Ո՞ր երեք թեկնածուներն են, որ Սամվել Բաբայանին ներկայացրել են իրենց թեկնածությանն աջակցելու առաջարկ

- in Ընտրություններ
Samvel Babayan

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ խոսում է առաջիկայում Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրությանը ներգրավվածության, դիրքորոշման մասին, մասնավորապես այս կամ այն թեկնածուի հետ աշխատելու իմաստով:

Գրասենյակը հայտարարության առիթ է ներկայացրել հարցերը, որ ուղղվում են այդ առնչությամբ, ասելով, թե դիտարկում են առաջարկներ կուսակցություններից և նախագահի երեք թեկնածուից:

Իսկապե՞ս շատ են Սամվել Բաբայանի գրասենյակին ուղղվող այդ հարցերը, թե՞ այդուհանդերձ Բաբայանն իր գրասենյակի հայտարարությամբ փորձում է ինտրիգ հաղորդել իր ներգրավվածության հարցին և, այսպես ասած, նախագահի թեկնածուներին ուղարկել ազդակ, որ «շտապեն» իրեն առաջարկ ներկայացնելու հարցում:

Ո՞ր երեք թեկնածուներն են, որ Սամվել Բաբայանին ներկայացրել են իրենց թեկնածությանն աջակցելու առաջարկ: Արցախի նախագահի ընտրության համար հավանական է մոտ մեկ տասնյակ թեկնածուի առաջադրում: Հիմնական ֆավորիտ թեկնածուների շրջանակը, սակայն, ավելի փոքր է՝ արտգործնախարար Մասիս Մայիլյան, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյան, որը դիտարկվում է նախկին իշխող համակարգի շրջանակում: Էական դեր կարող է ունենալ ՀՅԴ թեկնածուն՝ Դավիթ Իշխանյանը, իհարկե առավելապես Արցախում ՀՅԴ կառույցի ինստիտուցիոնալ մրցունակության շնորհիվ: Կա՞ Սամվել Բաբայանին դիմած որևէ թեկնածու հիմնականների շրջանակից:

Մամուլում տարբեր առիթներով տեղեկություն է եղել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին, ինչին ի պատասխան Հարությունյանը նշել է, որ այդ հանդիպումները չեն առնչվել նախագահի ընտրությանը համատեղ ծրագրերի: Սամվել Բաբայանը արեց նախագահի ընտրությանն անմիջական մասնակցության փորձ, որը, սակայն, Արցախի իշխող վերնախավը մերժեց՝ չհամաձայնելով Սահմանադրությունը փոխելու նրա նախաձեռնությանը: Բաբայանն այժ Արցախի դատարանում վիճարկում է իրեն արցախյան գրանցումից դուրս թողնելու օրինականությունը:

Սամվել Բաբայանի արցախյան դերակատարման շուրջ ծավալվեցին խոսակցություններ ապակայունացման վտանգի մասին, ինչին ի պատասխան էլ պաշտոնական Ստեփանակերտը թե՛ նախագահի, թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ ղեկավարի մակարդակով հայտարարեց, թե որևէ մեկին թույլ չի տա խախտել սահմանադրական կարգն ու ապակայունացնել Արցախը: Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ երբ խոսում էր Բակո Սահակյանը, Բաբայանի կողմնակիցները փորձեցին խանգարել, ընդհատել նրան: Իրավիճակը հարթեց այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ասելով, թե տեղն ու ժամանակը չէ: Բաբայանն էլ հայտարարություն տարածեց, որ ինքը իրավիճակ ապակայունացնող չէ, և եթե առաջանում է այդպիսի վտանգ, ապա ինքը պարզապես հեռանում է: Ովքե՞ր են Սամվել Բաբայանին արել «մնալու» առաջարկ:

Օրերս Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը հավաքել էր նախագահի թեկնածուներին և նրանց հորդորել պայքարը մղել փոխադարձ հարգանքի պայմաններում՝ այդ հարցում իրեն համարելով, այսպես ասած, պատասխանատու: Նախորդ տարեվերջին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ էր այցելել, Բակո Սահակյանի հետ հանդիպել նախագահի երեք թեկնածուներին՝ Մասիս Մայիլյանին, Արայիկ Հարությունյանին և Աշոտ Ղուլյանին, ու այն ժամանակ դեռևս թեկնածության մասին չհայտարարած Դավիթ Իշխանյանին: Փաշինյանը խոսել էր Երևանի ընտրության օրինականության երաշխավոր լինելու մասին:

Սամվել Բաբայանին դիմող նախագահի թեկնածուները ա՞յդ շրջանակից են, թե՞ նաև «դրսից», օրինակ՝ Վիտալի Բալասանյանը: Թե՞ բանն այն է, որ առ այսօր չի դիմել ոչ ոք, և հենց դրանով էլ պայմանավորված է Բաբայանի տակտիկական հայտարարությունը՝ խաղից դուրս չմնալու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments