Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ հինգ ժամից ավելի տևած ասուլիսի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր ՍԴ-ին ու նրա նախագահ Հրայր Թովմասյանին։

Հարկ է նկատել, որ վարչապետը երբեք այսքան հանգամանալից ու հստակ չէր ներկայացրել իր մոտեցումները ՍԴ շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ, ինչը հուշում է, որ Բարձր դատարանի շուրջ առկա ճգնաժամը մոտ է հանգուցալուծման։

Նախ՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, արձանագրեց, որ Հրայր Թովմասյանը կորցրել է իր ազդեցությունն անգամ ՍԴ այսօրվա կազմի նկատմամբ։ Խոսելով, այսպես ասած, հիբիրդային հեղաշրջման փորձի մասին՝ վարչապետն ուղղակիորեն ասել է․ «Սահմանադրական դատարանը՝ կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են Սահմանադրական դատարանի մյուս անդամներին նույնպես ներգրավել էդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսը այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն այլ բան չի կարող ենթադրել, քան՝ այն, որ ՍԴ-ում իրավիճակ է փոխվել ու Հրայր Թովմասյանի խնդիրը կարող է հանգուցալուծվել անգամ մինչև սահմանադրական փոփոխությունները։

Նիկոլ Փաշինյանը տվել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի իրավա-քաղաքական գնահատականը։ «Հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել ինձ և մերժվել», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի պնդումներին, թե դեռ ամիսներ առաջ իշխանություններն իրեն զգուշացրել են, որ հրաժարական չտալու դեպքում կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։

Վարչապետի խոսքով՝ Հրայր Թովմասյանն օկուպացրել է Սահմանադրական դատարանը։

«2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», – հայտարարել է Փաշինյանը։

Վերջին երկու օրերին նախկին համակարգի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները Թովմասյանին ներկայացնում են մեր ժամանակների հերոսի կարգավիճակով, անգամ խոսում են այն մասին, որ նա կարող է դառնալ ընդդիմության առաջնորդ ու վարչապետի այլընտրանքային թեկնածու։ Երեկ Փաշինյանն, ըստ էության, ցրեց այս կասկածները՝ նկատելով, որ Թովմասյանի «սկզբունքայնության» տակ թաքնված է սովորական մի պատեհապաշտ, որը պատրաստ է եղել շատ արագ «հեղափոխականի գլխարկ» հագնել։

Իհարկե, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երեկ հերքել է է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ իր մասին արած պնդումները, դրանք որակելով «շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ»: «Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ», – հայտարարել է Հրայր Թովմասյանը:

Սակայն քսան օր սպասելու անհրաժեշտություն չեղավ։ Սահմանադրական դատարանի նախագահի հայտարարությանն անմիջապես արձագանքեց վարչապետը՝ Ֆեյսբուքում գրելով․ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին «շախ» է հայտարարել՝ նրան դնելով ցայտնոտի մեջ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •