Ռոբերտ Քոչարյանին նշանակեցին. վճիռը հայտնի է

- in Պնակալեզներ

Նախագահ Քոչարյանը պետք է նստի, քանզի դա է հասարակությունը բուժելու միակ ճանապարհը, օրերս գրել էր Հայաստան հիմնադրամի նախկին տնօրենը, որին մեղադրում են հիմնադրամի փողը խաղադրույք կատարելու համար:

Բայց հարցը դա չէ, այլ այն, որ հիմնադրամի փողով խաղադրույք կատարելու համար մեղադրվող նախկին տնօրենը խոսում է հանրային առողջության, խղճի մասին, նաեւ դրա դարման դիտարկում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը:

Իհարկե, ազատազրկումը «նահատակ» իմաստով: Նա հիշեցնում է, որ երկրորդ նախագահը մի անգամ իր վրա վերցրեց երկիրը ՀՀՇ կառավարման ծանր հետեւանքից դուրս բերելու, բարեկեցության տանելու ծանր առաքելությունը՝ լինելով նախագահ, ու հիմա էլ իր ազատազրկմամբ իր վրա է վերցրել հանրությունը «անցյալն ուրանալու» անխիղճ վիճակից դուրս բերելու ծանր առաքելությունը: Վերջում եզրահանգում՝ «Այսօր Նախագահը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ՝ ազատագրել մեր խիղճը, և միայն մենք ենք որոշում, թե երբ նա կհայտնվի ազատության մեջ»:

Դիտարկումն ունի աներեւակայելի թափանցիկություն եւ խորհրդանշականություն, բոլոր իմաստներով:

Կա տարածված կարծիք, թե նախկին իշխող համակարգի համար Ռոբերտ Քոչարյանի անազատությունը նրա ազատության համար պայքարի բավական եկամտաբեր միջոց է: Գործնականում սակայն, դա փոքր կամ մակերեսային նպատակն է, իսկ խորքայինն այլ է, որն էլ արտահայտվում է վերոշարադրյալ մտքերի թափանցիկ խորհրդանշականությամբ:

Նախկին իշխող համակարգն իր ամենատարբեր շերտերով Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն ակնկալում է իբրեւ մաքրման միջոց, հոգու խորքում փայփայելով հույսը կամ ակնկալիքը, որ երկրորդ նախագահը ազատազրկվում է գործնականում բոլորի համար, եւ իր վրա վերցնելով համակարգի մեղքն ու դրանից բխող հանրային քենն ու զայրույթը, նա այդ ամենից կազատի իշխող համակարգի մնացյալ շերտերին:

Որպես երախտագիտություն, Ռոբերտ Քոչարյանին փաստորեն շնորհվում է կրկնակի նահատակի «կոչումը»՝ երախտապարտության հուզական դրսեւորումներով: Մեծ հաշվով, Ռոբերտ Քոչարյանի ազատությունն իսկապես կախված է նախկին իշխող համակարգի խղճից, բայց քանի որ այդ խիղճը չկա՝ կա միայն չոր հաշվարկ ու հաշիվ, երկրորդ նախագահը թերեւս երկար կմնա անազատության մեջ, որովհետեւ բացարձակապես չի դիմադրում հավաքական մեղքի համար նահատակության այդ ակնկալիքին:

Կամ, նրա ազատությունը կախված է ոչ թե յուրայինների խղճից, այլ այն հանգամանքից, թե Քոչարյանը երբ կհրաժարվի հավաքական մեղքի համար պատասխան տալու ակնկալիքը կամա թե ակամա սպասարկելուց եւ վճռականորեն կհրաժարվի նախկին իշխող համակարգի աջակցությունից, մնալով բացառապես իր փաստաբանների աջակցության հույսին:

Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը եթե էապես չմոտենա էլ ազատությանը, ապա իր վրայից զգալիորեն կթոթափի այն բեռը, որ «երախտագիտությամբ» նրա վրա է դնում նախկին իշխող համակարգը՝ պատասխան տալ բոլորի, ոչ միայն իր համար:

Միեւնույն ժամանակ, Քոչարյանն ինքն էլ «պատասխանատու է նրանց համար, ում վարժեցրել է»: Ընդ որում՝ դեռ նախագահության շրջանից՝ հանրության հաշվին բարեկեցիք կյանքի, եւ դրանից հետո՝ կյանքն ու Սերժ Սարգսյանին հենց բարեկեցությամբ չափելուն: Հեղափոխությունից հետո նրանց ճնշող մեծամասնությունն ափսոսաց, որ թերահավատ էին Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ չձեւավորեցին նրա վերադարձի «հանրային»՝ իրականում ներիշխանական պահանջարկը: Երկրորդ նախագահի հանդեպ երախտագիտության խոսքերը, որ նախկին համակարգի տարբեր ուղղություններից ներկայում հնչում են ի պաշտպանություն նրա, այդ ափսոսանքի դրսեւորում են:

Միաժամանակ բոլորը պատկերացնում են նաեւ, որ նոր երրորդ փորձ երկրորդ նախագահն այլեւս չունի, ու այժմ ամենակարեւորն է թույլ չտալ, որ նա հանկարծ հայտնվի ազատության մեջ մինչեւ բոլոր «ափսոսացողներին» մաքրելը, կամ պատասխան տա միայն իր փոխարեն: Նախկին իշխող համակարգը գործնականում կայացրել է իր երախտիքի դատավճիռը նրա հանդեպ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments