Մի միջադեպի արձագանքը. ինչ է կատարվել Հայաստանում

- in Ով ով է ...

Ազգային Ժողովում ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը արժանացել է հանրային լայն քննարկման, թեեւ մեծ հաշվով միջադեպը արտառոց չէ, հաշվի առնելով այն, որ հայկական քաղաքականության մեջ այդօրինակ վարքագծի դրսեւորումը ամենեւին նոր չէ: Այն, որ Հայաստանն է նոր կամ նոր Հայաստան է, ենթադրում է իհարկե, որ քաղաքականությունից պետք է դուրս մղվի այդօրինակ մշակույթն ու վարքագիծը:

Ենթադրվում է, բայց քաղաքականությունը ձեւավորվում է ոչ թե ենթադրությամբ, այլ գործողություններով, որոնք միտված պետք է լինեն քաղաքական նոր մշակույթի եւ համակարգի ձեւավորմանը: Դրանք իհարկե չեն ենթադրում ակնթարթային արդյունքներ, եւ միաժամանակ՝ ամենեւին էլ բավարար չեն նոր քաղաքական մշակույթ եւ համակարգ ձեւավորելու համար:

Քաղաքական խաղի կանոնների եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների համար պատասխանատվությունն անշուշտ կառավարող վերնախավինն է, թեեւ Հայաստանում այժմ նույնիսկ այդ վերնախավի ձեւավորումն է գործընթաց: Բայց հույժ կարեւոր է նաեւ այն, թե ովքեր են լինելու խաղացողները, կամ՝ այդ նոր կանոններով խաղացողները:

Այդ իմաստով, Հայաստանի հետհեղափոխական քաղաքական կյանքը շարունակում է ունենալ ահռելի բաց՝ քաղաքական օրակարգի բացը, քաղաքական գործունեության ստեղծագործականության բացը: Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարն էր, կամ դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի դեմ, անշուշտ հնարավոր է, կարելի է, պետք է, բայց դրանով ոչ թե Հայաստանն է առաջ գնալու, այլ քաղաքականությունն է դոփելու տեղում:

Ու հարցն այդտեղ ամենեւին Փաշինյանը չէ, այլ Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցածը, որը հայաստանյան քաղաքական դաշտում արժանացած չէ ամբողջական գնահատականի: Իսկ 2018-ին տեղի ունեցածը ժողովրդի, հանրության լայն գնահատականն էր քաղաքական ուժերին, Հայաստանում մինչ այդ եղած քաղաքական գործունեությանը: Եթե ոմանց թվում է, թե 2018-ին մերժվեց լոկ Սերժ Սարգսյանը կամ այն իշխող համակարգը, որ կար մինչ այդ, ապա դա մոլորություն  է: 2018-ի ապրիլին Հայաստանում մերժվել է նաեւ ընդդիմությունը, եւ Հայաստանում եղած քաղաքականությունն ընդհանրապես:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments