AJ

Հայաստանի խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած թեժ միջադեպը բավականին բազմաշերտ է: Այդ շերտերից մեկն այն է, որ միջադեպը դրսևորեց խորհրդարանի և Հայաստանում առկա ներքաղաքական իրողությունների բացարձակ անհամապատասխանությունը:

Եթե խորհրդարանում չի լինում որևէ այդօրինակ մի բախում, միջադեպ, ապա ներքին կյանքում խորհրդարանի հանդեպ ուշադրության առիթները կտրուկ նվազում են, որովհետև ներքաղաքական կյանքում դիմակայությունը խորհրդարանից դուրս է՝ նոր կառավարող մեծամասնության և հին մեծամասնության միջև, դրա տարբեր թևերով: Ինքնին հասկանալի է, որ ավելի լավ է խորհրդարանը չլինի որևէ մեկի ուշադրության կենտրոնում, քան դրանում հայտնվի այդօրինակ անվայել միջադեպերով, որ տեղի ունեցավ րինակ ԲՀԿ պատգամավորների կատարմամբ: Կամ ընդհանրապես՝ ուշադրության կենտրոնում հայտնվի ոչ թե գաղափաական, ծրագրային, հայեցակարգային պայքարով, բախումներով ու դիմակայությամբ, կամ միջադեպերով, թեկուզ ոչ քրեական ենթամշակույթի դրսևորմամբ: Որովհետև զուտ դասական կամ այսպես ասած կլասիկ ընդդիմախոսությունը Հայաստանի հետհեղափոխական կյանքում չի կարող լինել գրավիչ, կամ ուշադրության առարկա, որովհետև բացարձակապես տարբեր է նախահեղափոխական քաղաքական իրավիճակը և հետհեղափոխական իրողությունները՝ առաջին հերթին հանրային ընկալումնրի և տրամադրության, հետևաբար ակնկալիքների առումով: Այդ մասին խոսելու առիթ ունեցել եմ բազմիցս:

Եվ միևնույն ժամանակ, եթե անգամ կա այդօրինակ գործունեության պահանջարկ ունեցող հանրային շերտ, ապա այդ շերտի ուղղությամբ աշխատելու առավել մեծ հնարավորություն և ազատություն ունի հենց նախկին իշխանությունը՝ դրա որևէ թև, առաջին հերթին այն պատճառով, որ այսօր այդօրինակ ընդդիմադիր գործունեության պահանջարկ ունեցող շերտը այդ իշխանության էլոկտորատն է: Անգամ ԲՀԿ-ինը չէ, այլ նախկին իշխանության՝ դրա որևէ թևի:

Նոր կառավարությունից զուտ դժգոհությունն ինքնաբերաբար չի նշանակում հարել այդ շերտին, որովհետև դժգոհությունը գալիս է նորի, ավելի նորի բացակայությունից, նորի անբավարարությունից, ոչ բավարար ռեֆորմատորությունից: Հիմնավոր է այդ ամենը, թե ոչ, այլ հարց է, սակայն այլ է հանրային պահանջարկը: Այդ իմաստով, Հայաստանի խորհրդարանը ներկայումս պատկերում է իրավիճակը մասնակի, հետհեղափոխական իրականության այսպես ասած առաջին կեսի առումով՝ առավելապես կառավարող մեծամասնության ձևավորմանն առնչվող տրամաբանության:

Մյուս կեսի առումով իրավիճակը Հայաստանում այլ է և քաղաքական կամ ներքաղաքական դիմակայության գիծը խոշոր հաշվով անցնում է խորհրդարանից դուրս: Այստեղ իհարկե յուրովի խորհելու առիթ ունեն թե մեծամասնությունը, թե նաև խորհրդարանի ընդդիմադիր դիրքավորված ուժերը: