշում՝ կառավարության շենքում և հավաքակայանում պահվող ԼՂՀ զորքի տեղափոխության ժամանակ նրանք զինվա՞ծ էին, թե՞ ոչ։ Կարող եմ ասել, որ հավաքակայան բերված զորքի թիվը գրեթե հավասար էր կառավարության շենք տարված զորքի թվին, քանի որ հավաքակայանում ԼՂՀ զորքի թիվն էական փոփոխության չի ենթարկվել, նրանք եղել են 300-ից ավելի։

Հարց- 2008թ․ մարտի 1-ին հավաքակայանում պահվող ԼՂՀ զորքը ո՞ր ժամին դուրս բերվեց Երևան քաղաք, բացի դրանից՝ նրանք զինվա՞ծ էին, թե՞ ոչ։ Տեղյա՞կ եք, թե այդ օրը զորքը Երևան քաղաքի կոնկրետ որ հատված է տարվել և ինչ գործողություններ է կատարել, ե՞րբ են նրանք վերադարձել հավաքակայան։

Պատասխան- Չեմ հիշում, թե օրվա որ ժամին զորքը դուրս բերվեց Երևան քաղաք։ Այդ ժամանակ հավաքակայանից դուրս գալիս զորքը եղել է զինված, գրեթե բոլորը դուրս են եկել հավաքակայանից, ներսում մնացել են հատուկենտ զինծառայողներ։ Տեղեկություններ չունեմ, թե այդ օրը հիշյալ զորքը Երևանի կոնկրետ որ հատված է տարվել կամ ինչ գործողություններ են նրանք կատարել։ Զորքը հավաքակայան է վերադարձել հաջորդ օրը՝ 2008 թվականի մարտի 2-ին։ Ցանկանում եմ նշել, որ ի սկզբանե, երբ ԼՂՀ զորքը բերվել է հավաքակայան, հրամանատարի կողմից անձնակազմին հրաման է տրվել չշփվել զորքի հետ, չխառնվել և չմիջամտել նրանց գործերին, որով պայմանավորված՝ զորքի հետ որևէ տեսակի մտերմություն, շփում, խոսակցություն տեղի չի ունեցել։ Իմ կողմից նշված տեղեկություններն էլ ինձ հայտնի են դարձել, երբ կողքից լսել եմ նրանց խոսակցությունները։

Հարց- ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայան տեղափոխված և 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաք դուրս բերված զորքը զենք գործադրե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի այդ առնչությամբ։

Պատասխան- ԼՂՀ-ից բերված զորքի կողմից զենք գործադրելու մասին ես տեղեկություններ չունեմ։ Երբ 2008 թ․ մարտի 1-2-ի դեպքերից հետո նրանք վերադարձել են հավաքակայան, նրանց կողմից զենք գործադրելու կամ չգործադրելու մասին որևէ խոսակցություն ես չեմ լսել։

Հարց- ԼՂՀ-ից բերված և ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայանում տեղակայված զորքը 2008թ․ փետրվար-մարտ ամիսների ընթացքում փոխարինվե՞լ է ԼՂՀ-ից բերված այլ զորքով, թե՞ ոչ։

Պատասխան- Նման բան չի եղել, ԼՂՀ-ից բերված այլ զորքով հավաքակայանում պահվող զորքը չի փոխարինվել։ Նրանք միայն մեկ անգամ փոխարինվել են կառավարության շենքում պահվող ԼՂՀ զորքի հետ։

Հարց- Ո՞վ էր ղեկավարում ԼՂՀ-ից բերված զորքը, ումի՞ց էին նրանք հրամաններ ստանում։

Պատասխան- Զորքի մոտ հիմնականում գտնվում էր Միշա Արզումանյանը, որի կոնկրետ պաշտոնը չգիտեմ, բայց ընդհանուր առմամբ երևում էր, որ նա էր հրամաններ տալիս զորքին։ Զորքին հաճախակի այցելում էր ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Մեկ անգամ էլ նկատել եմ, որ հավաքակայան այցելել է և ԼՂՀ զորքին հանդիպել ՀՀ ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովը։ Վերջինիս ես տեսել եմ հավաքակայանի տարածքում գտնվող զրուցարանում նստած, որը զրուցում էր ԼՂՀ զորքի ներկայացուցիչների հետ, բայց խոսակցությունը չեմ լսել։ Յուրի Խաչատուրովը հավաքակայան էր այցելել իր վարորդի հետ։ Իմ ներկայությամբ Միշան, Սամվել Կարապետյանը կամ Յուրի Խաչատուրովը ԼՂՀ զորքին հրաման չեն տվել, կողքից էլ չեմ լսել, թե նրանք ինչ հրամաններ են տվել ԼՂՀ-ից բերված զորքին։

Հարց- Բացի ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան սպայական անձնակազմի հիշյալ ներկայացուցիչներից, հավաքակայանում պահվելու ընթացքում ովքե՞ր են այցելել ԼՂՀ-ից բերված զորքին։

Պատասխան- Կոնկրետ անձի չեմ կարող մատնանշել, որ այցելել է ԼՂՀ զորքին, քանի որ չեմ հիշում, բայց կարող եմ ասել, որ զորքին այցելողներ շատ են եղել, որոնց թվում՝ և քաղաքացիական անձինք, և պաշտոնատար անձինք՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, անվտանգության աշխատակիցներով։ Նշեմ, որ իմ դասակի աշխատակիցները հավաքակայանի հսկիչ-անցագրային կետերում պարզապես բացել և փակել են դռները, իսկ հավաքակայանի տարածք մուտք ու ելքը ղեկավարվել է հենց ԼՂՀ-ից բերված զորքի ներկայացուցիչների կողմից։ Ինձ նույնիսկ չի զեկուցվել, թե ովքեր են մուտք ու ելք անում հավաքակայանի տարածք, այսպես ասած՝ հավաքակայանի տարածքում ամեն ինչ իրենց ձեռքն էին վերցրել ԼՂՀ զորքի ծառայողները։

Հարց- Ինչպե՞ս է կազմակերպվել ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայան տեղափոխված զորքի սննդի հարցը։

Պատասխան- ԼՂՀ-ից բերված զորքի սննդի հարցը կազմակերպվել է հետևյալ կերպ՝ զորքին կերակրելու համար հավաքակայանին սնունդ է հատկացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որի մանրամասներից տեղյակ չեմ, դա կարող է մանրամասն հայտնել հավաքակայանի պարենային պահեստի այն ժամանակվա պետ Կարապետ Ղարիբյանը։ Բացի դրանից՝ հավաքակայանի տարածք տարբեր մասնավոր ավտոմեքենաներով պարբերաբար սնունդ է բերվել նաև մասնավոր անձանց կողմից։ Թե ովքեր են եղել զորքին սնունդ տրամադրող մասնավոր անձինք՝ ես տեղյակ չեմ, այդ մասին խոսակցություններ չեմ լսել։

Հարց- ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայան տեղափոխված զորքն ո՞ւմ կողմից է ֆինանսավորվել, ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի այդ կապակցությամբ։

Պատասխան- ԼՂՀ-ից բերված զորքին ֆինանսավորելու վերաբերյալ տեղեկություններ ինձ հայտնի չեն, այդ մասին որևէ խոսակցություն չեմ լսել։

Հարց- 2008թ․ փետրվար ամսին ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայան տեղափոխված զորքից ո՞ւմ եք ճանաչում, մատնանշեք այն անձանց, որոնց ճանաչել եք։

Պատասխան- Զորքի զինծառայողներից հիշում եմ այդ ժամանակվա դրությամբ ՀՀ ՊՆ շտաբի պետ Սեյրան Օհանյանի մեծ որդուն, որն ուներ կապիտանի կոչում, սակայն նրա անունը չգիտեմ։ Նա զորքի հետ մնում էր հավաքակայանում։ Զորքի մեջ կար նաև Կանդազ մականունով մի զինվորական, որի քիթը վնասված էր։ ԼՂՀ-ից հավաքակայան բերված զորքի հետ շփում չեմ ունեցել, այլ զինծառայողների չեմ կարող մատնանշել։

Հարց-2008թ․ փետրվար ամսին ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայան տեղափոխված զորքն ինչո՞վ էր զբաղվում հավաքակայանի տարածքում, ինչպե՞ս էր անցնում նրանց առօրյան։

Պատասխան- Հավաքակայանի տարածքում զորքը անելիք չի ունեցել, նրանք իրենց հայեցողությամբ զբաղվել են սպորտով, խաղացել են թղթախաղեր, այդ թվում՝ գումարի դիմաց, սնվել են, օգտագործել ոգելից խմիչքներ, խմիչքի ազդեցության տակ վիճաբանել են միմյանց հետ։ Ընդհանուր խոսակցություններից հասկացել եմ, որ զորքի մեջ կան նաև թմրանյութ օգտագործողներ։ Հիշյալ զորքի կողմից այդ ընթացքում հավաքակայանը վերածվել էր այսպես ասած՝ աղբանոցի, հավաքակայանի գույքը գրեթե ամբողջությամբ վնասվել էր։

Հարց- 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայանի տարածք մուտք գործած անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացվե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան- Այդ ժամանակահատվածում հավաքակայան մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառում չի կատարվել, քանի որ, ինչպես արդեն ասացի, հավաքակայանն ամբողջությամբ իրենց ձեռքն էին վերցրել ԼՂՀ-ից ժամանած զորքի զինծառայողները։ Այդ ժամանակ հավաքակայան այցելած բոլոր անձինք և տրանսպորտային միջոցները գնացել են հենց ԼՂՀ զորքի մոտ, իսկ բուն հավաքակայանի հետ կապված որևէ շարժ տեղի չի ունեցել։

Հարց- ՀՀ ԶՈՒ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ զորքի հրամանատարությունը հավաքակայանի կոնկրետ ո՞ր մասնաշենքում է իրականացրել իր գործունեությունը։

Պատասխան- ԼՂՀ-ից ժամանած զորքին հատկացվել էր հավաքակայանի զորանոցների մասնաշենքը, իրենք այնտեղ են տեղակայված եղել, իսկ թե ով կոնկրետ որ սենյակում է տեղավորվել, ես տեղյակ չեմ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •