Նոր աղմկոտ դատավարություն, որտեղ գլխավորը Սերժ Սարգսյանն է

- in Ով ով է ...
serzh-sargsyan

Հայտնի է դարձել, որ պատրաստ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը, որն առնչվում է սուբսիդիոն դիզվառելիքի պատմությանը:

Դրանով մեղադրանք է ներկայացված հինգ անձի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Նրան մեղադրում են պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս պատճառած որոշման համար: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը կառավարությանը հրահանգել է ավելի թանկ վառելիք գնել իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի ընկերությունից՝ ավելի էժան առաջարկող ընկերության փոխարեն: Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործընկեր, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Այդպիսով, առաջիկայում փաստորեն կմեկնարկի նոր աղմկոտ դատավարություն, որտեղ գլխավոր ֆիգուրը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Նրա գլխավորած ՀՀԿ-ն գործը համարում է քաղաքական հետապնդում, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և գործի առումով: Այստեղ զուգահեռը ունի հետաքրքրաշարժ ասպեկտ: Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացրել էր հերթական միջնորդությունները՝ հերթական անգամ ձգելով մարտիմեկյան դատական գործընթացի բուն բովանդակային քննարկումը: Սերժ Սարգսյանն արդյոք իր դատական գործում կվարվի՞ նույն կերպ՝ անընդհատ միջնորդություններով փորձելով ձգել բուն դատավարությունը: Սարգսյանն իհարկե խափանման միջոցի առումով կալանավորված չէ, հետևաբար միջնորդությունները չեն առնչվի ազատությանը, սակայն հնարավոր է թերևս գտնել ամենատարբեր այլ առիթներ ու պատճառներ՝ դրանք ներկայացնելու և դատավարության բովանդակային մասը ձգելու համար:

Պահն այստեղ իրապես հետաքրքիր է, քանի որ այդպիսով Սերժ Սարգսյանը դառնում է «յուրօրինակ» մրցակից Ռոբերտ Քոչարյանի համար: Նախորդ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի նոր ձևավորված պաշտպանական հանձնախմբի անդամ Աղվան Վարդանյանը դժգոհում էր, որ երկարող գործընթացը, դատավարության ձգձգումը կարող է հանրության մեջ առաջացնել խնդրի հանդեպ անտարբերություն: Մի կողմ դնենք այն, որ դատավարությունը ձգողներից մեկը, իսկ գուցեև առաջինը հենց երկրորդ նախագահի պաշտպանական մարտավարությունն է:

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի «զուգահեռ» գործը փաստորեն «կիսելու» է Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ հետաքրքրությունը, և այդժամ իր հանդեպ ուշադրությունը ամբողջական պահելու համար երկրորդ նախագահը ունենալու է որևէ անսպասելի քայլի անհրաժեշտություն: Ո՞րը կլինի այդ քայլը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...