Մի Արարատը պատժում է ԲՀԿ-ին, մյուս Արարատը՝ ճնշում Էդողանին. զարմանալի վիճակ

- in Հասարակություն
Aragil Ararat Masis

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատժել է ԲՀԿ չորս պատգամավորներին, որոնք ԱԺ դահլիճում «ռազբորկա» էին սկսել պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Արարատ Միրզոյանը որոշել է, որ 4 պատգամավորները մինչեւ օրվա վերջ դուրս կլինեն նիստերի դահլիճից: Իհարկե, դժվար է ասել, թե չորսի համար որն է ադտեղ պատիժը: Թերեւս առավել ճիշտ կլիներ, եթե նրանք մնային նիստերի դահլիճում մինչեւ շաբաթավերջ, իսկ մնացյալ պատգամավորները դուրս հրավիրվեին դահլիճից: Բայց Արարատը որոշել է, որ դահլիճից պետք է դուրս գան այդ չորսը:

Տեղի ունեցածը լրջորեն քննարկվում է հայկական համացանցում: Առիթ կա իհարկե՝ խորհրդարանը «ռազբորկայի» տեղ չէ: Առիթը առաջինը չէ, եւ դժվար է հաշվել, թե որերորդն է: Կա իհարկե նոր Հայաստանի հանգամանքը, որտեղ պետք է որ լիներ այլ որակի՝ քաղաքական խորհրդարան: Մյուս կողմից, ԲՀԿ-ականները խորհրդարանում հայտնվել են այսպես ասած ժանրի բոլոր կանոնների համաձայն, ինչ կարող ես անել:

Նիստերի դահլիճից դուրս հրավիրելն էլ չի լուծում բացարձակապես որեւէ հարց:

Իսկ է՞լ ինչ անել: Թե՞ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որովհետեւ այդօրինակ վարքագծով ԲՀԿ-ն, եւ մեծ հաշվով ընդհանրապես նախկին իշխող համակարգն իր բազմաթիվ թեւերով, «արջի ծառայություն» են մատուցում քաղաքականապես չբյուրեղացած եւ շարունակվող հավաքականության մեջ գտնվող կառավարող մեծամասնությանը:

Նրանք «լցնում» են դատարկ քաղաքական օրակարգը, բովանդակային նշաձողերից ազատ մնացած քաղաքական տարածությունը:

Այյլապես դատարկությունը դառնալու է աչք ծակող, եթե արդեն իսկ այն չի ծակում:

Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հանրային կապերի պատասխանատու պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե հայկական հարցն առաջ են քաշում Թուրքիան ներսից պառակտելու համար: Նա հայտարարել էր, որ Բարձր խորհրդում քննարկել են հայկական հարցին հակազդելու անելիքները:

Արարատը՝ ոչ Միրզոյան իհարկե, բիբլիական Արարատը ավելի ու ավելի ուժեղ է ճնշում Անկարային, արձանագրելով քաղաքական նոր, հնարավորություններով ու ռիսկերով լի իրավիճակը: Միաժամանակ, այդ հանգամանքը պատասխանատվության առաջ է դնում Հայաստանի քաղաքական ուժերին ու դերակատարներին, լինեն մեծամասնություն, թե ոչ, խորհրդարանական, թե արտախորհրդարանական:

Բայց հայկական քաղաքական դաշտում մեծ հաշվով «ռազբորկա» է, տոտալ «ռազբորկա»՝ հաշիվների մաքրում: Ու այստեղ, պետք է խոստովանել, մեծամասնությունն ունի առավելություն, քանի որ ամենաքիչն այդ մեծամասնությանը հաշիվ ներկայացնելու հիմքերն են, թեեւ ընդհանուր առմամբ դրանք արդեն իսկ քիչ չեն եւ ունեն շատանալու միտում: Ու այդտեղ անշուշտ ԲՀԿ «ռազբորկան» փոքր, բայց ժամանակին եկած օգնություն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments