Պուտինն` ինչպես Սերժ Սարգսյանը

- in Ով ով է ...

ՌԴ նախագահ Պուտինը Պետդումա է ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծը, որի, այսպես ասած, հիմնական ուղենիշների մասին նա բարձրաձայնել էր օրերս տեղի ունեցած ամենամյա ուղերձի ընթացքում:

Պուտինը գործնականում առաջարկում է որոշակի բազմաբևեռ իշխանության մոդել, այդպիսով նախապատրաստվելով նախագահի պաշտոնը թողնելուն: Նրա առաջարկը գնահատվել է տարբեր կերպ, առավելապես դիտարկվելով իշխանությունը պահելու ձգտման համատեքստում: Այդ առումով, Ռուսաստանում բավական մոտ իրավիճակ է այն իրողություններին, որոնք կային Հայաստանում Սահմանադրության փոփոխության հետ կապված, որոնք ևս դիտարկվում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համատեքստում:

Իհարկե, բովանդակային առումով այն, ինչ կա Պուտինի առաջարկում, ամենևին նման չէ Հայաստանում տեղի ունեցածին: Բայց, չլինելով նման բովանդակային իմաստով, արդյոք ազդեցության կամ հետագա զարգացման սցենարի իմաստով Ռուսաստանում տեղի ունեցողը կարո՞ղ է լինել Հայաստանում տեղի ունեցածի նման, այսինքն՝ դառնալ ՌԴ նախագահի դեմ զանգվածային բողոքի ակցիաների առիթ կամ պատճառ: Իհարկե, այստեղ էլ կան նաև ներքին քաղաքական իրողությունների ահռելի տարբերություններ, և նմանությունը, թերևս, իշխանությունը շարունակելու հանգամանքն է, որ մեկնաբանությունների ու գնահատականների գերակշռող մասում է, սակայն, այդուհանդերձ, այդ ամենը առաջացնում է հարցը՝ կհաջողվի՞ Պուտինին քաղաքական բարձր կարգավիճակով ապրել այն իրողությունների պայմաններում, որ ձևավորում է Սահմանադրության փոփոխությամբ, թե՞ իշխանությունը հավերժացնելու մեկնաբանություններով Ռուսաստանի ընդդիմադիր շրջանակներին կհաջողվի հանրությանը հանել նրա դեմ և իրականացել իշխանափոխություն՝ հեղափոխական այս կամ այն տարբերակով:

Մի բան, թերևս, աներկբա է, որ Հայաստանի տարբերակը՝ թավշյա հեղափոխություն, գործնականում բացառվում է: Եվ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը միատարր պետություն չէ: Ավելին, Ռուսաստանը բազմակրոն պետություն է, և այստեղ ոչ միայն էթնիկ, այլև կրոնական խիստ բազմազանություն է: Դրան են ավելանում նաև այդ միավորների շուրջ քաղաքական կամ պատմա-քաղաքական խնդիրներին առնչվող շերտերը: Միաժամանակ ակնառու է, որ Ռուսաստանի իշխող համակարգն իրեն սպառել է ոչ պակաս, քան Հայաստանում էր: Իսկ այդ հանգամանքը Ռուսաստանի համար շատ ավելի լուրջ խնդիր է, շատ ավելի էական վտանգներով հղի, այդ թվում՝ նույն համակարգի և դրա առաջնորդի համար, քան Հայաստանում՝ աշխարհաքաղաքական մասշտաբները այս դեպքում Ռուսաստանի օգտին գործող հանգամանք չեն: Այդ տեսանկյունից, Պուտինն էլ, ինչպես Սերժ Սարգսյանը, գնում է վա բանկ, մեծ հաշվով, երկու սցենարով՝ կապ պահել ու կառավարել իշխանությունը առավելագույնս երկար, կամ թողնել այն առավելագույնս սահուն և անցնցում՝ պարզապես երկրորդ սցենարի իր տարբերակով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments