Սահակաշվիլու անեծքը. Բագրատյանից հետո նա ընդունեց մեղքը

- in Ով ով է ...
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքն է Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների հետ ժամանակին հղացել եւ մշակել ԵՄ Արեւելյան գործընկերության, ասոցացման, առանց վիզային ռեժիմի գաղափարը, սակայն այժմ համարում է, որ սխալ է արել:

Սահակաշվիլին ասել է, թե այժմ անիծում է իրեն դրա համար, քանի որ Վրաստանի քաղաքացիները աշխատելու համար թողնում ու հեռանում են Եվրոպա: Սահակաշվիլին հայտարարել է սակայն, թե պատրաստվում է վերադառնալ Վրաստան եւ փոխել իրավիճակը:

Վրաստանի նախկին նախագահը, վարդերի հեղափոխության առաջնորդը փաստորեն իր նախկին գաղափարի համար ինքզինքն անիծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պատասխանից հետո: Դա իհարկե զուտ ժամանակագրական առումով, որովհետեւ թեմատիկ առումով ուղիղ կապ չկա, թեեւ պատճառահետեւանքային կապի մասին խոսելու տեղ գուցե առկա է:
Հրանտ Բագրատյանն, ինչպես հայտնի է, Սահակաշվիլուն պատասխանել էր այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունը փորձել էր օգտագործել իր մրցակից Իվանիշվիլու դեմ: Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով անցնում է Վրաստանից, իսկ տարեվերջին կանցնի նաեւ Ադրբեջանից:

Սահակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն այդ ցուցանիշով Վրաստանից մեկ էլ առաջ է եղել Տիգրան Մեծի ժամանակ, ու Իվանիշվիլին փաստորեն այնքան վատ է կառավարել, որ այժմ էլ Հայաստանն անցել է:

Միջամտեց Հրանտ Բագրատյանը, Իվանիշվիլիին պաշտպանելով Սահակաշվիլուց: Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանը մինչեւ Թամար թագուհին առաջ է եղել Վրաստանից, հետ է ընկել հետո՝ եկեղեցու պատճառով, իսկ խորհրդային 70-ականներից դարձյալ առաջ է անցել: Հետո էլի հետ է ընկել՝ պատերազմի պատճառով, բայց 2005-09 թվերին դարձյալ առաջ է անցել:

Բագրատյանը փաստորեն Իվանիշվիլուն պաշտպանեց Փաշինյանից, իսկ Սահակաշվիլուն անհարմար դրության առաջ դրեց Ռոբերտ Քոչարյանի մոտ, միաժամանակ անհարմար ակնարկ անելով իր հավերժական «ախոյան» Տիգրան Սարգսյանին՝ ակնարկելով թերեւս, որ նրա վարչապետությունից հետո է Հայաստանը դարձյալ հետ ընկել:

Մի խոսքով, եթե Սահակաշվիլին միայն Տիգրան Մեծի, Շեւարդնաձեի եւ Իվանիշվիլու անունն էր տվել, ապա Հայաստանի նախկին վարչապետի անսպասելի միջամտությունը առաջացրեց բավական բարդ պատմա-քաղաքական մի հանգույց, տարբեր պատմական ու ներկա դերակատարների ներգրավումով՝ ՀԱԵ, Թամար թագուհի, ԽՍՀՄ 70-ականներ, ակնարկ Քոչարյանի, Տիգրան Սարգսյանի մասին:

Բագրատյանը եզրակացրել էր, որ Սահակաշվիլին անտեղյակ է:

Վրաստանի նախկին նախագահը դրան չի արձագանքել: Կամ որոշել է, որ նախկին վարչապետի արձագանքելը նախկին նախագահի համար պատվից ցածր է, կամ պարզապես խճճվել է Հրանտ Բագրատյանի պատասխանի մեջ եւ վերականգնվելու համար ներկայում անցնում է պատմական թերապիայի կուրս:

Չի բացառվում, որ դրա ազդեցության տակ էլ Վրաստանի նախկին նախագահն ամբողջ մեղքը վերցրել է իր վրա եւ հայտարարել, որ կվերադառնա Վրաստան եւ կուղղի այն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...