Նախկին իշխող համակարգը լուրջ խնդրի առաջ. ով է վճարելու հին հաշիվները

- in Կեղտոտ լվացք
Mishik

Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է, որ ուղղակի խղճում է նրան դրա համար, ասել է Սերժ Սարգսյանի պաշտպանը, խոսելով նրա դեմ մեղադրանքի եւ սուբսիդիոն դիզվառելիքի գործի մասին: Գործի քննությունը ՀՔԾ-ն ավարտել է եւ այն դատարանի ճանապարհին է:

Սերժ Սարգսյանին, դիզվառելիք ներկրող ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ էլի մի քանի անձի ներկայացված է մեղադրանք, պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս պատճառելու համար:
Սարգսյանի դեմ, ըստ մամուլի, ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: Նա եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործընկերը: Նրանց են պատկանել Արտֆուդ ընկերության բաժնետոմսերը՝ գրեթե 50/50, համաձայն մամուլի հրապարակումների: Ընկերությունը Հովիկ Աբրահամյանի պաշտոնաթողությունից ամիսներ անց վաճառվել է ռուսաստանցի հայազգի գործարար Կամո Ավագիմյանին, որը նաե Աբրահամյանին փոխարինած վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցող Հայաստանի ներդրողների ակումբի անդամ էր:

Սերգո Կարապետյանը, ըստ մամուլի, ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանը հորդորել էր ավելի էժան առաջարկի փոխարեն գնել Բարսեղ Բեգլարյանի ընկերության ավելի թանկ դիզվառելիքը՝ գյուղատնտեսներին սուբսիդիայով տրամադրելու պետական ծրագրի շրջանակում: Այդ ծրագիրը իրականացվեց 2012 թվականի խորհրդարանի ընտրության համատեքստում, գործնականում նախընտրական հաշվարկով ու նկատառումով: Գյուղնախարարը Սերգո Կարապետյանն էր, վարչապետ էր Տիգրան Սարգսյանը:

Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էր, սակայն հետաքրքիր է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ նա հանկարծ թողեց իր պաշտոնը: Պաշտոնապես հայտարարվեց, թե դա անում է ՀՀԿ շտաբի պետի կարգավիճակի վրա կենտրոնանալու համար: Միաժամանակ մամուլում եղան հրապարակումներ, թե Սերժ Սարգսյանը դավադիր նպատակների համար կասկածել է Աբրահամյանին, ունեցել է փաստական հիմքեր: Հետո իհարկե Աբրահամյանը վերադարձավ ԱԺ, որտեղից 2014-ին ոչիշխանական բեւեռի օգնությամբ տեղափոխվեց վարչապետի պաշտոնին:

Դիզվառելիքի գործը աղմուկ հանեց դեռ այն ժամանակ, իհարկե այլ ասպեկտով: Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական բեւեռի մասնակցությամբ ուժգին տեղեկատվա-քարոզչական գրոհի տակ էր պահում Տիգրան Սարգսյանին: Ի պատասխան, ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը դիզվառելիքի գործով հայտարարեց, որ մեծ չափաքանակի սուբսիդիոն վառելիք ստացել է Աբրահամյանների ընտանիքը: Աբրահամյանները հայտարարեցին, թե խոշոր հողատեր են եւ ստացել են շատ վառելիք: Թեեւ ծրագիրը սոցիալական աջակցության տրամաբանության մեջ էր:

Մեծ հաշվով, դեռեւս այն ժամանակ համակարգի համար բավական տեսանելի ու հասկանալի էր, որ աղետալի հեռանկարը եւ պետական ներքին ու արտաքին մարտահրավերները կանխելու համար անհրաժեշտ է լուրջ ռեֆորմացիա: Բայց ամբողջ հարցն այն էր, որ ոչ ոք չէր ուզում լինել դրա համար վճարողը, չունենալով իշխանության անվերապահ երաշխիք: Այդպիսով ստեղծվում էր ուշագրավ վիճակ՝ լինելով իշխանության առաջին դեմք, Սերժ Սարգսյանը կրում էր վիճակի համար ամբողջ պատասխանատվությունը, միաժամանակ մի շարք պատճառներով չէր կարող որեւէ մեկին տալ այդ երաշխիքը:

Գործնականում, այդ իրողությունը սկսած դեռեւս 2006-2007 թվականներից սկսել էր քայքայել Հայաստանում իշխող համակարգը, մաշել այն թե ֆիզիկապես, թե բարոյապես:

Հարցը, ի դեպ, որոշակիորեն պահպանվում է նաեւ այսօր: Ի վերջո, հանրությունից ու պետությունից առնվազն քառորդ դարի ամբողջատիրական ռեժիմում յուրացվածը վերադարձնելու խնդիրը պարունակում է նաեւ ռեֆորմացիայի գնի հարցը: Եվ նախկին իշխող համակարգը ներկայում էլ դիլեմայի առաջ է, թե ով պետք է վճարի գինը: Այս դեպքում պարզապես «բոնուսը» իշխանությունը չէ, այլ թերեւս ազատությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...