Serj Sargsyan

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանություն/սպանությունից հետո կարծիքներ են հնչում, զուգահեռներ են անցկացվում նախկինում տեղի ունեցած մի քանի սպանությունների միջև, մասնավորապես նշվում է, որ Կուտոյանը Սերժ Սարգսյանի երրորդ օգնականն էր, որը այլևս չկա:

Առաջինը՝ 2001 թվականին սպանված Գագիկ Պողոսյանն էր՝ Իմակի Գագոն, որը այն ժամանակվա վարչապետի վերահսկողական ծառայության պետն էր և խորհրդականը, երկրորդը Գևորգ Մհերյանն էր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով նախկին օգնականը, որը սպանվեց 2009 թվականին իր տան շքամուտքում։ Նրա սպանությունը ևս առ այսօր շարունակում է մնալ չբացահայտված:

Գևորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի բազմաթիվ բողոքներից հետո ամիսներ առաջ գործի քննությունը տեղափոխվեց ԱԱԾ քննչական վարչություն, սակայն դրանից հետո էլ որեւէ էական առաջընթաց չկա գործի բացահայտման մասով:

Պետրոս Մհերյանից հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է զուգահեռներ անցկացնել Գևորգ Մհերյանի ու Կուտոյանի դեպքերի իջև՝ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնները և ի պաշտոնե նրանց տիրապետած ինֆորմացիայի ծավալը.«Ճիշտն ասած ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում: Ես իմ համար ունեմ արված ենթադրություններ, եզրակացություններ, բայց չեմ կարող դրանք ասել: Քննությունը թող պարզի ու տեսնեմ՝ ընդհանուր բան կա այդ դեպքերի միջև, թե ոչ: Ինձ հարց մի տվեք, ես ոչինչ չեմ ուզում ասել»,-ասաց Մհերյանը:

Ինչ վերաբերում է Գևորգ Մհերյանի սպանության գործին, ապա նրա հայրը, ով ժամանակին լիահույս էր, որ ԱԱԾ վարույթում այս գործը կբացահայտվի, այլևս թերահավատ է գործի բացահայտման առումով.«Երբ հարցնում եմ, ասում են, որ գործ են անում, բայց թե ինչ են անում, չգիտեմ, արդյունքը չեմ տեսնում, ոչ էլ երևի կտեսնեմ»,-ասաց Մհերյանը՝ հավելելով, որ իր կարծիքով քաղաքական կամքի բացակայության հետևանքով գործը չի բացահայտվում.«Եթե կամք լինի մի ամսում կբացահայտեն: Ուրեմն կամք չկա՝ ոչ էն իշխանության մոտ կար, ոչ էլ՝ այս իշխանության:

Հակառակ դեպքում բավականին լուրջ փաստեր կան, որի պարագայում կարելի է շատ արագ գործը բացահայտել: Ուրեմն առայժմ ցանկություն չկա, իսկ թե դա ինչով է պայմանվորված, երբևէ այդ ցանկությունը կառաջանա, թե ոչ, չեմ կարող ասել»,-ասաց Մհերյանը:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով նախկին օգնական Գևորգ Մհերյանը սպանվեց 2008 թվականի մարտյան դեպքերից մեկ տարի անց՝ 2009 թվականին, իր տան մուտքի մոտ, 36 տարեկան հասակում: Կուտոյանը 38 տարեկան էր:

Պետրոս Մհերյանը մշտապես իր հարցազրույցներում որդու սպանության մեջ մեղադրել է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

Հիշեցնենք նաև, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ հաղորդագրության մեջ Ալիկ Սարգսյանի անվանը զուգահեռ նշվում է նաև նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունը: ՀՔԾ հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ Ալիկ Սարգսյանը, Գևորգ Մհերյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, ըստ էության, պարտակել են Մարտի 1-2-ի իրադարձությունները, կեղծել փաստաթղթեր։