Սա անելու բան չի, որ անում եք․ Մարուքյանը՝ իրենց նախագիծը մերժելու մասին

- in Հասարակություն
Edmon Marukyan

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության քվեարկությունների արդյունքում ԱԺ հերթական քառօրյա նստաշրջանի օրակարգում չներառվեցին ընդդիմադիրների առաջարկած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։

Օրակարգ չընդգրկվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած չորս նախագծեր՝ «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը եւ ԲՀԿ-ի ներկայացրած երկու նախագծեր՝ «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ եթե դրանցից 3-ի մասով կարող է հասկանալ մերժումը՝ հարցի շուրջ ունեցած տարբեր մոտեցումների առումով, ապա չի հասկանում, թե ինչու է մերժվում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը:

Քննարկումն այն նախագծի մասին է, որով սահմանվում էր, որ գրավը չդիտարկել որպես կալանքը փոխարինող միջոց, հակասահմանադրական է:

Մարուքյանը, դիմելով պետաիրվական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանին, որը ներկայացրել էր, թե ինչու է գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել նախագծին, ասաց․

«Պարո՛ն Գրիգորյան, ձեզ մեծ ապագա է սպասվում, որովհետեւ այն էներգետիկան, էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներ եք դնում մեր նախագծերը մերժելուց, ես ապշած եմ: Ասում եք՝ «այո՛, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք»։ Այսինքն՝ մենք ցնծա՞նք դրանից, որ բովանդակային քննարկել եք»:

Մարուքյանի համար անհասկանալի է, որ թեեւ կառավարությունը համաձայնում է, որ նախագծում փոփոխություն պիտի կատարվի, բայց փաստացի ասում է, որ իրենք այդ փոփոխությունը կբերեն․

«Կառավարությունից ասում են՝ «ճիշտ ա, պիտի փոխվի, բայց մենք ենք ուզում անենք», ասում ենք՝ ի՞նչ տարբերություն, մենք ենք բերել, այսինքն՝ վիճակագրությո՞ւն եք գողանում։ Սա ձեւ չի, էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք, դուք վատթարացնում եք ձեր վիճակը նման բաներով»:

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ ինչ հիշում է, ընդդիմությունը խոսում է, որ իշխանության վիճակը վատ է․ «Հուսով եմ, որ գոնե իմ ապագայի կանխատեսումների մասով ձեր կանխատեսումները ճիշտ կլինեն»,- հավելեց նա։

Ապա անդրադառնալով բուն խնդրին՝ Գրիգորյանը նշեց, որ Կառավարությունը ոչ թե ասել է՝ ինքը պետք է նախագիծը բերի, եւ ԼՀԿ-ն է արել, դրա համար մերժում են, այլ ասվել է, որ ԼՀԿ-ն ՍԴ որոշմանը հակասող նախագիծ է բերել․

«Կառավարությունը ՍԴ որոշումից բխող նախագիծ է ներկայցնելու եւ առաջարկելու է, որ համատեղ աշխատենք, այդ թվում՝ ձեր խմբակցության հետ, եւ երբ ասում եք՝ կտեսնեք՝ նույն բանն են բերելու, երբ բերեն, կհամեմատեք, եւ եթե նույնը չեղավ, ձեզնից բովանդակային առումով այլ ելույթ եմ ակնկալելու»,- ասաց պատգամավոր Գրիգորյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments