Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված վիճակի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովում մոտեցումները տարբե՞ր են

- in Ով ով է ...

Հունվարի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների հետ: Ինչպես դժվար չէր լինի կռահել առանց պաշտոնական հաղորդագրության էլ՝ զրույցի թեման եղել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը:

Հեռախոսազրույցի հանգամանքը հատկապես հետաքրքիր է դառնում ոչ միայն ինքնին Թովմասյան-Բուքիքիո ձևաչափի, այլ նաև դրանում Վենետիկի հանձնաժողովի այլ պաշտոնյաների ներառման: Ինչո՞ւ է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դա վկայում է, որ Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված վիճակի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովում մոտեցումները տարբե՞ր են, չկա՞ հանձնաժողովում կոնսենսուս այդ հարցում, և այդ իսկ պատճառով ՍԴ նախագահ Թովմասյանը խոսել է ոչ միայն հանձնաժողովի նախագահի, այլ նաև ուրիշ պաշտոնյաների հետ: Որովհետև եթե Վենետիկում չկա կոնսենսուս, ապա դա կարող է զգալիորեն թուլացնել Հրայր Թովմասյանի դիրքը, քանի որ ՍԴ շուրջ ստեղծված վիճակում ակնառու է, որ կառավարող մեծամասնությանը զսպող էական հանգամանքներից մեկն էլ հենց Վենետիկի կամ, այլ կերպ ասած, ԵԽ հնարավոր արձագանքի հնարավոր ռիսկերն են:

Սակայն եթե Վենետիկի հանձնաժողովը չունի առկա իրավիճակի, ՍԴ ուղղությամբ իշխանության քայլերի միարժեք կամ միատարր գնահատական, ապա դա կարող է Հայաստանի իշխանության համար լինել ավելի կոշտ քայլերի հնարավորություն, եթե, իհարկե, պաշտոնական Երևանը գործնականում տեսնում է այդ կոշտ քայլերի անհրաժեշտությունը և ավելի կարևոր ու շահեկան չի համարում պարզապես գործընթացը, ոչ թե դրա որևէ արդյունք: Քանի որ գործընթացը տալիս է մի շարք այլ ուղղություններով մեծ ու փոքր արդյունքի հասնելու լրացուցիչ գործիքակազմ կամ խաղաթուղթ, լրացուցիչ մանևրի հնարավորություն: Ի դեպ, այդ թվում նաև՝ Եվրոպայի խորհրդի, նաև գուցե եվրոպական առանձին մայրաքաղաքների կամ կառույցների հետ աշխատանքի իմաստով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...