Նիկոլ Փաշինյանը խոսել է Կուտոյանի մահվան դեպքի մասին

- in Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժաանակ անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հարցին:

«Շատ ցավալի դեպք է, և եթե չեմ սխալվում, Քննչական կոմիտեում քրեական գործ է  հարուցված՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որն այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է: Եվ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Եվ ես կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ ու հարյուր տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել եմ ու ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը մինչև ամենավերջին դետալը բացահայտվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր հասցեին հնչած մեղադրանքներին, ասաց, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ այսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Նա նշեց, որ վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությանը: Մասնակցել է Անվտանգության խորհրդի  քարտուղարը՝ որպես էլի վարչապետի ու կառավարության ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին:

«Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը: Իսկ ինչո՞ւ այդ նույն մնարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ կապված դեպք էր տեղի ունեցել; Այսինքն՝ նրանք վերաբերմունքի տարբերություն ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք պատշաճ, կարծում եմ՝ ինչ որ պետք է արվեր, արվել է: Եվ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,- հավելեց Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments