Սերժ Սարգսյանը դատարանում

- in Պնակալեզներ
eshelon ishxanutyun

ՀՔԾ-ն ավարտել է սուբսիդիոն դիզվառելիքի գործը, որով պետությանը կես միլիարդ դրամի հասնող վնաս պատճառելու առնչությամբ մեղադրանք է ներկայացված նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չբացակայելու խափանման միջոցով:

Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կկանգնի դատարանի առաջ: Այս գործը պարունակում է նախկին համակարգին առնչվող էական քաղաքական շերտեր: Սերժ Սարգսյանի շրջապատը անմիջապես «դավաճան» որակեց Սերգո Կարապետյանին, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատից էր, թեեւ գյուղնախարար էր դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանից:

Հենց այդ շրջանում էլ եղել է դիզվառելիքի պատմությունը: Հետեւաբար, ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանի հետ դատարան կարող է հրավիրվել նաեւ Տիգրան Սարգսյանը՝ վկայի կարգավիճակով:

Փետրվարի 1-ից Տիգրան Սարգսյանն այլեւս չի լինելու ԵՏՄ հանձնաժողովի նախագահ: Այսինքն, մի քանի օր անց նա այլեւս Մեդվեդեւի ասած «բարձր ղեկավարը» չէ: Կփոխի՞ Տիգրան Սարգսյանի կարգավիճակի փոփոխությունը դիզվառելիքի գործի ընթացքը:

Առանցքայինն այստեղ իհարկե նախկին համակարգի շրջանակում ուժերի հարաբերակցության փոփոխությունն է, որովհետեւ հարուցված կամ հարուցվող քրեական գործերը, բացի զուտ իրավական ընթացակարգ եւ նաեւ ֆինանսական կամ նյութական փոխհատուցում նախատեսելուց, նաեւ նախկին իշխող համակարգում ուժերի հարաբերակցության շարժեր ենթադրող գործեր են:

Այդ տեսակետից հետաքրքիր է, արդյոք ընթացքին կմիանա Տիգրան Սարգսյանը: Հետաքրքիր է հատկապես այն ֆոնին, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը սկսել են բավականին տպավորիչ կանխատեսումներ անել Հայաստանի տնտեսական հեռանկարի առնչությամբ: Համաշխարհային բանկի զեկույցն օրինակ բարելավել է իր նախկին կանխատեսումը եւ ազդարարել, որ ընթացիկ տարի Հայաստանը կփակի ռեգիոնում ամենաբարձր աճով:

Այստեղ հետաքրքիր է այն, որ երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, թեեւ սպասվում էր, որ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանն այդ պաշտոնը կտա կամ Հովիկ Աբրահամյանին, կամ Կարեն Կարապետյանին՝ Տաշիրից, ՀՀԿ-ականներից Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանի նշանակումը թելադրվել էր ԱՄՀ եւ ՀԲ հետ հարաբերության անհրաժեշտությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments