Կապանում տեղի ունեցած մեծ ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը, պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքը բոյկոտելու եւ չաշխատելու վերաբերյալ հարցին, ասել է, թե այդ մասին լսում է առաջին անգամ: «Եթե այդպիսի երևույթ կա, իհարկե, մտահոգում է: Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան: Կհետաքրքրվեմ ավելի մանրամասն», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դա անսպասելի հայտարարություն է, որովհետեւ տեղեկությունը, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքին, հանրահայտ է: Այդ մասին խոսվել է ամենատարբեր հարթակներում եւ դժվար է պատկերացնել, որ համացանցում, սոցցանցերում բավականին աշխույժ վարչապետը որեւէ անգամ չի պատահել այդ մասին որեւէ տեղեկության ու չի հետաքրքրվել դրանով:

Մյուս կողմից, կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ունի զբաղվածության ահռելի շրջանակ եւ հնարավոր է, որ նա իսկապես իրազեկ չէ: Այդ դեպքում հետաքրքիր է դառնում հարցը, թե ինչու՞ վարչապետի որեւէ խորհրդական, կառավարող մեծամասնության որեւէ պատգամավոր չի բարձրացրել այդ հարցը նրա առաջ:

Օրինակ, կառավարող մեծամասնության 88 պատգամավորից որեւէ մեկին չի՞ հետաքրքրել, թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը այն դատավորի մասին, որը ԱԺ քվեարկությամբ մտել է ՍԴ, բայց չի աշխատում: Ընդ որում, լինելով դատավորի թեկնածու, ի դեպ` Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, Վահե Գրիգորյանը չի հայտարարել, թե մտադիր չէ աշխատել ՍԴ-ում, քանի դեռ Հրայր Թովմասյանն ու մյուս 6 «անդամները» չեն հեռացել ՍԴ-ից:

Բոլորը գիտեին այդ մասին եւ չկա՞ր բարձրաձայնելու կարիք: Այդ դեպքում ինչ է ստացվում, չգիտեր միայն վարչապե՞տը, թե՞ նա այժմ ձեւացնում է, թե տեղյակ չէ դատավորի վարքագծից: Իսկ եթե բոլորը չգիտեին, ինչպե՞ս է, որ կառավարող մեծամասնության որեւէ պատգամավոր այս ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ չի բարձրացրել հարցը վարչապետի հետ բազում հանդիպումների ընթացքում, առնվազն պատգամավորական արժանապատվությունից ելնելով: Չէ՞ որ, եթե նախապես չգիտես, որ քվեարկում ես ապագա բոյկոտի օգտին, քվեարկությունից հետո բոյկոտ տեսնելը դառնում է արժանապատվության հարց: Ստացվում է, որ պատգամավորները ենթարկվել են անբարեխիղճ մոլորեցման:

Իսկ, ինչպես ասում են, դժվարն առաջին անգամ մոլորվելը կամ մոլորեցվելն է: Ընդ որում, դա գուցե նաեւ վարչապետի առնչությամբ՝ եթե նա տեղյակ չէր մինչեւ հունվարի 25-ը, կամ հանրության հանդեպ վարչապետի վերաբերմունքի առանչությամբ՝ եթե նա տեղյակ էր, բայց հայտարարեց, թե տեղյակ չէ:

Որովհետեւ առաջանում է մեկ այլ հարց. իսկ ի՞նչ է լինում հետո: Ենթադրենք վարչապետը տեղեկացավ: Նա ստանձնելու է Վահե Գրիգորյանին արդարացնելո՞ւ, թե՞ քննադատելու պահվածքը, ինչպես օրինակ Գրիգորյանն էլ մինչ այդ քննադատել էր ՍԴ խնդրի հանդեպ խորհրդարանի մեծամասնության պահվածքը:

Որովհետեւ, եթե Վահե Գրիգորյանը սկսում է աշխատել, ապա առաջանում է մեկ այլ խնդիր. կստացվի, որ այդ հարցում ազդեցություն է ունեցել վարչապետը: Իսկ դա կնշանակի, որ վարչապետն ազդել է ՍԴ դատավորի վրա եւ կստացվի, որ մեծ հաշվով չկա տարբերություն՝ Թովմասյան, թե օրինակ Գրիգորյան:

Հարցը մանրու՞ք է թվում: Հազիվ թե ավելի, քան խորհրդանշական գրիչը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •