Անվտանգության նոր համակարգեր. Հայաստանը խաղի մեջ եւ արանքից դուրս

- in Վերլուծական

Պարսից ծոցի անվտանգության մեր հայեցակարգը շարունակում է լինել սեղանին դրված, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը խոսել է ամիսներ առաջ ՌԴ առաջարկի մասին, որը վերաբերում է ռեգիոնում անվտանգության ու գործակցության կազմակերպություն ստեղծելուն՝ գրեթե ԵԱՀԿ օրինակով:

Ռուսաստանի այդ առաջարկն ըստ երեւույթին պայմանավորված է ամերիկյան գաղափարով, որ 2018 թվականին բարձրաձայնել է նախագահ Թրամփը: Խոսքը մերձավորարեւելյան ՆԱՏՕ-ի մասին է, որում ԱՄՆ ծրագրում էր ներառել արաբական երկրներին:

Բայց, ներարաբական հակադրության պատճառով այդ գաղափարը թվում է դժվար իրականանալի: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի չեզոքացումից հետո ԱՄՆ-ն մերձավորարեւելյան անվտանգության հանգամանքը սկսեց դիտարկել ոչ թե արաբական ՆԱՏՕ-ի, այլ ռեգիոնում ՆԱՏՕ-ի դերի մեծացման եւ ընդլայնման շուրջ:

Ըստ երեւույթին, ԱՄՆ գաղափարի վերբեռնմանն ի պատասխան Մոսկվան հիշեցնում է իր առաջարկի մասին: Այստեղ հետաքրքիր վիճակ է, նկատի ունենալով այն, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մերձավորարաւելյան անվտանգային համակարգում որոշակիորեն բեւեռացնում է Իրանը: Եթե Թեհրանը այդ հնարավորությունից օգտվի արդյունավետ՝ իսկ առայժմ ընդհանուր առմամբ կա այդպիսի միտում, ընդհուպ Իրանի ներսում իրադրության հեռանկարի տեսանկյունից, ապա Մոսկվայի համար շատ բարդ կլինի ռեգիոնալ անվտանգության հեռանկարների հարցում լինել ԱՄՆ գլխավոր «սպարինգ-գործընկերը» կամ մրցակիցը:

Ամեն ինչ հարկ կլինի անցկացնել «Իրանի միջով»: Ի՞նչ կանի Մոսկվան այդ պարագայում՝ կշարունակի՞ ընկերությունը Թուրքիայի հետ, եթե իհարկե շարունակի Անկարան՝ դեմ գնալով ՆԱՏՕ-ի տրամաբանության շրջանակում խաղալու ամերիկյան առաջարկ-պահանջին, թե՞ Մոսկվան կփորձի միանալ Թեհրանին, բայց ոչ թե անվտանգության նոր համակարգով, այլ գոյություն ունեցող՝ ՀԱՊԿ հետ կապված առաջարկով:

Ակնառու է, որ որեւէ պարագայում կարեւոր է լինելու Հայաստանի դերն ու նշանակությունը: Երեւանի համար խիստ անցանկալի կլինի մերձավորարաւելյան անվտանգության համակարգի շուրջ քննարկումներում երկու կամ ավելի բեւեռների միջեւ մնալու իրադրությունը: Ըստ այդմ կպահանջվինախաձեռնություն, որը Երեւանը դուրս կդնի այդ արանքից, բայց ոչ խաղից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments