Ներքաղաքական դատարկ ինտրիգներ ու թեմաներ. Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ այդ հասկացության անշուշտ խիստ պայմանական կիրառմամբ, գտնվում է խմորման փուլում, ինչը հետհեղափոխական իրավիճակում բավականաչափ օբյեկտիվ փուլ է: Խիստ սուբյեկտիվ է դրա որակը, կամ ավելի շուտ՝ որակի բացակայության հանգամանքը:

Որովհետեւ այդ խմորումը տեղի է ունենում հարցերի ու թեմաների շուրջ, որոնք զուրկ են խորքային նշանակությունից եւ կառուցվում են դատարկ ինտրիգների վրա: Ու դա այն պարագայում, երբ Հայաստանի շուրջ եւ միջազգային հարաբերություններում ընդհանրապես տեղի են ունենում առանցքային, հիմնարար վերափոխումներ, Հայաստանից պահանջելով ոչ միայն ուշադրություն, այլ նաեւ բովանդակային արձագանք:

Իսկ բովանդակային արձագանքը լոկ պաշտոնական հայտարարությունները չեն, լոկ այդ մակարդակը չէ, որ պետք է ենթադրի արձագանք: Արձագանքը նաեւ ներքաղաքական դիսկուրսն է՝ այդ թեմաներով, որը պետք է գրավի համաշխարհային ուժի կենտրոնների ուշադրությունը, առաջացնի Հայաստանի հետ տարբեր քննարկումների առիթ, մոտիվ, պատճառ:

Բայց Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե չկա աշխարհ կամ արտաքին քաղաքականություն, կամ այն կա միայն ձայնային դեցիբելի տարբեր աստիճանի տագնապ հնչեցնելու համար՝ «աշխարհում կատարվում է ահա այսինչ բանը, իսկ մենք, ասենք ծննդատուն ենք փակում» տարբերակով:

Եթե Հայաստանում ունիվերսալացնենք քաղաքական ուժերի ձայնը, ծածկենք լուսանկարներն ու անվանումները, ապա գործնականում կչեզոքանա հեղափոխական եւ նախահեղափոխական ներքաղաքական վիճակների եւ իրողությունների սահմանագիծը:

Այստեղ անշուշտ մի կողմից կա նոր կառավարող ուժի պատասխանատվությունը, որովհետեւ կառավարող վերնախավն է երկրում բոլոր ոլորտներում, այդ թվում քաղաքական կյանքում նոր նշաձողերի եւ բովանդակային, գաղափարական ու արժեհամակարգային չափանիշերի սահմանման առաջնային պատասխանատուն: Մյուս կողմից, այդ առումով էլ վիճակն օբյեկտիվ է, որովհետեւ այդ ուժն ինքնին ունի իբրեւ քաղաքական օրգանիզմ կայանալու, բյուրեղանալու խնդիր: Ընդ որում, այդ խնդրի առկայությունը ամենից զգալի է թերեւս դրա առաջնորդի՝ վարչապետ Փաշինյանի համար:

Նա հայտնվել է բավական հետաքրքիր ու երկիմաստ վիճակում: Փաշինյանը ունի ներքին գործընթացները կառավարելու համար անհրաժեշտ լայն զսպման գործիքակազմը, այնպիսի առանցքային միջոցի տեսքով, ինչպիսին բարձր լեգիտիմությունն է:

Դե ֆակտո, ներքաղաքական կյանքում դա Նիկոլ Փաշինյանի Իսկանդերն է՝ լայն զսպման միջոցը: Միաժամանակ, ինչպես ռազմական տիրույթում հնարավոր չէ Իսկանդերն օգտագործել առաջնագծային ընթացիկ խնդիրներ լուծելու գործում, այդպես էլ ներքաղաքական կյանքում այդ ժողովրդական Իսկանդերը հնարավոր չէ կիրառել ամեն ներքին մեծ ու փոքր առիթով: Դրա համար է պետք կառավարող ուժի եւ համակարգի բյուրեղացումը, որը պետք է լինի «առաջնագծային» ճկունության ու էֆեկտիվության հիմնարար գրավականը:

Այդ գործընթացը կա, այն բավարար է այնքան, որ թույլ է տալիս խուսափել որեւէ անկումից եւ ապահովել նույնիսկ կայուն առաջընթաց, բայց անկասկած է, որ բավարար չէ ժամանակի մարտահրավերների դինամիկայի տեսանկյունից:

Այդ իմաստով, ներքաղաքական տարբեր, հաճախ հատվող զուգահեռները՝ իշխանության ու նախկին իշխող համակարգի այս կամ այն թեւի հետ, Նիկոլ Փաշինյանին տալիս են ժամանակ ու տարածություն շահելու հնարավորություն՝ «առաջնագծային» կարողությունները եւ գործիքակազմը ձեւավորելու համար:

Ամբողջ հարցն այդ ժամանակի եւ տարածության օգտագործման էֆեկտիվությունն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments