Ո՞վ է լինելու հաջորդը ու ե՞րբ

- in Ով ով է ...

2020 թվականի, այսպես ասած, աշխատանքային տարին՝ ութօրյա հանգստից հետո, մեկնարկել է կառավարությունում պաշտոնանկություններով:

Հունվարի 9-ին անսպասելիորեն հայտարարվեց վարչապետի խոսնակի պաշտոնանկության մասին, ինչի առնչությամբ մամուլում արդեն իսկ շրջանառվել են մի քանի վարկածներ՝ աշխատանքային թերացումից մինչև ներիշխանական ինտրիգներ: Հունվարի 10-ին հայտնի է դարձել Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոնանկության վարչապետի որոշման մասին:

Ո՞վ է լինելու հաջորդը ու ե՞րբ՝ առաջանում է հարց: Իհարկե, անլուրջ է կարծել, թե ամեն օր պաշտոնանկ կարվի մի որևէ պաշտոնյա, սակայն 2020 թվականին կադրային էական փոփոխությունների հավանականության մասին խոսակցությունների հիմք տվեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ տարեվերջին իր հայտնի և բավականին աղմուկ հանած ելույթներից մեկով, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ու ինքը կջարդի այդ դիմադրությունը: Դա տվեց բազմաթիվ գնահատականների ու մեկնաբանությունների առիթ՝ «ռևանշի» կամ «հակահեղափոխության» տրամաբանության կամ տրենդի մեջ, սակայն վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի շոշափել էր ավելի լայն հարց՝ պետական կառավարման համակարգում մտածողության հարցը, որը, խոշոր հաշվով, շատ ավելի լայն ու խոր հարց է, քան նորի և նախկինի, նորի ու հնի «հավերժական» դարձող հարցը:

Ավելին, հեղափոխությունից հետո մեկուկես տարի անց հնի վտանգավորության մասին գնահատականները, մեղմ ասած, քիչ կապ ունեն իրերի դրության և ուժերի իրական հարաբերակցության հետ, որովհետև նոր կառավարության, կառավարող նոր ուժի համար ամենամեծ վտանգը գործնականում հենց հնից նոր տեղափոխվող մտածողությունն է, որտեղ խնդիրը լավը կամ վատը, չարը կամ բարին չեն, այլ հեռանկարի պատկերացումները, սեփական դերի, առաքելության գիտակցումը, պատմական պահի համատեքստում աշխարհընկալումը:

Նոր իշխանությունն արդեն բավականին կայացած ու ամրացած է, միաժամանակ բավականին էական հանրային վստահությամբ՝ հնի վտանգավորության խնդիր չունենալու համար: Նոր իշխանության խնդիրը կամ վտանգը այլևս կարող է լինել հենց ինքը՝ իշխանությունը: Եթե իրավիճակը չգնահատվի այդ խորքային տեսանկյունից, այլ մնա նորի ու հնի «ռևանշա-հակահեղափոխական» հարաբերակցության տրամաբանության մեջ, ապա նոր իշխանության համար սեփական «վտանգավորության» խնդիրը աստիճանաբար տարածվելու և ընդլայնվելու է «մոլախոտի» նման:

Արդյոք 2020 թվականն այդ իմաստով լինելո՞ւ է քաղհանի կամ արմատախիլ անելու տարի: Բայց ի՞նչ է ցանելու Փաշինյանը՝ կարևորն անշուշտ դա է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...