Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սոցիալական գործող համակարգի մասին: Կառավարության ղեկավարը նշեց, որ երեկ տեղի է ունեցել սոցիալական համակարգի վերաբերյալ քննարկում և ընդգծեց, որ համակարգը մարդկանց այնքան էլ չի դրդում աշխատանքի:

«Նախնական մակարդակում կոնկրետացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք: Համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներում պետք է ներգրավվեն արդեն այլ գերատեսչություններ: Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել», – ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ առաջարկվող համակարգը բարդ է, նախնական է, դեռ պետք է քննարկվի:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ընտանիքները պետք է ուշադրության արժանանան, որտեղ սովորող երեխաներ կան, որովհետև պետք է կարևորել ընտանիքների կրթական կարիքները:

Spread the love