Ներքաղաքական պայքարը ոչ ազնիվ մեթոդներով էլ իրականացվում է

- in Պնակալեզներ

Իշխանությունների դեմ իրականացվող քարոզչական պատերազմում նախկիններն ու նրանց կողմից ֆինանսավորվող խմբերը որեւէ առիթ բաց չեն թողնում։ Օգտագործվում է բացարձակապես ամեն ինչ։

Ինչ-որ մարդիկ դժգոհ են բալային համակարգից՝ իշխանությունների դեմ քարոզչության հրաշալի թեմա է, ծննդատներ են փակվում՝ պետք է աշխարհացունց աղմուկ բարձրացնել եւ դա ներկայացնել որպես մութ ուժերի դավադրություն հայ ժողովրդի դեմ, ինչ-որ գյուղի խմելու ջրի որակն այն չէ կամ հիմնանորոգված ճանապարհի եզրաքարերից մեկը ճաքածէ՝ կարելի է դա ներկայացնել որպես նոր իշխանությունների կոռումպացվածության ապացույց, ինչ-որ մեկի ուսման վարձի հարցը չի լուծվել՝դա վկայում է իշխանությունների բարոյական անկման մասին, ինչ-որ քրեական գործ է հարուցվել, եւ հիմնական կասկածյալը կապված է որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ պետք է միջազգային ատյանները հեղեղել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններով, եւ այսպես շարունակ։

Հասկանալի է, որ ներքաղաքական պայքարը սովորաբար հենց այս, մեղմ ասած՝ոչ այնքան ազնիվ մեթոդներով էլ իրականացվում է, եւ քաղաքական ուժերն իրենց առջեւ նպատակ են դնում նման մեթոդներով հարվածել մրցակից ուժի (մեր դեպքում՝ իշխանությունների) վարկանիշին՝ հույս ունենալով, որ արդյունքում իրենց վարկանիշը կբարձրանա, ու իրենք վաղ թե ուշ կհասնեն իշխանության։ Բայց այսօրվա Հայաստանում այս գործընթացի մեջ տրամաբանություն չկա, որովհետեւ իշխանությունների դեմ ամենակատաղի քարոզչությունն իրականացնում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարող շրջանակները, իսկ նրանք քաղաքական ճանապարհով իշխանությունը վերադարձնելու բացարձակապես ոչ մի շանս չունեն՝ անկախ նրանից, թե որքանով հասարակությունը դժգոհ կլինի գործող իշխանությունների այս կամ այն քայլից։ Լավ, ենթադրենք՝ բալային համակարգի ներդրումը կամ մի քանի ծննդատների օպտիմալացումը միանշանակ չի ընդունվել, եւ մասնագիտական շրջանակներում լուրջ բանավեճեր են ծավալվում (Հայաստանում նման հրապարակային քննարկումների հարթակների պակաս չկա): Բայց ի՞նչ կապ ունեն դրա հետ նախկինները, եւ ի՞նչ հույսով ու ակնկալիքներով են հրճվանքով շփում ձեռքերը։

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ հակաիշխանական քարոզչության ազդեցության տակ ՀՀ քաղաքացիներն ասեն «էս ի՞նչ խայտառակ քաղաքական հալածանքներ են, էս ի՞նչ անարդարություն է տիրում դատարաններում, էս ի՞նչ միանձնյա բռնապետություն է, բերեք սրանց քշենք ու վերադարձնենք Քոչարյանին»: Այն նույն Քոչարյանին, որի թիկնապահը ծեծելով մարդ սպանեց ու նույնիսկ կես ժամով անազատության մեջ չհայտնվեց, իսկ ինքը ԱԺ դահլիճում պատգամավորներին կլիզմայի մասին անեկդոտներ էր պատմում ու հայտարարում, թե ՀՀԿ նախընտրական ցուցակն իր հետ է համաձայնեցվել։ Կամ պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ դժգոհեն, ասենք, որ այսօրվա իշխանություններն իրենց տված խոստումները չեն կատարում, կոռումպացվում են, պայքարում են ընտանեկան արժեքների դեմ եւ այլն, հետեւաբար՝ պետք է պայքարել սրանց դեմ ու վերադարձնել Սերժ Սարգսյանին։ Այն նույն Սերժ Սարգսյանին, որը խոստացավ Սահմանադրությունը փոխելուց հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնում ու հետո հայտարարեց, թե իրեն սխալ են հասկացել, ու առաջադրվեց, իսկ ավանդական ընտանեկան արժեքներին այնքան էր նվիրված, որ ընտանիքի բոլոր անդամները մուլտիմիլիոնատերեր էին։ Նման բան, հասկանալի է, չի կարող լինել, եւ նախկիններն իրենք դա շատ լավ հասկանումեն։ Հետեւաբար՝ նրանց ագրեսիվ քարոզչության նպատակն ամենեւին էլ քաղաքական ճանապարհով իշխանությունը վերադարձնելը չէ։

Նպատակը բոլորովին այլ է՝ թուլացնել իշխանություններին, որպեսզի հնարավոր հեղաշրջման դեպքում հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս չգան։ Իսկ հեղաշրջման ձեւերը նրանք գիտեն։ Ընդորում՝ ոչ միայն տեսականորեն։ Պարզապես հիմա քարոզչական նախապատրաստման փուլն է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments