Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

- in Հրապարակ

Հայաստանի դատական համակարգը կարիք ունի լուրջ ձևափոխումների, քանի որ ներկայում գործող համակարգը չի կարող համապատասխանել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրում առկա իրողություններին։

Դատական համակարգի փոփոխությունների առաջարկներ առկա են դեռևս 2018 թվականի դեկտեմբերին հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների պատրաստած՝ Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ-ճանապարհային քարտեզում։

Այդ փաստաթղթում ընդարձակ անդրադարձ է կատարվում դատական համակարգին և նշվում, որ նախորդ իշխանությունների օրոք դատական համակարգի նկատմամբ ոչ իրավաչափ հսկողությունը եղել է պետության զավթման հիմնական գործիքներից և բնութագրիչներից մեկը։

Որպես դատական համակարգը բարեփոխելուն և դատարանների անկախությունը մեծացնելուն ուղղված քայլ՝ քաղհասարակությունը, ըստ այս հայեցակարգի, առաջարկում է միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ Հայաստանում ստեղծելով մեկ միասնական բարձրագույն դատական ատյան՝ Գերագույն դատարան։

Բանն այն է, որ կարիք չկա ունենալու սահմանադրական արդարադատության հարցերով բարձրագույն դատական ատյանի արհեստական առանձնացում, քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և դրա նորմերը, գործելով անմիջականորեն, հանդիսանում են քրեական, քաղաքացիական և վարչական գործերով վարույթները կարգավորող օրենսդրության անքակտելի աղբյուրը։

Ըստ քաղհասարակության ներկայացրած հայեցակարգի, առաջարկվում է ստեղծել ընդհանուր իրավասության դատարանի երկօղակ համակարգ, որտեղ 1-ին օղակը՝ տեղական դատարանը, իրականացնում է դատական վերահսկողություն, այն է՝ քննում է բնակարանի խուզարկության, կալանավորման և այլ միջնորդությունները, ինչպես նաև, ըստ էության, ոչ ծանր և միջին ծանրության, այն է՝ առավելագույնը 5 տարվա ազատազրկմամբ պատժվող հանցագործությունների վերաբերյալ գործերը։ Իսկ 2-րդ օղակը՝ առաջին ատյանի դատարանը, միայն իրականացնում է արդարադատություն (գործի ըստ էության քննություն) ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով՝ բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների, որոնք պետք է քննվեն առանձին Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանի կողմից։

Ընդ որում, կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարան ստեղծելու առաջարկը առկա է Կառավարության ընդունած Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրում (ռազմավարությունում դրանք կոչվում են «հակակոռուպցիոն դատարաններ»):

Համաձայն այս հայեցակարգի, վերանում են Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանը և դրանց գործառույթները, ըստ էության, անցնում են Գերագույն դատարանին։

Ուշագրավ է, որ դատական համակարգի այսպիսի մոդելներ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ճապոնիայում և այլն։

Ի դեպ, նման համակարգ գործում է նաև Արցախի Հանրապետությունում, որտեղ ևս չկա Սահմանադրական դատարան, փոխարենը՝ գործում է Գերագույն դատարանը՝ որպես բարձրագույն դատական մարմին։

Թեև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորում, սակայն դա ամբողջությամբ կարող է քննարկվել առաջիկայում ստեղծվելիք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից:

Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments