Մերկելն անցել է գրոհի. ինչ է ասել Պուտինը

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել մի քանի քաղաքներում: Հատուկ ստորաբաժանումները խուզարկություն են իրականացրել էթնիկ չեչենների բնակարաններում, որոնք կարող են կապ ունենալ իսլամական ծայրահեղական կառույցների հետ: Կա առնվազն մեկ ձերբակալված:

Գերմանիայի հատուկ ծառայությունը իրականացված օպերացիան բացատրել է ահաբեկության վտանգի մասին տեղեկությամբ, հնարավոր ահաբեկությունը կանխելու նպատակով:

Գերմանիայում բնակվող չեչենների դեմ Գերմանիայի անվտանգության ծառայության հատուկ օպերացիան հաջորդում է Ռուսաստանում Պուտին-Մերկել հանդիպմանը:

Հունվարի 11-ին Մերկելը ժամանել էր ՌԴ նախագահի հետ մերձավորարեւելյան նոր իրավիճակը քննարկելու համար: Բաղդադում իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Պուտինն այցելել էր Սիրիա, հետո Ստամբուլում հանդիպել Էրդողանին՝ բացել Թուրքական հոսք գազատարը, միաժամանակ փորձել պայմանավորվել Լիբիայի հարցում, թեեւ կարծես թե ապարդյուն:

Արդյոք Պուտին-Մերկել քննարկման արդյունքում ՌԴ նախագահը տրամադրել է որոշակի տեղեկություններ: Բանն այն է, որ Չեչնիայի նախագահ Կադիրովը տարբեր առիթներով ակնարկել է, որ հասանելիություն ունի իսլամական ծայրահեղ կառույցներ եւ կարող է այնտեղ հարցեր լուծել անհրաժեշտության դեպքում:

Մյուս կողմից, կարո՞ղ էր Գերմանիայում օպերացիան անակնկալ լինել՝ մի տարբերակով Կադիրովի համար, մեկ այլ տարբերակով՝ հարավոր է թե Կադիրովի, թե Պուտինի համար:

Գերմանիայում ահաբեկության վտանգի տագնապով լայնամասշտաբ հատուկ օպերացիան Պուտին-Մերկել հանդիպմանը փոխհամաձայնությա՞ն, թե՞ անհամաձայնության ուղղակի կամ անուղղակի հետեւանք է:

Ի դեպ, Բաղդադում իրանցի գեներալի դեմ ԱՄՆ հատուկ օպերացիային նախորդել էր տեղեկություն Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում կանխված ահաբեկության մասին, որի համար Պուտինը զանգահարել ու շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահին:

Ըստ Ռոյթերզի, ԱՄՆ հատուկ ծառայության տրամադրած տեղեկությունը ՌԴ հատուկ ծառայությանն օգնել է կանխել տոնական օրերին Պետերբուրգում պատրաստվող ահաբեկությունը, ձերբակալելով երկու ռուսաստանցիների:

Գերմանիայում մեծամասշտաբ օպերացիա են իրականացնում՝ բերման են ենթարկվում Չեչնիայից եկած իսլամիստ ծայրահեղականների կողմից կազմակերպվող «խոշոր ահաբեկչության» մեջ կասկածվողները: Այս մասին հաղորդում է Գերմանիայի դատախազության Twitter-յան էջը: Զանգվածային շուրջկալների արդյունքում մի քանի մարդ է բերման ենթարկվել:

Ըստ դատախազության, խուզարկությունները տեղի են ունեցել Բեռլինի 6 շրջաններում, Բրանդենբուրգում, Հագենում և Առնստադտում: Ինչպես հաղորդում է Bild-ը կասկածյալները 23-28 տարեկան անձինք են, որոնց գերմանական հատուկ ծառայությունները տեւական ժամանակ հետեւել են: Հատուկ օպերացիային մասնակցել է մոտ 180 մարդ:

Խուզարկությունների ժամանակ ոստիկանները բռնագրավել են դրամական միջոցներ, կտրող-ծակող զենքեր եւ տեղեկատվական կրիչներ: Ամենաքիչը 4 անձ բերման է ենթարկվել:

2016 թվականին գերմանացի ոստիկանները խուզարկել էին 12 բնակարան եւ հանրակացարանը, որտեղ բնակվում էին Չեչնիայից եկածները: Նրանք կասկածվում էին ֆինանսական ահաբեկչության մեջ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...