Ոմանք կարծում են, թե գրիչը այնքան էլ հիմնավոր փաստարկ չէ, բա ի՞նչ է

- in Կարծիք

Վարչապետ Փաշինյանը հրապարակեց այն փաստը, որի մասին խոստացել էր երեկ: Խոսքը թանկարժեք գրիչի մասին է, որը Թովմասյանը մի առիթով տվել է Փաշինյանին, բայց հետո հրաժարվել հետ վերցնել այն: Հիմա սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այս թեման: Ոմանք կարծում են, թե գրիչը այնքան էլ հիմնավոր փաստարկ չէ Թովմասյանի կողմից Փաշինյանին ծառայություններ մատուցելու պատրաստակամությունն ապացուցելու համար:

Խնդիրը, սակայն, գրիչը չէ: Ավելի շուտ գրչով չէ, որ պետք է ապացուցվի այն, որ ՍԴ շուրջ կենտրոնացնելով իրենց բոլոր ռեսուրսները ռևանշիստները փորձում են առևտրի մեջ մտնել իշխանության հետ: Սկզբում պարզապես թավշյա մթնոլորտից օգտվելով փորձել են քծնանքի մեթոդը, իսկ հիմա անցել արդեն վերջնագրային հռետորաբանության: Ընդ որում միայն Թովմասյանն ու ՍԴ-ն ռևանշիստական հարձակման հենակետ դիտարկողները չեն այդպես վարվել:

Բազմաթիվ փաստաբաններ, փորձագետներ, նախկին քաղաքական համակարգի սուբյեկտներ հեղափոխությունից երեք-չորս ամիս անց այլ տեքստեր էին հնչեցնում հույս ունենալով որևէ պաշտոնի, իսկ այդ հույսերը չարդարանալուց հետո բոլորովին այլ, բովանդակային առումով հակառակ բաներ են ասում մոտիվացվելով շատ կոնկրետ շրջանակներից:

Այնպես որ որևէ արտառոց բան չկա: Օրինաչափ գործընթացներ են: Վարչապետի հրապարակած փաստը ընդամենը մեկ կոնկրետ, շատ վառ իլյուստրացիա է: Պարզապես անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունն իր որդեգրած քաղաքական գիծն ավելի համակարգային և հասարակական ակնկալիքների ռիթմին ներդաշնակ իրացնի, որպեսզի ռևանշիստները շարունակեն մնալ լուսանցքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments