Չորս տղամարդիկ Հաղթանակ գյուղի մերձակայքում բռնաբարել ու թալանել են տրեստի կառավարչի կնոջը

- in Իրավունք
brnabarutyun

1984 թվականի աշնանային ուշ երեկո էր: Երևանում՝ բլրի վրա բազմած «Փարոս» ռեստորանն իր բնականոն եռուզեռի մեջ էր:

Ընդհանուր ուրախ մթնոլորտից հանկարծ մի կին «պոկվեց»՝ երեկոյան թանկ հագուկապով, թանկ արդուզարդով: Նա դուրս վազեց ռեստորանից, արագաքայլ իջավ մինչև  ճանապարհ ու սկսեց մեքենա կանգնեցնել:

Այդ ժամին ճանապարհով սակավաթիվ մեքենաներ էին անցնում, և կինը համարյա հուսահատվել էր, երբ վերջապես մի մեքենա արգելակեց նրա կողքին: «Մինչև կինո «Կոմիտաս» կտանե՞ք»,- դողացող ձայնով հարցրեց կինը: «Բա ոնց, քույրիկ ջան, նստի»,- լսվեց մեքենայի ներսից: Սակայն երբ կինը հայտնվեց մեքենայի սրահում, փոշմանեց, որ նստել է՝ մեքենայում չորս տղամարդ կար: Ու բոլորը երկիմաստ հայացքներով նայում էին իրենց կողքին հայտնված կնոջը…

Լենան իրեն կարող էր երջանիկ կին համարել: Ինչի ձգտել՝ հասել էր: Ինստիտուտի հենց առաջին կուրսում գրավել էր երիտասարդ դասախոսներից մեկի սիրտը: Երկրորդ կուրսում Լենան արդեն իրենից տասը տարով մեծ դասախոսի կինն էր: Ինքն էլ չհասկացավ՝ ինչպես ավարտեց ինստիտուտը՝ առանց առանձնապես ջանք թափելու:

Շուտով  Լենայի ամուսնուն՝ Արամին, այլ՝ ավելի եկամտաբեր աշխատանք առաջարկեցին: Տրեստի կառավարիչ դարձավ Արամը: Լենայի կյանքն արդեն ավելի բարեկեցիկ էր, ամուսինը ոչինչ չէր խնայում՝ թանկ հագուստ, զարդեր, ճամփորդություններ: Բայց Լենան ավելի ու ավելի մեծ ուշադրություն էր պահանջում, որը բազմազբաղ ամուսինը նրան տալ չէր կարողանում: Լենան  աստիճանաբար այլ շրջապատում հայտնվեց՝ ընկերուհիներ,  երիտասարդ սիրեկաններ…

Հերթական սիրեկանը Լենայից հինգ տարով երիտասարդ էր: Նա վայելում էր Լենայի ամուսնու փողերն ու Լենայի հետ անհոգ ժամանակ էր անցկացնում: Ամեն ինչի համար վճարող Լենան իրեն համարում էր դրության տերը, համարում էր, որ երիտասարդ սիրեկանն ամեն ինչում պիտի ենթարկվի իր քմահաճույքներին:

1984 թվականի հոկտեմբերի կեսին, երբ ամուսինը գործուղման էր մեկնել, Լենան սիրեկանի, ընկերուհու ու վերջինիս սիրեկանի հետ երեկոն անցկացնելու համար գնաց «Փարոս» ռեստորան:

Սկզբում նրանք լավ ուրախանում էին, բայց շուտով Լենայի խանդոտ աչքը նկատեց, որ սիրեկանը  հարևան սեղանի մոտ նստած աղջկանից աչքը չի կտրում: Լենան զայրացավ, կոպտեց երիտասարդին, իսկ վերջինս սեղանակիցների ներկայությամբ Լենայի վրա ձայնը բարձրացրեց. «Արդեն զզվացրիր…»:

Լենան հանկարծակիի եկավ, տեղից վեր թռավ ու դուրս վազեց ռեստորանից: Նրան թվում էր, թե երիտասարդը կվազի հետևից, կկանգնեցնի, ներողություն կխնդրի: Բայց նրա հետևից ոչ ոք դուրս չեկավ, անգամ՝ ընկերուհին:

Լենան հասավ ճանապարհին, սկսեց այդ ուշ ժամին մեքենա կանգնեցնել ու ի վերջո հայտնվեց մի մեքենայում, որտեղ չորս տղամարդ կար…

Մեքենայի ընթացքից ու տղամարդկանց պահվածքից Լենան հասկացավ, որ իրեն «Կոմիտաս» կինոթատրոնի մոտ չեն տանում: Սկսեց խնդրել-աղաչել, բայց տեսնելով, որ տղամարդիկ միայն ծիծաղում են՝ Լենան փորձեց նաև վախեցնել՝ գիտե՞ք, թե ում կինն եմ… Տղամարդկանց վրա դա ոչ մի ազդեցություն չունեցավ:

Հաղթանակ գյուղ տանող ճանապարհամերձ մի ձորակում Լենային իջեցրին մեքենայից, բռնաբարեցին, հետո հափշտակեցին զարդերն ու թանկարժեք հագուստը և հեռացան:

Կիսամերկ, թալանված, անպատվված կինը ձորակում կուչ եկած մնաց մինչև լուսաբաց: Նրան գտան հովիվները, տարան Հարավ-արևմտյան թաղամասի ՆԳ բաժանմունք:

Լենան մտապահել էր տղամարդկանց դեմքերը, հագուստը, խոսելաձևը, մեքենայի մակնիշը: Երկար ժամանակ չպահանջվեց չորս հանցագործներին գտնելու և բռնելու համար:

Նախկինում մի քանի դատվածություն ունեցող ընկերախումբը՝ Թաթուլ Մ.-ն, Մինաս Պ.-ն, Վանիկ Զ.-ն ու Վիտյա Ս.-ն բռնաբարության և կողոպուտի համար դատապարտվեցին տևական ազատազրկման: Իսկ Լենան ամուսնու և երեխաների հետ հեռացավ Հայաստանից: Ամուսինը հանուն երեխաների որոշեց պահպանել ընտանիքը՝ խայտառակությունից հեռու լինելու և անցյալը երբեք չկրկնելու պայմանով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...