Inqnatir

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ-ից հարվածների ակնկալիքով երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար:

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»,- նշվում է Ռոհանիի հայտարարության մեջ:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել է նա:

Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: Տեղին է նշել, որ մինչև երեկ երեկոյան պաշտոնական Թեհրանը համառորեն հերքում էր արևմտյան վարկածը՝ պնդելով ինքնաթիռի կործանման տեխնիկական պատճառը։

Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ Իրանի իշխանությունը տեղի տվեց միջազգային հանրության համոզիչ փաստարկներին։ Ի վերջո, նույնիսկ փակ ռեժիմի պայմաններոմ տևական շրջան անհնար էր կոծկել ճշմարտությունը․ այս դեպքում տուժել էին ոչ միայն Իրանի, այլ նաև՝ այլ երկրի քաղաքացիներ ու ճշմարտության բացահայտման շահառուները չափազանց շատ էին՝ ավտորիտար կառավարման մշակույթի կանոններով ավիավթարի իրական հանգամանքները կոծկելու համար։

Իհարկե, Իրանի նախագահը հիմնական պատասխանատու է համարում «ամերիկյան ագրեսոր ռեժիմի» գործողությունները, սակայն ինքնին հասկանալի է, որ այդ հանագամանքը պաշտոնական Թեհրանին չի ազատում տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Իհարկե, էսկալացիայի բարձր մակարդակը չի կարող անտեսվել ու թերևս տեղի չէր ունենա այս ողբերգությունը, եթե ԱՄՆ-Իրան հակադրությունը հասած չլիներ լարվածության պիկին։ Մյուս կողմից՝ Թեհրանում անուղղակիորեն խոստովանում են, որ երկրում առկա է օպերատիվ կառավարման որակի խնդիր, հակառակ պարագայում՝ անկարելի է պատկերացնել, որ Թեհրանի օդանավակայնից թռիչք իրականացրած քաղաքացիական ինքանթիռը սխլմամբ կարող է թիրախավորվել՝ որպես թշնամական օբյեկտ։

Սրանով հանդերձ՝ Իրանի իշխանության այսօրվա հայտարարությունը ողջունելի է ու հաստատում է այն վարկածը, որ Թեհրանը միջազգային հանրության հետ հակադրությունը խորացնելու մտադրություններ չունի ու շատ դեպքերում փորձում է հաշվի նստել վերջինիս կարծիքի, անհերքելի փաստերի հետ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •