Putin

Ռուսաստանում ուրվագծվում է այսպես կոչված իշխանության տրանզիտի սխեման: Պուտինն առաջարկել է փոփոխություններ կատարել գործող Սահմանադրության մեջ, որոնք վերաբերվում են իշխանության գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների միջեւ լիազորությունների վերաբաշխմանը:

Ըստ այդմ, սահմանափակվում են նախագահի լիազորությունները, որոնք բաշխվում են Դումայի երկու պալատների միջեւ, մասնավորապես՝ վարչապետի, կառավարության անդամների եւ ուժայինների նշանակման մասով:

Պուտինն ինքը փաստացի հասկացրել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնին: Նա սակայն չի հեռանում իշխանությունից: Ռուսական քաղաքական շրջանակներում ներկայում քննարկվում է երկու տարբերակ՝ Պուտինը կարող է գլխավորել կամ ավելի մեծ լիազորություններով Դաշնային խորհուրդը, կամ Նախագահական խորհուրդը, որը ներկայում էլ կա, սակայն Սահմանադրության փոփոխություններով այդ խորհրդին կարող են տրվել լիազորություններ, մասնավորապես ուժային կառույցների վերահսկման մասով:
Ռուսաստանում քննակում են, թե ինչ մոդել է սա՝ կիսանախագահական, թե խորհրդարանական: Սակայն իշխանության տրանզիտի ողջ իմաստը հանգում է Պուտինի խնդիրների լուծմանը, այդ պատճառով էլ որեւէ դասական մոդելի մասին քննարկումներն իմաստ չունեն: Նա իշխանությունը վերադասավորում է իր քաղաքական ծրագրերի տակ, եւ ինչպես ժամանակին հայտարարվեց Ռուսաստանում սուվերեն դեմոկրատիայի կառուցման մասին, ներկայում էլ ստեղծվում է նման մի «սուվերեն» մոդել:

Կրեմլի ինսայդերական շրջանակների վկայությամբ, Պուտինն իշխանությունից ցանկանում էր հեռանալ դեռեւս 2010-ականների սկզբին, սակայն տեսնելով Քադդաֆիի հանդեպ հաշվեհարդարի կադրերը, փոխել էր մտադրությունը: Դրանից հետո սկսվեց ագրեսիվ արտաքին քաղաքականության մի շրջան, որը հատկապես դրսեւորվեց Ուկրաինայում եւ Սիրիայում:

Ռուսաստանը հայտնվեց պատժամիջոցների տակ, որն առաջին հերթին խնդիրներ ստեղծեց արտաքին ֆինանսական ներարկումների ու տեխնոլոգիաների ստացման հարցում: Ռուսաստանում մի քանի տարի շարունակ տնտեսությունը եւ բնակչության եկամուտները փաստացի չեն աճում, նավթային բարենպաստ շրջանում կուտակված հսկայական միջոցները սպառվեցին սոցիալ-տնտեսական փլուզումը կանխելու համար:

Ներկայում Ռուսաստանը կրկին կուտակում է ահռելի ռեզերվներ, որոնք սակայն չեն ծախսվում երկրի ներսում: Ըստ փորձագետների, սա վկայում է այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է կամ մեծ պատերազմի, կամ ինչ որ ցնցումների: Ըստ էության, իշխանության սկսված տրանզիտը, որը սահմանադրորեն վերջնական տեսք կստանա այս տարվա գարնանը, վկայում է, որ Կրեմլը եւ անձամբ Պուտինը շտապում են: Նշվում է, որ այս երկու տարիները վճռորոշ են լինելու Ռուսաստանի համար:

Իշխանության ապագա կառուցվածքի հարցում Մոսկվայում դիտարկվում էին հայկական ու ղազախական տարբերակները: Սակայն Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հեռացվեց իշխանությունից, Հայաստանի տարբերակը գնահատվեց ռիսկային: Խնդիրներ կային նաեւ ղազախական տարբերակի պարագայում, սակայն Մոսկվայում ըստ էության ընտրել են այդ տարբերակը, քիչ ինչ մոդիֆիկացված ձեւով:

Ի՞նչ քաղաքականություն է վարելու Մոսկվան իշխանության խնդիրը լուծելուց հետո: Ներքին քաղաքական ու տնտեսական իրավիճակի փոփոխություն չի լինելու, քանի որ դրա համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Իսկ դրանք հնարավոր են միայն այն պարագայում, եթե Պուտինը հեռանա իշխանությունից: Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխություններն ըստ էության ուղղված են ներքին իրավիճակի պահպանմանը եւ միջազգային մեկուսացմանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Կրեմլի մերձ շրջանակներն արդեն խոսում են այն մասին, որ տեղի է ունենալու «ռեւիզիոնիզմ», մասնավորապես Պուտինի բնորոշած «20-րդ դարի աշխարհքաղաքական աղետի»՝ ԽՍՀՄ փլուզման հետեւանքների վերացման մասով, եւ թիրախում են լինելու հետխորհրդային երկրները, նախեւառաջ Բելառուսը, Ուկրաինան, Մերձբալթյան երկրները, Վրաստանը: Թե ինչ դրսեւորումներ կունենա այդ քաղաքականությունը, առայժմ կարծիքները տարբերվում են: Դա կախված է լինելու նրանից, թե արդյոք տեղի կունենա Ռուսաստան-Արեւմուտք նոր պակտը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •