ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2016-2018թթ․ տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը ոչ միայն սթափության, զգոնության, ազգային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր քննարկելու, այլև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված մտորումների առիթ դարձավ։

Հայտնի է, որ ԱԱԾ նախկին տնօրենը պաշտոնաթողությունից հետո մեկնել էր Մեծ Բրիտանիա ու ուսանում էր Քեմբրիջի համալսարանում։ Նա պաշտոնի բերումով տիրապետում էր ահռելի տեղեկատվության, եթե նկատի ունենանք, որ Կուտոյանի՝ ԱԱԾ-ն ղեկավարելու օրոք տեղի ունեցան Հայաստանի համար նշանային մի քանի իրադարձություններ՝ Ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռեր»-ի ՊՊԾ-ն վերահսկողության տակ վերցնելու զինված գործողությունները, թավշյա հեղափոխությունը։

Ո՞րն է երաշխիքը, որ Գեորգի Կուտոյանը Մեծ Բրիտանիայում ուսանելու ընթացքում, ինչ-ինչ հանգամանքներում ազգային անվտանգությանն առնչվող տեղեկատվություն չի փոխանակել։

Մեկ այլ նախկին բարձրաստիճան և պետական գաղտնիքներ կրող պաշտոնյա՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նույնպես պաշտոնաթողությունից հետո, չնայած նախկինում հեղինակավոր բուհերում ստացած կրթությանը, նախընտրեց լրացնել իր կրթության պակասը և մեկնեց ԱՄՆ։

Պաշտոնաթողությունից հետո իշխանությունների հետ սկսեց վերջնագրերով խոսել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը տարբեր առիթներով լինում է արտերկրում և քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել։ Իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի աղմկոտ քրեական գործ չբացահայտած, ավարտին չհասցրած ԱԱԾ նախկին տնօրենը հասցրեց անել հայտարարություններ, որոնք «սառը ցնցուղի» դեր կատարեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթ օրը Կապանում կայացած մամուլի ասուլիսից հետո Արթուր Վանեցյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել․ «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Դեռևս 1996թ․ դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, որը հետագայում ենթարկվել է մի շարք լրացումների և փոփոխությունների։

Ըստ այդ օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ-ի անվտանգության համար»։

Իսկ ահա, ըստ նույն օրենքի 15-րդ հոդվածի՝ «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից uկuած, որպեu գաղտնիք պահպանվում են`

ա/ «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աuտիճան ունեցող տեղեկությունները` մինչև 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը կարող է uահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ.

բ/ «Գաղտնի» գաղտնիության աuտիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի:

Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն oժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեuչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը և այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աuտիճանների համապատաuխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավաuու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության` նախկինում uահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով»:

Պե՞տք է արդյոք պետական գաղտնիք կրող պաշտոնատար անձինք պաշտոնաթողությունից հետո ենթարկվեն որոշակի սահմանափակումների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի առումով։ Պե՞տք է լինեն որոշակի օրենսդրական լուծումներ, որոնք կսահմանափակեն պետական գաղտնիք կրող անձանց գործողությունները՝ առանց նրանց իրավունքները խախտելու։

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ պետական գաղտնի տեղեկություններին տիրապետող անձանց շրջանակը բավականին լայն է՝ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, հրամանատարներ, ԱԱԾ աշխատակիցներ, որոնք իրականացնում են օպերատիվ գործողություններ և մատչելիություն ունեն ԱԱԾ-ին վերաբերող տվյալների հարցում։ Ըստ նրա՝ այդ ցանկում կարող են լինել նաև գիտնականներ, հետազոտողներ, որոշակի գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունի նաև արտգործնախարարը։

«Խոսքը վերաբերում է հետախուզության և հակահետախուզության միջոցով ձեռք բերված տվյալներին այլ երկրների կողմից մեր պետության նկատմամբ իրականացված կամ իրականացվելիք գործողությունների մասին։ Եվ այստեղ հարցը պետք է դիտարկել պաշտոնատար անձանց բարեվարքության շրջանակներում, այսինքն՝ ովքեր կարող են լինել պաշտոնատար անձինք։ Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի կադրային քաղաքականությունը։ Իսկ որպես գաղտնի տեղեկությունների տիրապետող անձ կարող է լինել ցանկացած նախարար, թեկուզ՝ առողջապահության, տարածքային ենթակառուցվածքների կամ բարձր տեխնոլոգիաների նախարարները։ Երկրորդը վերաբերում է նրանց ծառայության անցնելու և պարտավորության շրջանակները սահմանելուն․ երբ մարդը համաձայնում է պետական աշխատանքի, ինքն ի սկզբանե ենթարկվում է որոշակի սահմանափակումների։ Մասնավորապես՝ քաղծառայողները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն, չէ՞ որ իրենք կարծիք արտահայտելիս ունեն որոշակի սահմանափակումներ։ Դա վերաբերում է նաև պաշտոնավարման ավարտից հետո սահմանափակումներին։ Այդ կարգավորումների մեջ կարող են ընդգրկվել նաև պետական և ծառայողական գաղտնիքի տիրապետման հետ կապված հարցերը։ Ասենք՝ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը պետք է սահմանափակվի, բայց եթե կան սահմանափակմանն առնչվող հարցեր, դրանք պետք է լինեն օրենքով, հիմնավորված, կանխատեսելի և վերահսկելի։ Կան սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է գտնել լուծումներ։ Ամեն մի պաշտոնատար անձի համար պետք է լինեն համապատասխան մոտեցումներ։ Չի կարելի, օրինակ, Զինված ուժերի շտաբի պետի ունեցած տեղեկությունների ծավալը համեմատել առողջապահության նախարարի ունեցած տեղեկությունների ծավալի հետ։ Պետք է լինի տարբերակված մոտեցում»,- ասաց Արթուր Սաքունցը։

Մյուս հարցը, ըստ իրավապաշտպանի, վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների հիմնավորվածությանը։

«Արդյոք բոլոր այն տեղեկությունները, որոնք ներկայիս իրավական կարգավորումներով, նկատի ունեմ՝ կառավարության որոշումները և առանձին գերատեսչական ակտերով սահմանված գաղտնի տեղեկությունների ցանկը հիմնավո՞ր են։ Ամեն մի տեղեկության գաղտնիությունը պետք է լինի հիմնավորված, որն անհրաժեշտ է՝ ելնելով ժողովրդավարական պետության անվտանգության նկատառումներից։ Առանձին հարց է, թե պետական գաղտնիք համարվող տեղեկությունները որքան կյանք ունեն, որքան գաղտնիության ժամանակ։ Մարդու ընտրությունն է՝ դառնալ պաշտոնատար անձ, բայց նրա համար պետք է հասկանալի լինեն իրեն առաջադրվող պահանջները՝ սահմանափակումների ծավալի և ժամկետի հետ կապված։ Մյուս կողմից՝ սահմանափակումները չպետք է լինեն անժամկետ, անհամաչափ և անհիմն»,- կարծում է Արթուր Սաքունցը՝ պնդելով, որ թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ անելիքներ կան այդ ոլորտում։

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ պետական գաղտնիքի տիրապետող անձանց ցանկում պետք է ընդգրկել երկրի նախագահին, վարչապետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության նախարարին, գուցե նաև՝ արտգործնախարարին։

«Ես կարծում եմ, որ այդ պաշտոնյաների նկատմամբ պետք է օրենսդրական ինչ-որ կարգավորումներ լինեն։ Կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն և պրակտիկորեն տիրապետում են պետական գաղտնիքների»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե որքան ժամկետով պետք է լինեն սահմանափակումները, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց․ «Դա կարող է կախված լինել պետական գաղտնիքի տնօրինումից, որոնք կարող են պահանջել նաև որոշակի ժամանակ»։

Հետաքրքրվեցինք, թե պե՞տք է դրա համար առանձին օրենք գրել։ «Միգուցե պետք չէ առանձին օրենք, պետք է այդ ոլորտին վերաբերող օրենքներում փոփոխություններ մտցվեն»,- նշեց Ստեփան Սաֆարյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •