Սահմանադրություն ասելիս պետք է նայել ոչ թե Հրայր Թովմասյանին, այլ հեռու

- in Պնակալեզներ

2020 թվականին սպասվող նշանակալի իրողություններից մեկը Սահմանադրության փոփոխության գործընթացն է, որ ազդարարել է իշխանությունը դեռևս նախորդ տարի, հայտնելով հանրությանը, որ փետրվար-մարտին կարող է ձեավորվել դրանով զբաղվող աշխատանքային խումբն ու կսկսվեն քաղաքական ուժերի հետ աշխատանքները:

Ներկայումս այդ գործընթացը սկսել է դիտարկվել առավելապես Սահմանադրական դատարանի, դրա նախագահի և կազմի շուրջ ստեղծված գործընթացի համատեքստում, որպես հանգուցալուծման մեխանիզմ: Աստեղ իրականում հանրության համար կարող է լինել որոշակի ծուղակ: Որ ՍԴ դատարանի, դրա նախագահի շուրջ ձևավորված իրավիճակը ունի որևէ հանգուցալուծման անհրաժեշտություն, անկասկած է: Այն դարձել է այսպես ասած ներքաղաքական «վամպիրիզմի» դրսևորում, որ հանրությունից խլում է ահռելի էներգիա, նյարդ, հոգեբանություն, և որևէ կերպ հասկանալի չէ դրա խորքային իմաստն ու նպատակը:

Հասկանալի չէ անգամ այն պարագայում, որ՝ իհարկե, գործ ունենք նախկին համակարգում ձևավորված ոչ լեգիտիմ կառույցի և դատարանակազմի հետ: Բայց նույնիսկ այստեղ համոզիչ չէ այն, որ դա մեծ խնդիր է նույն այդ նախկին համակարգին հաղթահարած հեղափոխության և դրա արդյունքում ձեավորված կառավարող մեծամասնության համար՝ հեղափոխության փաստի արդյունավետ կապիտալիզացիայի տեսանկյունից:

Վերջին հաշվով, Հրայր Թովմասյանն է եղել նախկին՝ արդեն մերժված և իշխանությունից հեռացած համակարգի մասը, ոչ թե այդ համակարգն էր Հրայր Թովմասյանի մաս: Հետևաբար, Սահմանադրության բարեփոխման թեման պետք է դուրս բերել Հրայր Թովմասյանի թեմայի կախվածությունից, թույլ չտալ, որ տեղի ունենա այդ «սերտաճումը»: Ոովհետև Հայաստանի սահմանադրական ռեֆորմի հարցը պետք է դիտարկվի ոչ թե հերթական տասնամյակի՝ Հայաստանում ավանդույթ է դարձել տասնամյակը մեկ Սահմանադրության իրավիճակային փոփոխությունը, այլ տասնամյակների հեռանկարով: Իսկ դա նշանակում է, որ նոր Սահմանադրություն ասելիս պետք է նայել ոչ թե Հրայր Թովմասյանին, այլ հեռու, շատ ավելի հեռու:

Ըստ այդմ, գործընթացի հիմքում պետք է լինի քննարկումը և նույնիսկ բանավեճը հենց այդ համատեքստով, եթե կուզեք՝հենց վարչապետ Փաշինյանի սահմանած 2050 թվականի հեռավորության համատեքստով: Ինչ ենք մենք ուզում առնվազն այդ հեռավորության վրա, ինչ ենք մենք պատկերացնում, և ինչով է այդ պատկերացումների պարագայում մեզ խանգարում ներկայիս Սահմանադրությունը, ինչն է պակասում, և այլն: Հակառակ դեպքում, մենք կունենանք իրավիճակային տրամադրությունների ազդեցությամբ ձևավորված նոր փաստաթուղթ, որը կարճ ժամանակ անց կարող է դարձյալ չհամապատասխանել մեր ցանկություններին ու պատկերացումներին:

Սահմանադրության ռեֆորմի հարցում մեր գլխավոր խնդիրը, և հաջողության գրավականը կլինի այն, որ այդ աշխատանքում ներգրավված մարդիկ կարողանան տեսնել այնքան հեռու, որ այդ հեռվում չտեսնեն իրենց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments