Սա շատ թափանցիկ, տրամաբանական ու վաղուց  սկսված գործընթաց է, որը շարունակական է լինելու, այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հանրապետության մի շարք համայնքներում ծննդատների փակման հարցին: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է չֆինանսավորել այն համայնքների ծննդատները, որտեղ տարեկան 150-ից պակաս ծնունդ է գրանցվում:

«Այսօր էլի լսեցի, որ ասում են՝ դե ուրեմն այդ չափանիշները թող մյուս մասնագիտությունների գծով էլ լինի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ գրեթե բոլոր ծառայությունների մասով այսպես պետք է լինի: Եվ նույնկերպ վիրաբուժական կամ միջամտական ծառայությունները չեն կարող լինել եզակի, օրինակ՝ տարեկան մեկ կամ թեկուզ տասը վիրահատություն: Առողջապահությունը մարդու կյանքի հետ կապված գործունեություն է, որտեղ ծավալները ուղիղ կապ ունեն որակի հետ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ մանկաբուժության մասով ևս ըստ մակարդակների ծառայության արդեն բաժանում է իրականացվում :

«Ներկայացնեմ այն ծննդատների թվերը, որոնց մասին վերջին մի քանի օրերին խոսվում է: Եվ մի երկուսի անունն էլ կտամ, որոնք ունեին ծննդօգնություն, բայց չէին աշխատում: Դրանք են Գառնին, Ջերմուկը և Արագածը, որոնք պրակտիկորեն չեն աշխատում, բայց տարվա մեջ մեկ-երկու ծնունդ ընդունում են: Նման կերպ, օրինակ, ծնունդ կարելի է ընդունել շտապ օգնության մեքենայի մեջ՝ շտապ դեպքերով: Մյուս տեղերը՝ Մարալիկի առողջության կենտրոն, Աչաջրի, Արտենիի առողջության կենտրոն: Սրանք փաստացի հիվանդանոցներ էլ չեն, գյուղական ամբուլատորիաներ են, որոնք վերանվանվել են առողջության կենտրոնների: Արծվաբերդն է մյուս առողջության կենտրոնը, Քաջարանը, Ծաղկահովիտը և Նաիրի ԲԿ-ն, որը Եղվարդի ԲԿ-ն է: Եվ երբ մենք նայում ենք այս հաստատությունների ծնունդների թվերը, միայն երկու տեղ ունենք փոքր աճ:

Թվերը հետևյալն են՝ Մարալիկը՝ 2018-19 թվականներ՝ 126-102 ծնունդ, Աչաջուր՝ 88-79, Արտենի՝ 41-26, Ծաղկահովիտ՝ 48-63, Արծվաբերդ 14-10, Քաջարան՝ 42-46, Նաիրի՝ 119-136: Միանգամից պատասխանեմ՝ ինչո՞ւ 150 ծնունդ: Իրականում 150-ը շատ ցածր թիվ է՝ ծախսի արդյունավետության ու որակի տեսանկյունից: Եվ ամենասկզբում մեր կողմից քննարկվում էր տարեկան մինիմում 300 ծնունդ տարբերակը, որ օրական գոնե մեկ ծնունդ լինի: Սակայն քանի որ նման ծննդատները շատ են, մենք շեմն իջեցրեցինք 150-ի, որ գոնե երկու օրը մեկ ծնունդ լինի»,- ասաց Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ այս զարգացումների ֆոնին ուզում է հարց տալ՝ մենք ուզո՞ւմ ենք մանկական ու մայրական մահացության հարցով լուրջ զբաղվել: Եթե ուզում ենք, ապա կառավարության քաղաքականությունը միանշանակ ճիշտ է:

«Նույնկերպ խոսքս ուղղում եմ ԱԺ պատգամավորներին՝ եթե այդ սկզբունքը բոլոր մեր քաղաքացիների համար ընդունելի է, ապա բանակցելու շատ բան չկա իրականում: Եթե ընդունելի չէ, ուրեմն մենք լուրջ պրոբլեմ ունենք մեր երկրում, եթե նորածնային ու մայրական մահացությունն իջեցնելը մեր համար նպատակ չէ»,- հավելեց Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով վերոնշյալ ծննդատների բուժանձնակազմի պնդումներին, թե իրենց մոտ մանկական ու մայրական մահացությունների դեպքեր չկան՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Իհարկե, չեն եղել: Եվ բարեբախտաբար չեն եղել, որովհետև մենք ի սկզբանե էլի հղում տալով իրենց մասնագիտական գիտելիքներին՝ բոլոր բարձր ռիսկի հղիությամբ հղիներին տեղափոխում ենք մոտակա ավելի բարձր մակարդակի ծննդատուն: Բայց պատկերացրեք մի ծննդատուն, որտեղ չկա վիրահատարան: Ծննդաբերության ժամանակ հրատապ անհրաժեշտություն է առաջանում կեսարյան հատման, ինչ է անելու այդ ծննդատուն, փորձելու է էլի ծնունդը տեղափոխել ավելի բարձր մակարդակի ծննդատուն: Բայց ինչու դա անել հրատապ, ինչու այդ անել՝ վտանգաելով ծննդկանի ու երեխայի կյանքը, եթե դա կարելի է անել ավելի պլանավորած»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց նաև վերջին օրերին հնչող հետևյալ հարցադրմանը՝ ծննդատները փակելով՝ կառավարությունն ինչպե՞ս է ապահովելու ծնունդների աճ: «Ծնունդներն ավելացնելու ենք ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելով և մարդկանց՝ ծննդաբերելու ցանկությունն  ավելացնելով»,- ասաց նա՝ նշելով, որ ծնունդների ավելացման ուղղությամբ պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու: Նախնական թվերով՝ 2019 թվականին ևս ծնունդների թիվը մի փոքր նվազել է: Բայց անկման տեմպն ավելի ցածր է, քան նախկինում: Եթե 2018-ին 2017-ի համեմատ անկման տեմպը եղել է –1000 ծնունդ, ապա 2019-ին 2018-ի համեմատ արձանագրվել է -700 ծնունդ: Եթե տենդենցն այսպես գնա, ապա, ըստ նախարարի, ծնունդների թիվը հավասարվելու է, հետո արդեն արձանագրվելու է աճ: «Այսինքն՝ ոչ պատշաճ ծառայություններ մատուցող հաստատությունները պահելով չէ, որ մենք պետք է ծնունդների աճ ապահովենք: Այլ հակառակը, պետք է բարձրացնենք ծառայությունների որակը: Այս տարի մենք ծննդօգնությանն ուղղված 700 մլն դրամ ավելի գումար ունենք, մենք 1.9 մլրդ դրամ, միայն ծնելիության ծրագրի վրա ունենք դրված»,- հավելեց Թորոսյանը:

2019 թվականին Հայաստանում մայրական մահացության 19 դեպք է գրանցվել: Դեպքերի մի մասն ընդհանրապես կապ չի ունեցել ծննդաբերական ծառայության հետ և պայմանավորված է եղել այդ կանանց հարակից հիվանդություններով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Սակայն սա առողջապահական համակարգի թերությունների մասին է խոսում, որովհետև նման հարակից հիվանդություններով կանայք պարզապես չպետք է հղիանային, որպեսզի իրենց կյանքը չվտանգվեր: Սակայն այստեղ կա նաև սոցիալական կոմպոնենտը, որովհետև  հաճախ կանայք պարզապես չեն այցելում բժշկի»,- ասաց նա:

Նախարարության քաղաքականությունն, ըստ Արսեն Թորոսյանի, միտված է մայրական ու մանկական մահացության ցուցանիշի նվազեցմանը: Նպատակ կա այս տարվա ընթացքում մեկ պրոմիլով նվազեցնել մանկական մահացությունները: Եվ նպատակ կա 1000 կենդանածնի հաշվով հասնել 2-3 պրոմիլ ցուցանիշի, ինչը եվրոպական ցուցանիշ է: «Նախորդ տարի մեզ մոտ եղել է 7.2 պրոմիլ, ինչն արդեն ցածր ցուցանիշ է, բայց պետք է իջնենք ու հասնենք Արևմտան Եվրոպայի ցուցանիշներին»,- ասաց նախարարը: