Սեռական ոտնձգության ու կողմնակալ քվեարկության մասին հայտարարությունը ստվերել է «Գրեմի 2020»-ը

- in Մշակույթ
Erazhshtutyun

«Գրեմի 2020»-ը ստվերվել է ԱՄՆ ձայնագրման արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Դեբորա Դուգանի աղմկահարույց հայտարարության պատճառով:

Ըստ The Guardian-ի՝ Դուգանը, որը մրցանակաբաշխությունից ընդամենը 10 օր առաջ հեռացվել է պաշտոնից, դատական հայց է ներկայացրել: Նա մրցանակաբաշխության բարձրաստիճան ղեկավարներին մեղադրել է սեռական ոտնձգության ու ռասսայական խտրականության, կազմակերպության նախկին ղեկավար Նիլ Պորտնովին՝ բռնաբարության, իսկ ողջ մրցանակաբաշխությունը՝ քվեարկության արդյունքների կեղծման համար:

Դեբորա Դուգան

Դուգանի պնդմամբ՝ «Գրեմիին» նոմինացվելու համակարգը տարիներ շարունակ եղել է ոչ թափանցիկ եւ ծառայել է որոշակի նեղ շրջանակի անձնական շահերին: Ըստ նրա՝ խմբավորման մեջ մտնում է 20 հոգի: Նրանք հաշվարկում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքները եւ իրենց ցանկացած կատարողների անունները ներառում ցուցակներում: Այդ երգիչների հաղթանակներից հետո նրանք մեծ գումար են ստաում նրանց ալբոմների վաճառքից եղած եկամուտից:

«Գրեմի 2020» մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսի Staples Cente մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հունվարի 26-ին: Երեկոյի գլխավոր գործող անձը դարձել է ամերիկացի 18-ամյա երգչուհի Բիլի Այլիշը: Նա 5 ոսկե արձանիկ է ստացել՝ այդ թվում 4 գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն երիտասարդ կատարող», «Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն», «Լավագույն երգ»: Նաեւ հաղթող է ճանաչվել «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում: Նա «Գրեմիի» պատմության մեջ ընդամնեը 2-րդ արտիստն է, որը 1 երեկոյի ընթացքում հաղթել է 4 գլխավոր անվանակարգերում: Առաջինը նման հաջողության հասել է երգիչ, երգահան Քրիստոֆեր Քրոսը 1981թ.:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments