Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում կստեղծվի ուկրաինական խոցված օդանավի քննության հատուկ դատարան:

Ըստ Իրանի նախագահի, այն պետք է հետաքննի, թե ինչ պայմաններում է խոցվել օդանավը: Բոլորը գիտեն, որ ուկրաինական օդանավը խոցվել է սխալմամբ, սակայն պետք է իմանալ, թե ի՞նչ պայմաններում է դա տեղի ունեցել, հայտարարել է Իրանի նախագահ Ռոհանին:

Նախագահ Ռոհանին փաստացի ակնարկում է, որ սխալը կարող էր լինել ոչ պատահական: Տեղեկություն է տարածվել, որ կան տեղի ունեցածի համար ձերբակալվածներ:

Այն բանից հետո, երբ Իրանը խոստովանեց, որ սխալմամբ խոցել է քաղաքացիական օդանավը՝ դառնալով մոտ 180 մարդու մահվան պատճառ, Իրանում տեղի ունեցան հակակառավարական, հանրահավաքներ, որոնց մասնակիցները թիրախավորում էին Իրանի հոգեւոր առաջնորդին:

Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հնարավոր զարգացումների դիտարկման համատեքստում անշուշտ առանցքային ուղղություններից մեկն այն էր, թե պահպանողական թեւի առանցքային ներկայացուցչի, նախագահի թեկնածուի հավակնորդի չեզոքացումը ինչ ազդեցություն կթողնի Իրանի ներքաղաքական հարաբերակցության վրա:

Հայաստանում օրինակ իրանագետների տարածված կարծիքն այն էր, որ Բաղդադում տեղի ունեցածը կուժեղացնի պահպանողական թեւը: Մեկնաբանության տրամաբանությունն այն էր, որ Սոլեյմանիի կորուստը Իրանի հանրությանը կհամախմբի կոշտ գծի կողմնակիցների շուրջ, որտեղ առանցքային ուժը հոգեւոր առաջնորդն է:

Օդանավի  խոցումը սակայն որոշակիորեն առաջացրեց այլ պատկեր՝ հոգեւոր առաջնորդը հայտնվեց թիրախում, պահպանողական թեւը «սխալվեց»: Արդյոք հատուկ դատարանի միջոցով նախագահ Ռոհանին փորձելու է այսպես ասած «ամրապնդել» այդ սխալը: Արժե նկատել, որ Հասան Ռոհանին դիտարկվում է Իրանի վերնախավի ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ:

Իրանի ներքին զարգացումներն ու ուժերի հարաբերակցությունը շատ կարեւոր է այդ երկրի ռեգիոնալ վարքագծի հեռանկարի իմաստով: Մյուս կողմից, սակայն, իրադարձությունների զարգացումն ըստ ամենայնի տեղափոխվում է ռեգիոնալից ներիրանյան դաշտ, արտաքին դիմակայության պահպանմանը զուգահեռ: