Gagik Tsarukyan

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրկախառնված լուսանկար է հրապարակել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, մակագրելով, թե ժպիտով են պատասխանում չար մարդկանց:

Լուսանկարը խիստ խորհրդանշական է, միայն թե պարզ չէ, թե ովքեր են չարերը եւ ում են պատասխանում Նաիրա Զոհրաբյանն ու Գագիկ Ծառուկյանը: Պետք է ենթադրել, որ պատասխանն առնչվում է նախօրեին խորհրդարանում ծագած սկանդալին, որի «հեղինակը» սակայն ԲՀԿ պատգամավորներն են, որոնք ռազբորկա էին սկսել պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո, որն անդրադարձել էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ վայել վարքագծի համար կիրառեց պատիժ՝ նիստերի դահլիճից հեռացնելով ԲՀԿ չորս պատգամավորի: Փաստացի, «չարություն» անողները հենց ԲՀԿ պատգամավորներն էին:

Նաիրա Զոհրաբյանն ու Գագիկ Ծառուկյանը նրա՞նց են պատասխանում գրկախառնված: Տեղի ունեցած միջադեպը առաջացրեց հանրային մեծ արձագանք, անհարմար դրության մեջ դնելով ԲՀԿ-ին, որը վերջին շրջանում առանց այդ էլ հաճախ է սկսել հայտնվել այդպիսի դրության մեջ: Շատ ժամանակ չի անցել աղմուկից, կապված Երեւանի քաղաքապետարանի եւ Աբու Դաբիի գահաժառանգի պատմությունից, որը սկսելով բարձր տոնով, Գագիկ Ծառուկյանն ավարտեց ցածր նոտայով:

Այժմ նոր սկանդալ, եւ ժպիտով պատասխան: Պարզ չէ սակայն, թե ու՞մ: Արդյոք որեւէ մեկը ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին պարտադրել է խորհրդարանական ցուցակ եւ խմբակցություն ներառել այնպիսի գործիչների, որոնք այնքան էլ համարժեք չեն խորհրդարանական մշակույթին, եւ նրանց միջավայրը պետք է լիներ բոլորովին այլ:

Համենայն դեպս, ԲՀԿ գործունեության շրջանակում հազվադեպ չեն իրավիճակները, երբ Գագիկ Ծառուկյանն ակնարկել է փաստի առաջ կանգնելու մասին: Հիշարժան է 2018-ի հոկտեմբերի 2-ը, մինչ այդ էլ Երեւանի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ սկանդալը՝ Գեւորգ Պետրոսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Տիրապետու՞մ է Ծառուկյանը ԲՀԿ ամբողջ կուսակցությանը, թե՞ այն շարունակում է լինել յուրօրինակ փակ բաժնետիրական կուսակցություն, որ ստեղծվեց նախորդ իշխող համակարգի շրջանում, երբ ներհամակարգային շահերի բախումն ու հետագա իրողությունների վերաբերյալ մոտեցումները մտան արմատական անհամաձայնության փուլ եւ ԲՀԿ-ն դարձավ մի կողմից համակարգային երկրորդ բեւեռ, մյուս կողմից ներհամակարգային յուրօրինակ «լաբորատորիա»:

Մինչեւ ու՞ր կհասցնեն այդ սկանդալները Գագիկ Ծառուկյանին, որը քաղաքականության մեջ կանգնած է առաջընթացի բացակայության եւ ելքի բարդության միջեւ: