Վարչապետի որոշմամբ սկսվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը:

Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:

«Քանի որ նախկինում անձերով պայմանավորված է գրվել տեքստը, պետք է տեքստի միջից հանել անձերին, այսինքն՝ այս ամենը պիտի արվի, բայց միևնույն ժամանակ, օրինակ, գլոբալ բանավեճը գնալու է, ես համոզված եմ, որ երբ հանձնաժողովը ձևավորվի, նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական, այսինքն՝ այս 3 կառավարման մոդելներից որով է Հայաստանը շարունակելու իր զարգացումը»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Հայաստանն անշուշտ ունի սահմանադրական փոփոխությունների, եթե կուզեք՝ նույնիսկ նոր Սահմանադրության անհրաժեշտություն։ Նախ՝ հեղափոխությունը ծնվել է հենց 2015-ի սահմանադրական փոփոխությունների հետևանքով, որոնց նպատակը ոչ այնքան արդյունավետ կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումն էր, որքան Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը։ Գլոբալ հարթության վրա Հայաստանը կարիք ունի Սահմանադրության, որի շուրջն առկա է քաղաքական ու հանրային կոնսենսուս, մի բան, որը բացակայել է Երրորդ հանրապետության կենսագրության ողջ ընթացքում։ Մյուս կողմից՝ կարող է առաջանալ բավականին հակասական մի իրավիճակ։

Հովակիմյանը ճիշտ է՝ պետք է տեքստի միջից հանել անձերին, ինչը ենթադրում է, որ սահմանադրական ռեֆորմը միտված պետք է լինի նրան, որ Հայաստանն իրապես դառնա խորհրդարանական երկիր՝ հրաժարվելով սուպերվարչապետական համակարգից։ Ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը ներդրվում էր բացառապես Սերժ Սարգսյանի համար, որպեսզի վերջինս կարողանա լեգիտիմացնել իր անձնիշխանությունը՝ ֆորմալիստական դարձնելով նրա տեղափոխումը նախագահի պաշտոնից վարչապետի կարգավիճակին։ Ինքնին հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հրաժարվի այդ համակարգից, եթե, իհարկե, անկեղծ է հեղափոխության օրակարգի իրականացման իր ձգտումներում։

Մյուս կողմից՝ իշխանության խմբակցության ներկայացուցիչն ըստ էության ակնարկում է, որ Հայաստանը կարող է վերստին դառնալ նախագահական կամ կիսանախագահական երկիր, ինչն ինքին հակադրության մեջ է մտնում «պետք է տեքստի միջից հանել անձերին» կոնցեպտի հետ։ Օրինակ՝ եթե վերադարձ կատարվի կառավարման հին համակարգին, ապա հասարակությունն օբյեկտիվորեն կարող է մտածել, որ հիմա էլ փորձ է արվում լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությունը, մանավանդ, որ գործող վարչապետն ունի անհատական ընդգծված խարիզմա, բայց նրա շուրջը բացակայում է քաղաքական լուրջ թիմ։

Բացի այդ՝ Հայաստանի պետական համակարգի համար շատ մեծ շռայլություն կլինի վերջին հինգ տարում երկրորդ անգամ ինստիտուցիոնալ ցնցումների ենթարկվելը։ Օրինակ՝ կարծիք կա, որ երկրում կառավարման ճգնաժամ առաջացավ, որովհետև Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը չմարսեց կառավարման նոր համակարգի ինստիտուցիոնալ իրողությունները։ Նիկոլ Փաշինյանը դեռևս չունի սեփական համակարգ, սակայն փաստ չէ, որ կառավարման մոդելի փոփոխությունը չի հանգեցնելու նոր ցնցումների, որոնք կարող են ֆորս-մաժորային իրավիճակներ առաջացնել։

Spread the love