«Չխփեի՞, որ սիրտս հովանար». Արմավիրում 42-ամյա կինը եղբոր սպանության համար վրեժխնդիր է եղել նախկին ամուսնու ծնողներից

- in Իրավունք
cec

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Կարինե Մ.-ի և Սիմոն Մ.-ի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները հայր և դուստր են:

Դեպքի պահին հայրը 66 տարեկան էր, դուստրը՝ 42:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Արմավիրի մարզի բնակչուհի Կարինե Ս.-ն ամուսնացել էր համագյուղացու հետ: Ամուսինների հարաբերությունները լարված են եղել: 2011 թվականի փետրվարին Կարինեի եղբայրն ու ամուսինը վիճաբանել են, որի ժամանակ Կարինեի ամուսինը դանակով հարվածներ է հասցրել ու սպանել կնոջ եղբորը: Այդ արարքի համար նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Կարինեն շարունակել է բնակվել ամուսնու ծնողների տանը՝ իր համար առանձին մուտք բացելով: Նա  բնակվել է նաև նույն գյուղում գտնվող իր հայրական տանը:

2016 թվականի հուլիսի 31-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Կարինեն նախկին ամուսնու կողմից եղբորը սպանելու համար՝ սպանությունից 5 տարի անց, նախկին սկեսուրից ու սկեսրայրից վրեժխնդիր լինելու նպատակով, հոր հետ նախնական համաձայնությամբ գնացել է սկեսրայրի տուն, որտեղ, ըստ մեղադրանքի՝  Սիմոն Մ.-ն՝ ուրագով, իսկ Կարինեն՝ փայտով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել տուժողներ Սուրեն Ե.-ի ու Աիդա Ե.-ի մարմնի տարբեր մասերին:

Սուրեն Ե.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել են ծանր վնաս՝ գլխի աջ ու ձախ կողմնոսկրային շրջանների, ճակատի միջին հատվածի սալջարդ վերքերի, աջ կողմնոսկրի ներհրված,  բազմաբեկորային կոտրվածքի, գլխուղեղի աջ գագաթային շրջանի սալջարդ-ճնշման, ներուղեղային արյունազեղման, ողնաշարի ողերի ելունների կոտրվածքի, կողի և աջ դաստակի կոտրվածքների և այլ վնասվածքների ձևով:

Աիդա Ե.-ի առողջությանը հայր և դուստր պատճառել են միջին ծանրության վնաս՝ գլխի աջ և ձախ կողմնոսկրային շրջանների սալջարդ վերքերի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, ողնաշարի գոտկային ողերի ելունների կոտրվածքի և այլ վնասվածքների ձևով:

Կատարած արարքների համար Կարինեին ու Սիմոնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի  6-րդ և 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:

Դատարանում Կարինե Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար: Հայտնել է, թե դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսին, եղբոր երեխայի հետ գնացել է եղբոր գերեզմանին, տեսել է, որ կարկուտը կոտրատել է գերեզմանի ծաղիկները:

Վրդովված տուն է վերադարձել, իրեն զգացել է «խաբված, թալանված»: Իր տղան այդ ժամանակ Ռուսաստանում էր: Եղել են գոռգոռոցներ, իրեն անպատվել են, ինքն էլ ասել է՝ հեսա ցույց կտա: Դրանից հետո ոչինչ չի հիշում՝ «երազի նման կարծես լիներ»:

Ինքը նախկին ամուսնու ծնողների տանն ապրելու համար առանձին մուտք էր բացել: Ինքը այդ օրը մենակ է գնացել տուժողների տուն, հոր գալը չի իմացել: «Այնքան լցված էր՝ ով դեմը դուրս գար, նույնն էր լինելու»… Հիշում է սկեսրայրի աչքերը… Հոր գործողությունների մասին տեղյակ չէ: Որ ինքը կատարել է արարքները՝ փաստ է, ընդունում է, զգում է, որ «ժամանակին չի արել»: Զղջում է կատարվածի համար. «Մարդը պետք է կենդանուց, գազանից տարբերվի»… Այո, արել է, մեղավոր է…

Ամբաստանյալ Սիմոն Մ.-ն նույնպես դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե դեպքի օրը եղել է դաշտում: Եկել է տուն, տեսել է՝ Կարինեն տանը չի: Ուշանում էր, արդեն մութ էր: Գնացել, տեսել է՝ նա Սուրենին արդեն խփել է: Փողոցում Աիդային են բռնել, խփել: «Նրանք հասցրել էին իրենց»: Կարինեի ձեռքից ուրագը վերցրել, տարել է տուն: Ինքը ուրագով երկու անգամ հարվածել է Աիդային, իսկ Սուրենին չի հարվածել: Սուրենին տեսել է «դալանի տակ ընկած», Աիդան այդ ժամանակ փորձում էր փախչել: Սուրենի մասով ինքը ոչինչ չի արել, բայց իր վրա է վերցրել, որ Կարինեն չտուժի: Նրանք իր տղային սպանել, երեխաներին որբ են թողել: Նրանց տղան է սպանել իր տղային: «Ինքն ի՞նչ է արել, որ զղջա, իր տեղն ով էլ լիներ…  Չխփե՞ր, որ սիրտը հովանար…»: Ըստ Սիմոնի՝  ինքը դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Եվ եթե վրեժի համար անելու լիներ, վաղուց արած կլիներ…

Տուժող Աիդա Ե.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 22-ի սահմաններում ինքն ու ամուսինը տանն էին՝ լույսերն անջատած, ննջարանում քնած էին: Դրսից տարօրինակ ձայներ են լսել: Այգու կողմից լսվել է շան հաչոցը: Ամուսինը գնացել է այդ ձայների վրա:Երկար ժամանակ չի վերադարձել: Ինքն անհանգստացել, գնացել է նրա հետևից: Դուռը բացել ու տեսել է, որ Կարինեն ու Սիմոնը ձեռքերին եղած առարկաներով հարվածում են ամուսնուն: Վերջինս արնաշաղախ պառկած էր տան շեմքին: Ինքը վախեցել ու փորձել է փախչել դեպի փողոց, օգնություն կանչել: Կարինեն նկատել, վազել է իր հետևից: Իրենց տան մուտքի մոտ նա սկսել է իրեն հարվածներ հասցնել ձեռքի առարկայով: Վայրկյաններ անց մոտեցել է Սիմոնը, նա էլ է իրեն հարվածներ հասցրել: Ինքը շոկի մեջ էր, չի հիշում՝ ում ձեռքին կոնկրետ ինչ առարկա էր…

Տուժող Աիդա Ե.-ն դատարանում պնդել է նախաքննական ցուցմունքը, ավելացրել է, թե «տան համար էին իրենց սպանում»:Երկուսով էլ հարվածել են, հարսն ավելի ուժեղ էր խփում: Ամուսնու մեջքին այնպես էին խփել, որ փայտը կոտրվել էր: Իրեն ուրագով հարվածել է հարսը, գլուխը ճղել է, մարմնին անվնաս տեղ չէին թողել: Ինքը հարվածներից ընկել է, մնացածը չի հիշում: Սկզբում, երբ տեսել է՝ ինչպես էին ամուսնուն հարվածներ հասցնում, սաստիկ վախեցել է, ցանկացել է փախչել… Իր կարծիքով՝ եկել էին սպանելու՝ տան համար… Սիմոնը, ում Յուրիկ են ասում, իրեն գցել է քարի վրա, մեջքը վնասել է: Հարևաններն են եկել ձայների վրա: Ամուսինը դեպքից ամիսներ անց մահացել է, նրա թաղումը հարևանների օգնությամբ են արել… Իր պահանջն այն է, որ Կարինեն հեռանա… Նախկինում իրենք հաշտ են եղել, ներկայումս թշնամի են… «Թող դատավորը որոշի՝ ինչպես վարվի…»:

Տուժող Սուրեն Ե.-ն նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Կարինեի ձեռքին փայտ էր, հոր ձեռքին՝ ուրագ: Ինքը մոտեցել է նրանց, նրանք առանց բառ ասելու սկսել են իրենց ձեռքի առարկաներով հարվածել: Իր գլխին ուրագով հարվածել է Սիմոնը…

Իր կարծիքով՝ նրանք այդպես են վարվել իրենց հետ, քանի որ իրենց որդին սպանել էր Սիմոնի որդուն…

Տուժողների դուստրերը դատարանում ասել են, թե Կարինեն միշտ հալածել ու անիծել է իրենց  ծնողներին, Կարինեն ու հայրը փայտով և ուրագով խփել են նրանց, իրենց հայրը եղել է արյան մեջ ընկած…  Կարինեն քսան և ավելի տարիներ հարս է եղել իրենց տանը, սկզբում՝ լավ, հետո եղել են անախորժ հարաբերություններ: Նրանք դաժան ծեծի են ենթարկել տարիքով մարդկանց, իրենց հայրը դեպքից յոթ ամիս անց մահացել է ութսուն տարեկան հասակում: «Այդքանից հետո բա չպատժվե՞ն: Պետք է օրենքով պատժվեն իրենց կատարածի համար…»:

Դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Հաշվի է առել, որ ամբաստանյալները երկուսն էլ վատառողջ են: Սիմոն Մ.-ի խնամքին են իր կինը, սպանված որդու կինն ու երեխաները…

Կարինե Մ.-ն և Սիմոն Մ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:

Կարինե Մ.-ն դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 4 ամիս 13 օրը, վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի 1 ամիս 17 օր ազատազրկում: Պատժի սկիզբը կհաշվվի Կարինե Մ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Սիմոն Մ.-ն դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Տուժող կողմը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Կարինե Մ.-ից ու Սիմոն Մ.-ից համապարտությամբ հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 151 հազար 598 դրամ գումար՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments