ՀՀ կառավարությանը 1,5 տարվա ընթացքում հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը, ասել է Նիկոլ Փաշինյանը:
505,4 միլիարդ դրամը ավելի քան մեկ միլիարդ դոլար է: 2012 թվականից մինչեւ 2018 թ., այսինքն 6 տարում ՀՀ բյուջեի եկամուտները աճել են այնքան, որքան ընդամենը վերջին 1,5 տարում:

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները քննադատում են տնտեսական քաղաքականությունը, նշելով, որ ներդրումները նվազել են եւ գրեթե չկան, տնտեսական աճի ներկայացվող տվյալներն իրականում «որակական աճի» մասին չեն վկայում, եւ այլն: Այս քննադատությունները խոշոր հաշվով տեղին են, եւ առաջանում է հետաքրքիր հարց. այդ դեպքում ինչի՞ հաշվին է հավաքվել այդ 1 միլիարդ դոլարը, եթե որակական աճ չկա, հարկերը չեն բարձրացել, եւ այլն:

Այդ դեպքում ստացվում է, որ այդ փողը հավաքվել է ներքին ռեզերվների հաշվին: Դա էլ նշանակում է, որ տնտեսության մի զգալի հատված դուրս է եկել ստվերից: Դա էլ իր հերթին նշանակում է, որ երկրում տարեկան գոյանում էր մոտ 1 միլիարդ դոլար «սեւ փող», եւ նկատի ունենալով նախկին վարչակարգի «տնտեսական մոդելի» առանձնահատկությունները, կարելի է կռահել, թե ինչպես էր բաշխվում այդ փողը:

Միջազգային տարբեր կառույցներ իրենց զեկույցներում նշել են, որ վերջին տասնամյակներին Հայաստանից անօրինական դուրս է բերվել 10-12 միլիարդ դոլար: Եթե սրան էլ գումարենք Վերահսկիչ պալատի երբեմնի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որ բյուջեի ծախսերի 70 տոկոսը ռիսկային է, պատկերը կամբողջանա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրից թալանված փողը վերադարձնելու մասին: Արդյոք ներկայիս ներքաղաքական դիմակայությունը խորքում հենց այդ խնդրով է պայմանավորված, ընդ որում՝ ոչ միայն ներկա-նախկին տիրույթում: Համենայնդեպս, դժվար է հավատալ, որ դասական կլեպտոկրատիա հիշեցնող նախկին վարչակարգին հետաքրքրում են Ղարաբաղի խնդիրը, օրինականությունը, սահմանադրականությունը եւ այլն: Այլապես չէին բանակցի Ղարաբաղը հանձնելու տարբերակի շուրջ, չէին կեղծի ընտրություններ, չէին կնքի գազային նման պայմանագիր եւ այլն:

Այս խնդիրը դեռ շատ ջուր է քաշելու, հայ փորձագետներից ոմանք արդեն խոսում են հնարավոր ցնցումների մասին: Սեփականության խնդիրը լուրջ, հիմնարար խնդիր է, եւ նոր իշխանությանը չհաջողվեց ինստիտուցիոնալ լուծում տալ այս խնդրին: Օբյեկտի՞վ, թե սուբյեկտիվ պատճառներով՝ արդեն էական չէ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •