mis

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք:

ՀՀ կառավարության շենքի մոտ հունվարի 16-ին անասնապահները բողոքում էին սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջից, մինչդեռ Հայաստանի գործադիր իշխանությունը հաստատակամ է սանիտարական նորմերի խստացման ու սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջների պահպանման հարցում:

«Անասունների՝ սպանդանոց տեղափոխելը ծախս է, այդ ծախսը մենք պետք է կատարենք: 600 կգ-անոց կենդանին ինչպե՞ս պետք է տեղափոխենք սպանդանոց: Թող մեզ հնարավորություն տան, ունենանք փոքր սպանդանոցներ, որտեղ անասնաբույժի ստուգումից հետո կտեղափոխվեն վաճառքի կետեր»,- նշեց բողոքողներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծեց, որ կառավարությունը կարող էր իրենց գումար տրամադրել սպանդանոցների կառուցման համար, որ նման խնդիր չառաջանար: «Եթե ուզում են, որ մաքուր միս լինի, թող գյուղի անասնաբույժների վրա հսկողություն դնեն, մորթվող անասունը ստուգեն, ասեն՝ գյուղացին իրավունք ունի՞ մորթ անել, վաճառել, թե՞ ոչ»,- ասաց անասնապահներից մեկը:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող անասնապահների հետ հանդիպման եկավ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ասաց, որ անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելը պետք է լիներ 2018 թվականի հուլիսից: «Մենք սկսել ենք ձգել այդ գործընթացը, մինչև կառուցվեին սպանդանոցները, վերահսկողությունը թուլացրինք: Սակայն այսօր, օրեցօր ավելանում են սպանդանոցները: Մենք չենք բացառում ոչ մի փոփոխություն, քանի որ անձամբ մեր գործառույթը սպառողի իրավունքների պաշտպանությունն է: Մենք պետք է հասկանանք անասնապահների և սպանդանոցների սեփականատերերի խնդիրները, համադրենք իրար հետ և փորձենք լուծում տալ այդ ամենին»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցներում մորթ իրականացնելու գործընթացի վերահսկողությունն ավելի է խստացվում:

Spread the love