Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված վիճակն ու նրա աշխուժությունը

- in Պնակալեզներ

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը հերթական գրառումն է արել՝ խոսելով այն մասին, թե ամիսներ առաջ անվտանգության առնչությամբ իր բարձրաձայնած մտահոգություններն առնչվում էին նաև ՍԴ շուրջ ծավալվելիք զարգացումներին:

2020 թվականը Արթուր Վանեցյանը սկսում է բավականին աշխույժ տեղեկատվական արշավով: Կպահպանվի՞ նրա աշխուժությունը, թե՞ այն կարճատև է, իրավիճակային: Այսինքն՝ կմտնի՞ ԱԱԾ նախկին պետը քաղաքականություն՝ ինչպես քննարկվում է, թե՞ այդ հարցը դեռևս անորոշ է:

Պետք է նկատել, որ այստեղ որոշակի մրցակցայնություն է դիտարկել ՀՀԿ-ն, որի փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս հարցեր էր շարադրել Արթուր Վանեցյանին: Հարցերի բուն բովանդակությունն իհարկե ինքնին հետաքրքիր է ընտրված, ինչին անդրադառնալու առիթներ առաջիկայում թերևս կլինեն: Առայժմ դիտարկենք հարցերի շարադրման և որոշակի նախնական եզրահանգման փաստն ինքնին:

Բանն այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր, թե այդ հարցերին Վանեցյանի պատասխանից կերևա՝ նա լուրջ քաղաքական հայտ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: ՀՀԿ փոխնախագահի անդրադարձն ինքնին հուշում է, որ ԱԱԾ նախկին պետի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա գեներացիան որոշակիորեն լուրջ է դիտարկվել, այլապես հազիվ թե Արմեն Աշոտյանը փորձեր միջամտել Փաշինյան-Վանեցյան դիմակայությանն ու դներ Վանեցյանի գործողությունների կամ հայտի լրջության կամ անլրջության հարց՝ այդ դիմակայության մեջ կամա թե ակամա օժանդակելով Նիկոլ Փաշինյանին:

Ըստ այդմ՝ ՀՀԿ փոխնախագահի արձագանքը գործնականում այդ դիմակայությանը միջամտություն է երրորդ կողմից: Իսկ արդյո՞ք նաև երրորդ նախագահի գիտությամբ: Դա էական հարց է՝ գնահատելու համար, թե որքան է ՀՀԿ փոխնախագահի արձագանքի քաղաքական տողատակի խորությունը, և դրանից մղվելով էլ գնահատելով, թե ինչ խորություն կարող է պարունակել Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված վիճակն ու նրա աշխուժությունը, այդ խորությունը կարող է լինել զուտ ինտրիգայի՞ն, թե՞ որոշակիորեն նաև քաղաքական՝ ուժերի հարաբերակցության տեսանկյունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments