Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվել է Արմեն Գևորգյանի և Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ նախքան նիստը գրություն է ստացել, որով պաշտպանները նշել են, թե գտնում են, որ հունվարի 9-ին պաշտպանության կողմի հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, և որ դատարանը պատշաճ չի արձագանքել նման իրավիճակին: Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված է իր իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, այդ պատճառով էլ չեն ներկայացել նիստին:

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր՝ այդ անգամ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Միհրան Պողոսյանն իր գրության մեջ նշել էր նույն հիմնավորումը, ինչի պատճառով այսօրվա նիստը բոյկոտել էին Քոչարյանի պաշտպանները։ Նախորդ նիստից հետո իրավիճակային որևէ փոփոխություն չէր եղել, սակայն Միհրան Պողոսյանն այսօր ներկայացել էր դատական նիստին՝ ակամայից ապացուցելով, որ գործ ունենք պաշտպանական կողմի միասնական մարտավարության հետ, որն, ըստ էության, ոչ թե բոյկոտ է, այլ դատավարությունը ձգձգելու փորձ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նկատողության տեսքով: Սակայն սա էապես չի փոխում իրավիճակը, որովհետև այսօր էլ դատական նիստը հետաձգվեց Քոչարյանի պաշտպանական թիմի բացակայության հետևանքով ու կշարունակվի միայն երկու շաբաթ անց՝ փետրվարի 4-ին։

Ի դեպ, առնվազն տարակուսելի է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ընդամենը մեկ օրվա ընթացքում արմատապես վերանայել է իր մոտեցումը։ Երեկ երեկոյան Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ այսօրվա նիստին ինքնաբացարկ են հայտնելու դատավոր Դանիբեկյանին:

Ի՞նչն էր պատճառը, որ պաշտպանական թիմը գիշերվա մեջ փոխել է իր մտադրությունը և այսօր, ըստ էության, վիժեցրել է դատական գործընթացը։ Ըստ ամենայնի՝ Քոչարյանի թիմն ինքնաբացարկի միջնորդությունը պահել է ավելի նեղ օրվա համար, իսկ այսօր որոշել է պարզապես տապալել դատական նիստը։

Մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է, և դատական գործընթացի ձգձգումը տրամաբանորեն չպետք է բխեր նրա շահերից, սակայն երկրորդ նախագահն, ըստ էության, այլընտրանք չունի։

Դատավարության բովանդակային մեկնարկն, ըստ էության, ի չիք է անելու բոլոր այն պնդումները, թե իբրև Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, որովհետև փաստացի ապացուցվելու է, որ երկրորդ նախագահը սառնասրտորեն պլանավորել է սահմանադրական կարգի տապալումը ու տվել է տասը մարդու գնդակահարության ցուցում։

Մյուս կողմից՝ Քոչարյանը, հավանաբար, հույսը դրել է Վենետիկի հանձնաժողովից ստացվելիք եզրակացության և ՍԴ որոշման վրա։

Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն կտրել է կապն իրականության հետ ու վերջին հուսահատ ճիգն է գործադրում՝ չնկատելով, որ հատուցման ժամը մոտ է։

Spread the love