Putin

Եդինայա Ռոսիա իշխող կուսակցությունը միաձայն հավանության է արժանացրել ՌԴ վարչապետի թեկնածուին, որին ներկայացրել է նախագահ Պուտինը:

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց հունվարի 15-ին, այն բանից հետո, երբ Պուտինը Պետդումային հղած ամենամյա ուղերձում բարձրացրեց Սահմանադրության փոփոխության եւ փաստացի կիսանախագահական կառավարման անցնելու հարցը: Մեդվեդեւը հրաժարական ներկայացրեց, ասելով, որ պետք է նախագահին տալ փոփոխությունն իրականացնելու հնարավորություն:

Պուտինն անմիջապես վարչապետի թեկնածու ներկայացրեց Միխայիլ Միշուստինին, որը Հարկային ծառայության նախկին ղեկավարն է: Պետդուման հունվարի 16-ին Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում:

Միշուստինը հետաքրքիր ընտրություն է: Նա տեխնոկրատ է, գլխավոր հարկահավաքը: Միշուստինը տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի մասնագետ է: Նա 1992 թվականին հիմնել է Միջազգային համակարգչային ակումբ, որի նպատակն է եղել ռուսաստանյան եւ միջազգային համակարգչային տեխնոլոգիաների ինտեգրացիան:

Միշուստինը մասնագիտությամբ ինժեներ-համակարգատեխնիկ է, համակարգերի կառավարման մասնագետ:

Հատկապես ի՞նչն է նրա թեկնածության հարցում գրավել Պուտինին, կամ թվացել շահեկան: Պուտինին իբրեւ վարչապետ նա պետք է հենց համակարգերի կառավարման իր հմտությունը պետական կառավարման համակարգի՞ վրա պրոյեկտելու համար՝ Ռուսաստանում համակարգային կառավարման խորքային ճգնաժամը հաղթահարելու իմաստով, թե՞ ՌԴ նախագահին շահագրգռել է նրա հարկահավաք լինելու հանգամանքը, եւ Միշուստինը պետք է շեշտը դնի ավելի շատ փող հավաքելու, քան արդյունք ստեղծելու վրա: Գուցե երկուսը միասին:

Միշուստինը ապաքաղաքական ֆիգուր է, գոնե առայժմ, ըստ այդմ դժվարությամբ է դիտվում նախագահի հնարավոր թեկնածու, թեեւ բարդ է ասել, թե ինչ տրանսֆորմացիա կարող է կազմակերպվել ժամանակի ընթացքում: Առայժմ ավելի հավանական է թվում, որ Պուտինը սկսում է մեծ մանեւր ժառանգորդի իրական գործընթացը ծածկելու համար:

ՌԴ նոր վարչապետի հարցը բնականաբար հետաքրքրության է արժանի Հայաստանում մի շարք առումներով: Այս դեպքում թվում է, որ կառավարության մակարդակում գործակցությունը կսահմանափակվի առավելապես տեխնիկա-տնտեսական հարթությամբ, թեեւ իհարկե քաղաքականությունից ոչ ամբողջապես զուրկ:

1992-ին ռուսաստանյան եւ միջազգային համակարգչային տեխնոլոգիաների ինտեգրացիայի խնդիր դրած Միշուստինը այսօ՞ր էլ այդ ինտեգրացիայի հավատամքի կրող է: Բանն այն է, որ վերջին տարիներին Ռուսաստանի քաղաքականությունը միտված է եղել միջազգային համակարգերից մեկուսանալուն՝ ընդհուպ «սուվերեն ինտերնետի» գաղափարի շրջանառությամբ:

Մյուս կողմից, այդ հանգամանքը ոչ անմիջական, սակայն էական դիմադրության է հանդիպել հետխորհրդային տարածքի ՌԴ գործընկերների, մասնավորապես ԵՏՄ անդամ պետությունների մոտ: Նրանք չեն ցանկանում մեկուսանալ ՌԴ հետ միասին:

Արդյոք նոր վարչապետը ՌԴ փոխզիջումն է գործընկեր պետություններին, գուցե նաեւ «նահանջի յուրօրինակ շեփոր» Արեւմուտքին: Թե՞ 90-ականներին Ռուսաստանի եւ միջազգային համակարգչային տեխնոլոգիաների ինտեգրացիայի նպատակը Միշուստինն այժմ փոխարինելու է, իսկ մասնագիտական կարողությունը ծառայեցնելու է ապաինտեգրացիան ապահովելու համար: Բայց, այդ դեպքում ինչ անել ԵՏՄ հետ, առավել եւս, որ Հայաստանը էապես բացեց այն 2019-ի հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած Վեհաժողովով:

Spread the love