Մոսկվայից հետո Ադրբեջանում սկսվեց …

- in Միջազգային
Ilham Aliev

Ադրբեջանում մեկնարկում է խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավը: Խորհրդարանի արտահերթ ընտրությունն Ադրբեջանում իշխանության անցման գործընթացի բաղկացուցիչն է, որի տրամաբանական ավարտը պետք է դառնա նախագահ Ալիևի հեռացումն իշխանությունից և դրա փոխանցումը կամ հանձնումը Մեհրիբան Ալիևային: Այդ հեռանկարը անշուշտ միարժեք չէ, և սկսված գործընթացը կարող է ունենալ իր տեղապտույտը:

Այդ իմաստով դիտարկման է արժանի այն, ինչ տեղի է ունենում կամ մեկնարկել է Ռուսաստանում, նույն՝ իշխանության անցման խնդրի համատեքստում, որը Մոսկվայում անշուշտ ունի ուրույն պատճառներ, մոտիվ, առանձնահատկություն:

Հայաստանում բավականին աշխուժորեն քննարկվում են տարբերակները, թե Մոսկվայում նախագահի պաշտոնից Պուտինի հեռանալու գործընթացի մեկնարկը իր այս կամ այն սցենարային զարգացումով ինչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա, Հայաստանին առնչվող հարցերի վրա:

Այդ համատեքստում դիտարկման է արժանի այն, թե Պուտինի նախաձեռնությունը ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանում իշխանության անցման փուլի վրա: Այդ հարցն արդիական է՝ հաշվի առնելով այն, որ այդ փուլը իր հերթին գործնականում աշխույժ և դինամիկ ընթացք է ստացել հենց Մոսկվայից, ուր Ադրբեջանի առաջին փոխնախագահի կարգավիճակով նախորդ տարի աշնանը իր առաջին պաշտոնական այցն էր կատարել Մեհրիբան Ալիևան:

Մոսկվայում Պուտինի մեդալը ստանալուց և նրան հրավերի համար շնորհակալություն հայտնելուց հետո՝ թեև ինչո՞ւ պետք է փոխնախագահը հրավերի համար շնորհակալություն հայտներ նախագահին, Մեհրիբան Ալիևայի Բաքու վերադարձը զուգակցվեց խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումով: Ընդ որում, հետաքրքիր էր դրա պատճառաբանությունը՝ խորհրդարանը պետք է համարժեք լինի նախագահի վարած քաղաքականությանը: Ի՞նչ նախագահի մասին էր խոսքը, եթե տարիներ շարունակ Ալիևը քաղաքականություն է վարել հենց այդ խորհրդարանով: Դա ևս մեկ անգամ վկայում էր, որ նոր խորհրդարանը նշանակում է նոր նախագահ, որովհետև Ալիևը զուրկ է նոր քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:

Այդպիսով, Մոսկվայից մեկնարկեց Ադրբեջանի իշխանության անցման աշխույժ փուլը, և այդ համատեքստում էական հարցերից է, թե Մոսկվայում իսկ մեկնարկած իշխանության անցումն ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի իրադարձությունների ընթացքի վրա:

Բոլոր դեպքերում, մեկնարկած խորհրդարանի ընտրությունը Հայաստանից պահանջում է չափազանց զգոնություն, որովհետև բացառված չէ, որ ներքին քաղաքական նկատառումներով Ադրբեջանում լինեն սաբոտաժներ ու սադրանքներ, այդ թվում՝ շփման գծի ուղղությամբ: Ներքաղաքական այդ ֆոնին դրանց ռիսկը պետք է գնահատել բարձր և բարձր պատրաստականությամբ ու զգոնությամբ չեզոքացնել կամ կանխարգելել այն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments