Gaz

Հայաստանի կառավարությունը բանակցում է գազի գնագոյացման 10-ամյա կանխատեսելի մեխանիզմի հասնելու համար, հայտարարել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանն օրերս Lragir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գազպրոմ Արմենիան ամենայն հավանականությամբ հանձնաժողով կներկայացնի գազի թանկացման հայտ: Բաղրամյանն այժմ հստակեցրել է, որ մինչեւ ապրիլի 1-ը հայտ չի ներկայացվի: Այսինքն, Գազպրոմ Արմենիան կսպասի մինչեւ բանակցության ավարտ, թեեւ ընկերությունը նախօրեին հաստատել էր, որ պատրաստվում է գազի գնի բարձրացման հայտ ներկայացնել: Գազպրոմ Արմենիան 2018-ից հետո նշել է, թե չի կարող երկար փոխհատուցել մեկ տարի առաջ սահմանին գնի 15 դոլար բարձրացումը:

Գազի գինը Հայաստանի անկախ պետականության «աքիլեսյան գարշապարն» է, այն պարբերական սրությամբ հայտնվում է քաղաքական առանցքային շրջափուլերում: 2006 թվականին, օրինակ, Հայաստանի իշխանությունը միայն Հրազդանի ՊՇԷԿ հինգերորդ բլոկը Ռուսաստանի վաճառելու գնով կարողացավ հասնել նրան, որ Մոսկվան համաձայնի երեք տարի ձեռք չտալ գազի գնին, թեեւ 2006-ին թանկացում այդուհանդերձ արեց, եւ Հայաստանի կառավարությունը այն պարզապես փոխհատուցեց ՊՇԷԿ հինգերորդ բլոկի վաճառքից ստացված փողով:

Այլ կերպ ասած, Ռուսաստանը մի ձեռքով գնեց բլոկը, մյուս ձեռքով այդ փողի գրեթե կեսը՝ մոտ 130 միլիոն դոլար, ստացավ գազի թանկացման դիմաց: Բայց պայմանավորվեց երեք տարի՝ մինչեւ 2009 թվականը չթանկացնել: Հայաստանի իշխանության համար դա շատ կարեւոր էր, քանի որ կար 2007-08 ընտրական ցիկլը եւ պետք էր թույլ չտալ սոցիալական բողոքի առիթ:

 

Հաջորդ՝ 2012-13 ընտրական ցիկլից առաջ Հայաստանի կառավարությունը մոտ 300 միլիոն դոլարի պարտք կուտակեց, պայմանով, որ Ռուսաստանը 2011 թվականին չբարձրացնի գազի գինը, դարձյալ ընտրությանն ընդառաջ սոցիալական դժգոհություն չառաջացնելու համար: Մամուլը գրում էր, որ մաքսային թղթերում գազը թանկացած է, բայց կառավարությունը հերքում էր համառորեն: 2013-ի ընտրությունից հետո արդեն կառավարությունը խոստովանեց 300 միլիոն պարտքի մասին, որի դիմաց Հայռուսգազարդի հայկական բաժնետոմսերի վերջին 20 տոկոսն էլ փոխանցվեց Գազպրոմին, եւ այն դարձավ 100 տոկոս ռուսական ընկերություն՝ Գազպրոմ Արմենիա:

2013-ի դեկտեմբերին Պուտինի այցին կնքվեց ստրկական պայմանագիրը Գազպրոմի հետ, որով ռուսական ընկերությունը Հայաստանի նկատմամբ ստանում է բազմաթիվ իրավունքներ: Հատկանշական էր այդ պայմանագրի վավերացումը խորհրդարանում: Ընդդիմությունը՝ այն ժամանակ այսպես կոչված ոչիշխանական բեւեռը, իբրեւ թե դեմ էր, սակայն քվեարկության ժամանակ լքեց դահլիճը, այն դեպքում, երբ քվեարկությունը լինելու էր ձեռքով եւ պետք էր մնալ ու թույլ չտալ նենգափոխում ձաների հաշվարկի առումով: Դահլիճում քվորում չկար, բայց քանի որ «ընդդիմությունը» հեռացել էր՝ իբրեւ բոյկոտի համար, ՀՀԿ-ն հաշվեց ինչպես ուզում էր, պայմանագիրը վավերացվեց:

 

Հետագայում գազի գինը նվազեցվեց՝ 165 դոլար, հետո նաեւ 150՝ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումից հետո Գազպրոմը նրան ցուցաբերեց էական աջակցություն: Բայց այդ աջակցությունը մեղմ ասած բավարար չէր, որ Կարեն Կարապետյանը դառնա երկրի ղեկավար 2018-ին:

Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի դժվար գործընթացի մեկնարկին Մոսկվան սահմանին բարձրացրեց գազի գինը՝ վերականգնելով 165 դոլար սահմանը, բայց ներքին գինը մնաց անփոփոխ:

 

Այժմ փաստորեն խոսք կա ներքին գինն էլ բարձրացնելու մասին, իսկ 2019 ընթացքում սահմանի գինը չի փոխվի: Իսկ կհաջողվի՞ Հայաստանին պայմանավորվել առաջիկա տասը տարվա համար: Եթե ձեռք բերվի այդ պայմանավորվածությունը, ապա ներքին գնի բարձրանալու դեպքում՝ միայն այդ գնով դրան հասնելը Երեւանի համար կարող է լինել լավ ձեռքբերում: Եթե անշուշտ ներքին թանկացումը լինի այնքան, որ չծանրացնի տնտեսվարողի եւ շարքային սպառողի դրությունը:

Կմնա հարցը, թե ինչպես կօգտագործվի 10 տարին գազի հարցը առավել խորքային լուծելու, էներգետիկ արդիականացում, միաժամանակ Իրանի եւ այլ աղբյուրների հետ նոր պայմանավորվածությունների համար: